Թեհրան

Նորամուտ ուսանողների գնահատման երեկոյ

Հ. Մ. «Սիփան» միութեան Ուսանողական բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ փետրւարի 29-ին տեղի ունեցաւ աւանդոյթ դարձած նորամուտ ուսանողների գնահատման երեկոն, որին մասնակցել էին Իրանի Իսլամական խորհրդարանի 9-րդ եւ 10-րդ շրջանների պատգամաւոր՝ դոկտ․ Կարէն Խանլարեանը, ներկայացուցիչներ Թ.Հ.Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդներից, ուսանողական ֆոնդից ու հրաւիրեալ այլ անձինք։

Միջոցառումը բացւած յայտարարւեց միութեանս վարչութեան խօսքի ընթերցմամբ վարչութեանս անդամ Քարմէն Չարմահալեանի միջոցով, որի մէջ մասնաւորապէս նշւել էր. «Ուսման եւ կրթութեան շնորհիւ՝ մարդ անհատը նւաճել է գիտական բարձունքներ։ Գիտական այդ նւաճումները իրենց անհերքելի հետքերն են թողել հասարակութիւնների եւ ժողովուրդների կեանքում եւ պատմութեան հեւքում ստեղծել արժէքների հսկայ ձեռքբերումներ՝ զարգացման յատուկ մակարդակների հասցնելով ազգերին։ Հայ ժողովրդի պատմութեան մէջ նաեւ բազում են այդպիսի գիտական աստիճաններ նւաճած հայորդիներ, որոնք պարծանքի արժանի են։ …Միութիւնները մեծ եւ կարեւոր դեր ունեն Սփիւռքի մեր համայքներում։ Այնտեղ են կոփւում եւ ազգային դաստիրակութիւն ստանում մեր մանուկները, պատանիներն ու երիտասարդները, որոնք պիտի ապագայում ղեկավարեն մեր համայնքի տարբեր ոլորտները։ Նշելի է, որ տարիներ ի վեր Հ. Մ. «Սիփան» միութիւնը իր յարկի տակ գնահատում է թեհրանահայ նորամուտ ուսանողներին, քաջալերելով նաեւ հայ աշակերտին հետեւելու իրենց աւագների օրինակին։ Սիրելի ուսանողներ, շնորհաւորում ենք բոլորիդ Ձեր կեանքի կարեւորագոյն փուլերից մէկը, որը գուցէ ամենահետաքրքիր եւ ամենաուրախալին էր, բայց մտնում էք մի նոր կեանք, որտեղ փորձւելու էք, չվախենալ ոչ մի բանից։ Եղէք ուրախ, հպարտ եւ սիրով…»։

Ապա միութեան Ուսանողական բաժանմունքի նախագահ Արիգա Սաֆարեանը փոխանցեց բաժանմունքի պատգամը ներկաներին։ Արթուր Յովսէփեանը ներկայացրեց հետաքրքիր դասախօսութիւն, որի բովանդակութիւնը վերաբերեւում էր կրթութեան եւ իմացութեան կապին եւ ընդգծեց, որ իմացութիւնը աւելի կարեւոր է, որի արդիւնքում անձը կը կարողանայ ծառայել իր համայքին։

Ապա ցուցադրւեց տեսաժապաւէն բաժանմունքիս մէկ տարւայ աշխատանքներից։

Միջոցառմանը իր բարեմաղթանքները ուղղեց դոկտ. Կարէն Խանլարեանը եւ նշեց Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ նաստաշրջանի ընտրութիւններին մասնակցութեան կարեւորութիւնը եւ յաջողութիւն մաղթեց ներկայ ուսանողներին, իրենց ուսման եւ կեանքի տարբեր ասպարէզներում։

Ձեռնարկի ընթացքում եղան գեղարւեստական կատարումներ։

Հանդիսութեանը ներկայ նորամուտ ուսանողներին երեկոյի աւարտին գնահատագրեր յանձնւեցին, իսկ վերջում ուսանողների համար տեղի ունեցաւ ուրախ խրախճանք։

Հ. Մ. «ՍԻՓԱՆ» ՄԻՈՒԹԻՒՆ

Related Articles

Back to top button