Հայաստան - Արցախ

Հայկ Դեմոյեան. «Ունենք գոյութենաբանական խնդիր՝ Ադրբեջանն իր քայլերը կը շարունակի այնքան, քանի դեռ հայ ազգն իր համար խնդիր չի ձեւակերպել»

Օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը խօսելով Հայաստանի արտաքին քաղաքականութեան մասին, ասաց, որ այս պահին Հայաստանն իրականացնում է դիւերսիֆիկացիոն քաղաքականութիւն։

Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն՝ Արեւմուտքում, այլեւ՝ Ասիայում, Հնդկաստանում եւ տարբեր ուղղութիւններով՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ անվտանգութեան առումով։

Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, նա նաեւ տարածաշրջանացման քաղաքականութիւն է վարում, լաւ յարաբերութիւններ ունի Արեւմուտքի հետ, փորձում է լաւ յարաբերութիւններ կառուցի բոլորի հետ, յարաբերութիւններ կառուցի Թուրքիայի, Ադրբեջանի հետ, եւ սա է մեր օրակարգը։ Ամէն ինչ յստակ է»,- ասել էր ԱԽ քարտուղարը։

Այս ամենին զուգահեռ՝ ՀՀ իշխանութիւնները դժգոհում են, որ Ադրբեջանի հետ վերջին շրջանում բանակցութիւնների ընթացքում որեւէ էական առաջընթաց չեն գրանցել։ Աւելին՝ փոխվարչապետի գրասենեակն օրերս լրատւամիջոցներից մէկի հարցին ի պատասխան՝ ասել էր, որ Ադրբեջանը մտադրութիւն չունի զօրքերը դուրս բերել ՀՀ օկուպացւած տարածքներից։

Այս պայմաններում Հայաստանն ինչպէ՞ս է պատրաստւում յարաբերութիւններ հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

168.am-ի հետ զրոյցում Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր Հայկ Դեմոյեանն ասել է, որ իրավիճակը ոչ թէ բարդ է, այլ շատ բարդ է։

«Այս ամէնը գալիս է մէկ կէտից, երբ Հայաստանը չունի համարժէք ներուժ զուտ դաշնակիցներ ունենալու առումով։ Ներուժը կարող է տարբեր լինել՝ բուն Հայաստանի տնտեսական, ռազմական, դիւանագիտական ներուժը, իհարկէ, անհամեմատելի է Թուրքիայի ու Ադրբեջանի ունեցած ներուժի հետ։

Ինչ վերաբերում է հայկական Սփիւռքի ներուժին, ապա այն օրւայ իշխանութիւնների ձեռամբ ոչնչացւեց, եղած ռեսուրսները փոշիացւեցին՝ հասկացանք, որ այն մեծ հեքիաթ է։ Նախորդ տարի տեսանք, թէ ինչպիսի համաժողով տեղի ունեցաւ, ՀՀ իշխանութիւնը որեւէ խնդիր չդրեց, թէ հայկական Սփիւռքն ինչպիսի տնտեսական, քաղաքական ու քարոզչական քայլեր պէտք է իրականացնի։ Փաստացի այդ ամէնը դրեց մի մարդու գրասենեակի ձեւաչափի մէջ, որը չգիտենք, թէ ինչով է զբաղւում։ Հիմա էլ յայտարարել է, թէ սեպտեմբերին ազգափրկիչ մեծ համաժողով է անելու»,- շեշտել է Հայկ Դեմոյեանը։

Դեմոյեանի բնորոշմամբ, այսօր Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են մաքսիմալը ստանալ Հայաստանից, իսկ Հայաստանն էլ փորձում է նոր դաշնակիցներ փնտրել ու հրաժարւել հին դաշնակիցներից։

«Երբ մենք ասում ենք ՀԱՊԿ՝ հասկանում ենք Ռուսաստան, որովհետեւ այն ՌԴ-ի շուրջ ստեղծւած անվտանգային կառոյց է։ Հիմա Ռուսաստանն ունի անվտանգային խնդիրներ, պատերազմ է սկսել Ուկրաինայում, դաժան պատերազմ է, եւ Ռուսաստանը հետապնդում է իր շահերը։ Ստացւում է այնպէս, որ Հայաստանը ենթարկւում է սպառման՝ այդ շահերը սպասարկելու համար Հարաւային Կովկասում։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ շահերը սպառւում են՝ յանուն Թուրքիայի հետ յարաբերութիւնները պահելուն, դա է ռուսական տրամաբանութիւնը։ Ռուսաստանն այսօր Հայաստանին սպառում է, չգիտեմ, գուցէ ասել է՝ «տղէրք, դիմացէք, յետոյ լաւ կը լինի», իսկ Հայաստանում չեն համբերել»,- յաւելել է Հայկ Դեմոյեանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ հայկական կողմի յայտարարութիւնները հասցէական չեն՝ սկսած խաղաղութեան պայմանագիր կոչւածից, որից խօսում է միայն հայկական կողմը։

«Առհասարակ խաղաղութիւնից մշտապէս խօսում է պարտւող կողմը, իսկ անընդհատ խաղաղութիւնից խօսելը թուլութեան դրսեւորման նշան է, ինչից մշտապէս օգտւում է Ադրբեջանը եւ կը շարունակւի օգտւել այնքան, քանի դեռ հայ ազգն իր համար խնդիր չի ձեւակերպել։

Հիմա մի բան կասեմ, թող ասեն՝ անլուրջ է, բայց այս ամէնն ունի մէկ լուծում, որին մենք պէտք է գնանք՝ առանց ներկայիս իշխանութիւնների իհարկէ։ Սա գոյութենաբանական խնդիր է, այս խնդիրը պէտք է դրւի աշխարհազօրի, բանակի եւ առհասարակ ՀՀ իւրաքանչիւր քաղաքացու ուսերին։ Կրկնում եմ՝ մենք այսօր ունենք գոյութենաբանական խնդիր՝ ադրբեջանական պետութիւնը չէզոքացնելու։ Թող ինձ չասեն՝ ինչպէ՞ս, խնդիրը պէտք է դրւի ու դրա համար օգտագործւի պետութեան բոլոր ռեսուրսները։ Ադրբեջանում դիկտատուրա է, այնտեղ կան շատ դժգոհ մարդիկ, սրա վրայ պէտք է աշխատել, անել այնպէս, որ Ադրբեջանի ներսում մշտապէս ցնցումներ լինեն։ Եթէ մենք չկարողանանք որեւէ բան անել, ապա մշտապէս դառնալու ենք զոհ, մշտապէս»,- եզրափակել է Հայկ Դեմոյեանը։

Related Articles

Back to top button