Հայաստան - Արցախ

Տիգրան Աբրահամեան. «Հայաստանի գործող իշխանութիւնների դիրքորոշումներով անհնար է պատկերացնել, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ դուրս կը գայ»

«ԱԼԻՔ» – Խաղաղութիւն, որեւէ կերպով այս տարածաշրջանում՝ Հարաւային Կովկասում նկատելի չէ, իրավիճակը նաեւ լարւած է մեծ ռեգիոնում, որը պայմանաւորւած է Իսրայէլ-Պաղեստին նոր պատերազմով: Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում յայտնեց ռազմական փորձագէտ Տիգրան Աբրահամեանը:

Տիգրան Աբրահամեանի խօսքով, Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող ազդանշանները ցոյց են տալիս, այդ երկրների համար խաղաղութիւնը միայն կը լինի մէկ դէպքում, երբ որ նրանց ամբողջական օրակարգը, որը իջեցւում է Հայաստանի իշխանութիւններին, իրականութիւն կը դառնայ, որը նոյնիսկ չի երաշխաւորում խաղաղութիւն:

«Այնպէս, որ այս պահին խաղաղութեան մասին պատկերացումները տարբեր են, մի կողմից՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի, միւս կողմից՝ Հայաստանի համար»,- նշեց նա:

Տիգրան Աբրահամեանի համոզմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ անընդհատ խօսւում է, որ մինչեւ տարեվերջ խաղաղութեան պայմանագիր է կնքւելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սակայն, ակնյայտ է, որ այն կարող է լինել մէկ դէպքում, այսինքն Հայաստանը տայ Ադրբեջանին այն, ինչը Ադրբեջանը ցանկանում է տարածքային իմաստով, եւ աչք փակի այն տարածքների նկատմամբ, որտեղ Ադրբեջանը վերահսկողութիւն է ապահովել վերջին տարիներին Հայաստանի դէմ իրականացւած ագրեսիայի ժամանակ:

Ըստ Աբրահամեանի՝ նոյնիսկ այդ փաստաթուղթը, որը ստացել է «խաղաղութեան» պայմանագիր անւանումը շատ յարաբերական կարելի է խաղաղութիւն համարել: Այն Ադրբեջանի համար միգուցէ խաղաղութիւն է, բայց Հայասանի համար նոր կորուստներ:

Անդրադառնալով Արցախի հարցն օրակարգում պահելուն Տիգրան Աբրահամեանը նշեց, որ շատ կարեւոր է գիտակցել, որ Հայաստանի իշխանութիւնները այդ հարցի նկատմամբ ինչ դիրքորոշումներ ունեն, եւ այդ հարցերի հետ կապւած, ինչ միջազգային ջանքեր են գործադրում:

Պատասխանելով հարցմանը, թէ ինչպէ՞ս է պատկերացնում Արցախի նախագահի դիտարկումը, որ յաջորդ քայլը պէտք է լինի այն, որ սկսենք, զբաղւել Արցախից տեղահանւած մեր քաղաքացիների յետ վերադարձով, Աբրահամեանը յիշեցրեց, որ Հայաստանի իշխանութիւնները Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, եւ, բնականաբար, նման իրավիճակում, առանց Հայաստանի գործուն մասնակցութեան եւ աջակցութեան դժւար է պատկերացնել արցախցիների այնպիսի կարգավիճակով վերադարձը իրենց հայրենի բնօրրան, որը կարող է նրանց անվտանգութիւնն ապահովել, այս տեսանկիւնից հարկաւոր է ձեւակերպել հարցը, նախ հասկանալու համար, թէ ինչ է ուզում Արցախի իշխանութիւնը եւ ինչ են ցանկանում ռեգիոնալ պետութիւնները, բայց այստեղ ամենակարեւոր նշանակութիւնը ունի Հայաստանի գործող իշխանութիւնը, որովհետեւ Հայաստանի գործող իշխանութիւնների որդեգրած դիրքորոշումների դէպքում անհնար է պատկերացնել, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ դուրս կը գայ:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

Related Articles

Back to top button