ԻրանՄիջազգայինՔաղաքական

Փեզեշքիան. «ԻՐԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԾՆԿԻ ԳԱՅ ԱԳՐԵՍՈՐԻ ԱՌՋԵՒ»

«ԱԼԻՔ» – Իրանը երբեք ծնկի չի գայ ագրեսորի առջեւ: Այս մասին, ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում իր ելոյթի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Իր ելոյթի ընթացքում, նախագահ Փեզեշքիանն անդրադարձել է տարբեր թեմաների, այդ թւում՝ Իրանի դէմ Իսրայէլի եւ ԱՄՆ-ի ագրեսիային: Ընդգծելով, որ Իրանը երբեք չի ծնկի գայ ագրեսորի առջեւ, Հանրապետութեան նախագահն ասել է. «Իրանի դէմ ագրեսիան հարւած է Մերձաւոր Արեւելքի կայունութեանը։ Անվտանգութիւնն ապահովւում է ոչ թէ ուժով, այլ փոխադարձ յարգանքով. երկրները պէտք է լսեն միմեանց։ Իսրայէլի եւ ԱՄՆ-ի հարւածները իրանական օբիեկտներին տեղի են ունեցել դիւանագիտական բանակցութիւնների ընթացքում՝ խաթարելով տարածաշրջանում կայունութիւն ստեղծելու ջանքերը։ Իրանը տարիներ շարունակ զարգացրել է իր ներուժը ոչ թէ ցեղասպանութեան կամ երեխաների սովամահութեան միջոցով, այլ բոլոր ազգերի հետ համագործակցելով»:

Խօսելով Իրանի միջուկային ծրագրի մասին, Փեզեշքիանը կրկին յայտարարել է, որ Իրանը երբեք չի ձգտել եւ երբեք չի ձգտի միջուկային զէնք ստանալ. «Ես այս ամբիոնից կրկնում եմ. Իրանը չի ձգտել եւ չի ձգտի ստեղծել միջուկային ռումբ»,- ասել է նա:

Նախագահը քննադատել է եւրոպական եռեակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի գործողութիւնները՝ վերականգնելու Իրանի դէմ միջուկային պատժամիջոցները՝ դրանք անւանելով անօրինական:

Փեզեշքիանը յայտարարել է, որ Իրանը յանձանռու է տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղութեան եւ կայունութեան, եւ հաւատացած է, որ ժողովրդների համատեղ ապագան պէտք է հիմնւած լինի համագործակցութեան, վստահութեան եւ համատեղ զարգացման վրայ։ Այդ շրջանակում, նա նշել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան գործընթացին:

«Իրանը յանձնառու է խաղաղութեանն ու կայունութեանը եւ կարծում է, որ տարածաշրջանի եւ աշխարհի ապագան պէտք է հիմնւած լինի համագործակցութեան, վստահութեան եւ համատեղ զարգացման վրայ։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան գործընթացին եւ յոյս ունենք, որ դրա արդիւնքները կը լինեն երկարատեւ եւ կամրապնդեն հարեւան երկրների միջեւ յարաբերութիւնները:

Իրանը նաեւ միջոցներ է ձեռնարկել Ուկրաինայում հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը նպաստելու համար։ Մենք յոյս ունենք, որ դա կը յանգեցնի արդար համաձայնագրի»,- ասել է նախագահը:

«Յենւելով իր վաղեմի մարդասիրական աւանդոյթների վրայ, Իրանը կայուն գործընկեր եւ վստահելի ուղեկից է բոլոր խաղաղասէր երկրների համար: Բարեկամութիւն եւ գործընկերութիւն, որը հիմնւած չէ անցողիկ շահերի, այլ՝ արժանապատւութեան, վստահութեան եւ համատեղ ապագայի վրայ: Մենք՝ Իրանի հպարտ ժողովուրդը, դիմակայելով անօրէններին՝ յաղթահարել եւ յաղթահարելու ենք անարդարութիւնները, խտրականութիւնները եւ կրկնակի չափանիշերը, եւ այսօր, հնարաւորութիւնների վրայ հիմնւած ​​​​հեռանկարով, մենք իրանական ժողովրդի այս պատմական նւաճումը վերածել ենք յոյս ներշնչող ապագայի համար նախատեսւած հարթակի:

Եկէք միասին սպառնալիքները վերածենք հնարաւորութիւնների»,- իր ելոյթը եզրափակել է Հանրապետութեան նախագահը:

Related Articles

Back to top button