Հայաստան - ԱրցախՄշակութային

Ադրբեջանը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթեան մշակոյթի կարեւոր յուշարձաններից մէկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը

«ԱԼԻՔ» – «Հայկական մշակութային լանդշաֆտ» կազմակերպութեան կողմից արբանեակային լուսանկարների դիտարկումը պարզել է, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթեան մշակոյթի կարեւոր յուշարձաններից մէկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը (նկ. 1): Ինչպէս նշում է հնագէտ Լեւոն Մկրտչեանը՝ այս յուշարձանը բացառիկ էր, թէ իր չափերով եւ թէ կառուցւածքով: Տեղեկացնում է «Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական յարթակը:

Այս յուշարձանների տարածքը 2020 թւականի 44-օրեայ պատերազմի եւ 2021 թւականի՝ Հայաստանի սահմանների վրայ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով օկուպացւել է Ադրբեջանի կողմից: Այս յուշարձանը, լինելով սահմանային ռազմավարական կէտում, քանդւել է ռազմական օբիեկտի կառուցման հետեւանքով:

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմը սահմանին ամրաշինական, ռազմական աշխատանքներ կատարելով, ոչնչացնում է տեղի հնագիտական յուշարձանները, փոփոխում լանդշաֆտը, որն այդ հնագիտական յուշարձանների ուսումնասիրութեան, դրանք հասկանալու համար ունի առաջնային նշանակութիւն:

Յիշեցման կարգով. Հաագայի 1954 թւականի «Զինւած բախումների դէպքում մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» կոնւենցիայի 4-րդ յօդւածն արգելում է վանդալիզմի, գողութեան, կողոպուտի կամ իւրացման ցանկացած գործողութիւն եւ բացարձակ արգելք դնում մշակութային արժէքների դէմ ուղղւած հաշւեյարդարի գործողութիւնների վրայ։

Ըստ Հաագայի 1999 թւականի երկրորդ արձանագրութեան, որը գործում է նաեւ ոչ միջազգային (էթնիկ) բախումների դէպքում, արգելւում է ժառանգութեան հանդէպ թշնամանքի եւ հաշւեյարդարի ցանկացած գործողութիւն, իսկ այդպիսի արարքը ըստ 15-րդ յօդւածի որակւում է որպէս միջազգային յանցագործութիւն։ Ըստ Ժնեւի  1949 թւականի օգոստոսի 12-ի կոնւենցիայի առաջին արձանագրութեան 53-րդ յօդւածի «Չխախտելով Հաագայի 1954 թւականի մայիսի 14-ին ընդունւած կոնւենցիայի դրոյթները, արգելւում է մշակութային ժառանգութեան դէմ իրականացնել ցանկացած թշնամական գործողութիւն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք կամ հաշւեյարդարի առարկայ դարձնել»:

Related Articles

Back to top button