ԹեհրանՀամայնք

Լիդա Նահապետեանի յիշատակին

Մահւան 40-օրեակի առթիւ

Այսօր, խորը տխրութեամբ եւ ափսոսանքով ենք յիշում՝ Լիդա Նահապետեան-Զարիֆեանին եւ նրա անժամանակ կորուստը։

Մենք բոլորս կորցրեցինք՝ լաւ բարեկամ, լաւ ընկերոջ, ազնիւ մի մարդու:

Մեծ սիրով ու յարգանքով ենք արժեւորում նրա ապրած կեանքը, նրա նշանակութիւնն ու ջերմ ու հոգատար ներկայութիւնը՝ մեր կեանքում։

Լիդան ամուր ու հաստատուն կին էր. իր սկզբունքներում՝ անսասան:

Զուսպ էր, ինքնատիրապետող։

Մեծահոգի էր եւ՝ հիւրընկալ։

Ընտանիքին նւիրւած կին էր, նւիրւած մայր։ Հպարտ էր իր երկու զաւակներով, հարսերով։

Իսկ սիրասուն երկու թոռնիկները նրա կեանքի բերկրանքն էին։

Լիդան ունէր իր ուրոյն ներաշխարհն ու ներքին անկախութիւնը։ Սիրում էր արւեստը, բնութիւնը, կենդանիներին. դրանք իր համար ոգեշնչման աղբիւր էին եւ՝ ինչ որ վայրի գեղեցկութեան արտայայտութիւն։ Դա խօսում է մարդու անարատ եւ ինքնուրոյն բնութեան մասին, ներքին ազատութեան եւ անսանձելիութեան մասին, եւ հակադրւում՝ արհեստական ու կեղծ միջավայրին։

Այդպիսին էր Լիդան։

Ծնւել է Թեհրանում, 1957 թւականի մայիսի 28-ին, ազգային ոգով տոգորւած հայ ընտանիքում։

Նախնական կրթութիւնն ստացել է Թեհրանի հայոց «Ն. Գիւլբենկեան», իսկ միջնակարգը՝ պարսկական «Ռեզա-Շահ» աղջկանց դպրոցում, աւարտելով՝ Գրականութեան ճիւղը։

Հետաքրքրւած էր գրականութեամբ ընդհանրապէս, եւ հայկականի կողքին, պարսկական հարուստ գրականութիւնը, արւեստն ո պատմութիւնը, իրենց յատուկ տեղն ունէին Լիդայի կեանքում։

Զբաղւում էր կաւագործութեամբ, նկարչութեամբ ու վիթրաժով. դեռ պատանի տարիքից ստեղծագործում էր։ Ապակու վրայ, գոյներով ու գունաւոր ապակու կտորներով՝ գեղեցիկ համադրութիւններ էր կերպաւորում՝ հայկական ու արեւելեան թեմաներով, որոնք զարդարում էին իր հօրենական տան պատերը։ Իսկ աւելի ուշ, 2004 թւականին, մասնագիտական պարապմունքներ անցկացնելով Երեւանում, կատարելագործւեց վիթրաժի ասպարէզում։

Որպէս մասնագիտական աշխատանք, Լիդան իր արհեստանոցում, ստեղծել է բազմաթիւ փոքր ու մեծ գեղարւեստական գործեր, այդ թւում՝ Թեհրանի «Արտակ Մանուկեան» թանգարանի գլխաւոր մուտքի ապակեպատ դռան երկու կողմերի զարդապատկերները, եւ ներսում՝ կենաց ծառը ներկայացնող գեղեցիկ զարդանկարը՝ 2008 թւականին։ Ինչպէս նաեւ՝ «Արարատ» մարզաւանի Սուրբ Խաչ մատուռի պատուհանների վիթրաժների պատրաստումը՝ 2009 թւականին, որոնց միջով ներթափանցող գունաւոր լոյսը մատուռի մթնոլորտը դարձրել է աւելի խորհրդաւոր։

Երեխաների հանդէպ սէրը, Լիդային մղել էր, վաղ երիտասարդ տարիքում, աւելի քան 11 տարի աշխատելու՝ Թեհրանի «Քուշեշ» մանկապարտէզում, որպէս սիրւած ու յարգւած ուսուցչուհի։

Նա խրախուսում էր երեխաների ինքնուրոյնութիւնը, եւ աշխատում՝ ամէն մէկի ստեղծագործական եւ դրական որակների ձեւաւորման ու զարգացման համար։ Նրա բովից անցած եւ նրան աշակերտած մանկապարտէզի շատ ո շատ երեխաներ, չափահաս տարիքում եւս, ջերմօրէն ո պատւով են յիշում ու խօսում նրա մասին։

Այդ ժամանակ էր, որ Լիդան ծանօթանում է իր ապագայ ամուսնու՝ Հրաչ Զարիֆեանի հետ, եւ ամուսնանում՝ 1983 թւական փետրւարի 10-ին, Թեհրանում։

Նրանց երկու որդիները՝ Ռազմիկն ու Րաֆֆին հասակ են նետում ընտանեկան հոգատար ու ջերմ մթնոլորտում, եւ շատ բան սովորում՝ սիրոյ, յարգանքի, բարեխղճութեան, պատասխանատւութեան, ազնւութեան, եւ մի խօսքով՝ կեանքի հիմնական սկզբունքների մասին։ Նրանք արդէն ընտանիք են կազմել եւ տարիներ է, որ բնակւում են Հայաստանում։

Լիդայի կեանքում, երկու դէպք, խորը հետք թողեցին եւ, կարելի է ասել, ճակատագրական ազդեցութիւն ունեցան նրա վրայ։

Առաջինը, երբ նա 18-19 տարեկան էր, դժբախտ պատահարի հետեւանքով կորցրեց իր կրտսեր եղբօրը՝ Նարբիկին. (տան ներքնայարկում, ջրաջեռուցման սարքը պայթել եւ հրդեհի զոհ էր դարձել պատանի եղբայրը, ով այդ ժամին մենակ ու անօգնական էր տանը): Աղէտալի դէպքի հետ երբեք չհաշտւեցին իր ծնողները՝ Արկադի եւ Սեդա Նահապետեանները, եւ մեծ քոյրը՝ Ռիման: Իսկ Լիդան, մինչեւ կեանքի վերջ, չամոքւած վիշտը լռութեամբ տարաւ իր սրտի խորքում։

Երկրորդը, երկու տարի առաջ էր, երբ 2024 թւականի փետրւարի 9-ին, մահացաւ ամուսինը՝ Հրաչ Զարիֆեանը, չորս ամիս չարաբաստիկ քաղցքեղի դէմ պայքարելուց յետոյ։

Նրանք, երկու տարի չկար, որ Թեհրանից տեղափոխւել էին Հայաստան, եւ դեռ չէին հասցրել իրենց մնայուն տան շինարարութիւնն աւարտելու…

Հրաչի անժամանակ մահը մեծ հարւած էր ընտանիքի, անմիջական հարազատների ու շրջապատի համար։ Իսկ Լիդայի համար առաւել խորն էին՝ ցաւը, ցնցումը, յուզական ծանր ապրումները, ապագայի անորոշութիւնները…

Լիդան իր ուժեղ նկարագրով, փորձեց յաղթահարել զգացմունքային եւ կենցաղային դժւարութիւնները, լիովին վայելելով իր որդիների ու հարսերի՝ Լինդայի ու Մարինէի ուշադրութիւնն ու հոգածութիւնը։ Երկու թոռնիկները՝ Հայկն ու Արեգը, նրա կեանքի լոյսն էին, ուժ ու եռանդ եւ անսահման սիրոյ զգացմունք էին պարգեւում նրան։

Բայց եւ այնպէս, դեռ ժամանակ էր պէտք յարմարւելու։

Իսկ կեանքը նրան ժամանակ չտւեց։

Մի օր էլ քնեց ու չարթնացաւ. մարտի 25-ի վաղ առաւօտեան, լոյսը չբացւած։

Ուղեղի կաթւածը վերջակէտ դրեց Լիդայի կեանքին, իր յետեւում թողնելով մի խո՜ր դատարկութիւն…

Թաղումը կատարւեց մարտի 28-ին, Երեւանի Սիլիկեան գերեզմանատանը՝ Մալաթիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստւածածին եկեղեցում արարողութիւնից յետոյ։

Մենք կը յիշենք Լիդային իր սիրած վառ գոյներով։ Նա յաւերժ կը մնայ մեր սրտերում ու մտքերում։

Հանգչի՜ր խաղաղութեամբ սիրելի Լիդա։

ԱՐՄԵՆՈՒՇ ԱՌԱՔԵԼԵԱՆ

Երեւան

Related Articles

Back to top button