Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հրանտ Բագրատեան. «Եթէ Նիկոլը մնայ, Ադրբեջանը մեզ կարճ ժամանակում կուլ կը տայ՝ Երեւանով հանդերձ»

«ԱԼԻՔ» – «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր ՀՀ նախկին վարչապետ, «Ազատութիւն» կուսակցութեան նախագահ Հրանտ Բագրատեանին։

Ուշագրաւ հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

-Ցաւոտ զիջումների մասին խօսքը նախեւառաջ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին է։ Այսինքն՝ հայերին ասում են՝ էլի հող տւէք, մենք ձեզ խաղաղութիւն կը տանք։

-Ի՞նչ է նշանակում՝ նշաձող իջեցնել։ Իրենք ասում են՝ Հայաստան պիտի լինի, բայց միջանցքը պիտի տանք։ Յիշենք՝ ինչ եղաւ Արցախի հարցում նշաձողն իջեցնելուց յետոյ։ Արցախը չկա՛, յանձնեցին։

-Միջին միջանցք կոչւածը թոյլ է տալու Ադրբեջանը կապել Թուրքիայի հետ, ստեղծել թուրանական աշխարհ։ Մեզ ասում են՝ դարձէք թուրանական աշխարհի մի մասը ու որդեգրէք դրա պետական համակարգերի կանոնները։ Դա պանթուրքիստական ծրագիրն է:

-Իրանի նոր նախագահն ադրբեջանցի չէ՛, Իրանի նոր նախագահն իրանցի է։ Դա Արեւմուտքի խօսոյթն է, իսկ Հայաստանում ոմանք, դա չհասկանալով՝ կրկնում են դա։ Մեր ժողովրդի ուղեղը լւանում են։ Մենք դրանով վիրաւորում ենք Իրանին՝ ասելով, որ իրենց նախագահն ադրբեջանցի է, ինչն այդպէս չէ։

-Երբ սկսւեց ռուս-ուկրաինական պատերազմը, թուրքական աշխարհի շատ պետութիւններ զրկւեցին Ռուսաստանի միջոցով Եւրոպա ապրանքներ արտահանելուց։ Փորձեցին որոնել նոր ճանապարհներ։ Եւ ուրեմն այդ միջանցքը նախատեսւած չէ չոր ապրանքներ տեղափոխելու համար։ Կայ մի հատ միջանցք Վրաստանում։ Այդտեղով անցնում է նաւթամուղ եւ գազամուղ։ Այդ երկաթգիծը ծանրաբեռնւած է 20%-ով։ Բեռ չկայ, որ բեռնեն։ Սրանք մոգոնեցին Միջին միջանցք տերմինը, որը չինացիների յօրինածը չէ։ Այն մեծ հաւանութիւն ստացաւ եւրոպացիների ու ամերիկացիների կողմից։ Բայց նկատենք, որ Վրաստանով ու Ադրբեջանով անցնող ճանապարհները Միջանցք չեն, ճանապարհ են։ Սա հոգեբանական ճնշում է Հայաստանի վրայ։ Ես վստահ եմ՝ Միջին միջանցք տերմինը յօրինւել ու խրախուսւել է Հայաստանի իշխանութիւնների կողմից։ Ոչ մի Միջին միջանցք էլ չկայ։ Այս տերմինաբանութիւնը կոչւած է միմիայն ռուսներին այստեղից հանելու համար։ Միջին միջանցքը պանթուրքիզմն է՝ կտրել Հայաստանին Ռուսաստանից ու ուղղել Իրանի դէմ։

-Ադրբեջանը չի կարող Չինաստանի հետ ռազմավարական գործընկեր լինել։ Ադրբեջանը թուրքական պետութիւն է, իսկ չինացիներն ունեն ոյղուրների պրոբլեմը։ Բայց Հայաստանի իշխանութիւնների դաւաճանական, դեբիլ քաղաքականութեան շնորհիւ Չինաստանն այդ կերպ է լուծում իր 20 միլիոն տոննա բեռը տեղափոխելու հարցը։

Յիշեցնենք, որ Չինաստանի հիւսիս-արեւմուտքում դեռեւս 1759 թ.-ից հիմնականում բնակւում էին թուրքալեզուներ (ոյղուրներ, ղազախներ, կիրգիզներ) եւ մոնղոլներ: Վերջին 100 տարիների ընթացքում ոյղուրներն (ոյղուր՝ չինարէն նշանակում է հպատակ) առնւազն երեսուն անգամ ապստամբել են Չինաստանի դէմ: Տեղի անջատողական ուժերը յատկապէս մեծ աջակցութիւն են ստանում Թուրքիայից: Ոյղուրների իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւում է «Համաշխարհային ոյղուրական կոնգրես» կազմակերպութիւնը, որը ձեւաւորւել է 1992-ին՝ Ստամբուլում։ Չինաստանաբնակ թուրքերի պաշտպանութեամբ հանդէս են գալիս նաեւ ԱՄՆ-ը, Իսրայէլը, Ղազախստանը, Ադրբեջանը, Կիրգիզստանը, Ուզբեկստանը եւ Պակիստանը։ Չինաստանը 2019 թ. ԱՄՆ-ին բողոք էր յայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ոյղուրների վերաբերեալ օրինագծի ընդունման պատճառով, որը կապւած էր Սինցզեան-Ոյղուրական ինքնավար շրջանում մարդու իրաւունքների պաշտպանութեան հետ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ էր ընդունել Չինաստանում ոյղուրներին աջակցելու մասին, որոնց իրաւունքները, ամերիկեան իշխանութիւնների կարծիքով, խախտւում են: Փաստաթղթով պատժամիջոցներ էին նախատեսւում այն չինացի պաշտօնեաների դէմ, որոնք, ԱՄՆ իշխանութիւնների կարծիքով, Սինցզեան-Ոյղուրական ինքնավար շրջանում խախտում են մարդու իրաւունքները: Թուրք-չինական յարաբերութիւններում եւս ոյղուրական հարցն ունի առաջնային եւ վճռորոշ նշանակութիւն։

-«Զանգեզուրի միջանցք»-ի գործարկումից Հայաստանը ոչինչ չի շահելու։ Հայաստանը յայտնւելու է մեկուսացման մէջ։ Սիւնիքի բնակիչների մի մասը կպայքարի, միւս մասն արագօրէն կը ստանայ Ադրբեջանի քաղաքացիութիւն, Ադրբեջանն էլ կը բերի 160,000 իբր փախստական կը վերաբնակեցնի, ու մենք կը կորցնենք Սիւնիքը։

Յիշեցնենք, որ Ադրբեջանի, այսպէս կոչւած, «Արեւմտեան Ադրբեջանի համայնքը» 2023 թ. նամակ էր ուղղել Եւրոխորհրդի նախագահ Շառլ Միշէլին՝ խնդրելով աջակցել Հայաստան ադրբեջանցիների անվտանգ վերադարձին։ Բաքուն պետական մակարդակով աւելի վաղ էր շրջանառութեան մէջ դրել «Արեւմտեան Ադրբեջան» եւ «Արեւմտեան Զանգեզուր» կեղծ թէզերը՝ պահանջելով, որպէսզի Հայաստանի մարզերում եւ Երեւանում ապահովեն աւելի քան 300,000 ադրբեջանցիների վերադարձը եւ վերաբնակեցումը:

-Ժամանակին, ես՝ որպէս վարչապետ, գնացել էի Թուրքիայի վարչապետ Եըլմազի հետ հանդիպելու ու Լեւոն Տէր-Պետրոսեանից նամակ էի տարել Թուրքիայի նախագահ Դեմիրելին, ով անմիջապէս կարդաց ու ասաց՝ պէտք է լուծել Մարգարայով սահմանի բացման հարցը։ Թուրքիայի վարչապետ Եըլմազը ձեռնամուխ եղաւ սահմանը բացելու գործին, սակայն ադրբեջանցիները վայնասուն բարձրացրին, ու հարցը փակւեց, իսկ Եըլմազին գործից հանեցին։ Մեսուդ Եըլմազը երբեք չէր թաքցնում, որ ինքը մօր կողմից հայ է: Հիմա հայ-թուրքական սահման բացել-փակելու հարց չկայ։ Թուրքիան հայ-թուրքական սահմանը փակեց 1993 թ. ապրիլի 4-ին: Թուրքերը փակել են, իրենք էլ թող բացեն։

-Եթէ բացւի հայ-թուրքական սահմանը, մեր գիւղատնտեսութիւնը մեծ հարւած կը ստանայ, մեծ պլիւսներ չի տայ սահմանի բացումը նաեւ հայ-թուրքական առեւտրի համար։ Իհարկէ, սահմանի բացումը կը փոխի մեր բեռների լոգիստիկան դէպի Եւրոպա։ Դա առաւելութիւն է։ Թուրքերը Հայաստանը Բաթում չեն դարձնելու, որովհետեւ Բաթումը նւաճել են տնտեսապէս, իսկ Հայաստանում արդէն, Նիկոլի շնորհիւ, դրա կարիքը չկայ։

-Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կորիդոր՝ միջանցք բառն օգտագործւած չէ, այնտեղ գրւած չէ, որ Հայաստանն իր ինքնիշխանութիւնը պիտի զիջի: Ճիշտն այն է, որ Նիկոլը սկզբից դա պաշտպանում էր, բայց բոլորն ասում էին՝ ղալաթ ես արել, չգրէիր:

-Հիմա Նիկոլ Փաշինեանն էլ չի ասում, որ Հայաստանի տարածքը 29.743 քկմ. է, չի ասում, որ միջանցք չկայ։ Աւելին, նա արեց մի յիմար բան, ասաց՝ եկէք, բոլոր ճանապարհներով գնացէք, Ալիեւն էլ ասաց՝ 6 հատ միջանցք պիտի տաս։

-Ալէն Սիմոնեանի աչքերի մէջ որ նայում եմ՝ ասֆալտ եմ տեսնում։ Ո՞ր մի վարչապետը կամ ԱԺ նախագահն է ասֆալտի բիզնեսով զբաղւել մինչեւ սրանք։

-Շատերն են խօսում այն մասին, որ Երեւանում այսօր կառուցապատւող շէնքերի շինթոյլտւութիւնները տալիս են պայմանով, որ այդ շէնքերի երկու յարկերն իշխանութիւններին պէտք է տան:

-Հայաստանը Սահմանադրութիւն փոխելու կարիք չունի։ Խաղաղութեան պայմանագիր կնքելով՝ Հայաստանը հաստատում է, որ տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ, բայց Ադրբեջանը չի ասում, որ չունի։ Հետեւաբար՝ Ադրբեջանը պիտի փոխի իր Սահմանադրութիւնը։ Եթէ Նիկոլ Փաշինեանը մնայ, Ադրբեջանը մեզ կարճ ժամանակում կուլ կը տայ՝ Երեւանով հանդերձ։

-2023 թ․ սեպտեմբերին, չնայած Փաշինեանը ռուսներին գցել էր, Ռուսաստանը հակւած չէր ռազմական ճանապարհով յօգուտ Ադրբեջանի Արցախի հարցը լուծելուն։ Եթէ Փաշինեանը յայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, ռուսական կողմն արդէն հիմք չի ունենում իր խաղաղապահ ուժերն Արցախում պահելու համար։

-Ես չգիտեմ՝ ՌԴ ԱԳ նախարարի պաշտօնաթող աւագ խորհրդական Ալեքսանդր Անանիեւը ճի՞շտ է ասում, թէ՞ չէ, բայց Արցախում ադրբեջանական ագրեսիային տեսականօրէն դէմ պէտք է լինէր միայն Ռուսաստանը, որովհետեւ Ամերիկային ու Եւրոպային պէտք էր, որ ռուսներն իրենց զօրքերը հանեն այդտեղից, հետեւաբար՝ նրանք չէին կարող դէմ լինել:

-Արմէն Գրիգորեանը ստում է, Ռուսաստանը չի հրահրել 44-օրեայ պատերազմը, Նիկոլ Փաշինեանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

-Եթէ մենք ուզում ենք ապրել Հայաստանում, երեխայ մեծացնել այստեղ, ուրեմն Անվտանգութեան խորհրդի նախագահ (ԱԽՔ) Արմէն Գրիգորեանը ցմահ պիտի բանտարկւի այնպիսի բանտախցում, որտեղ 40 աստիճան շոգ է։ Նա այլեւս երբեք արտայայտւելու հնարաւորութիւն չպիտի ունենայ։ Բոլոր դաւաճանները պիտի յայտնւեն ճաղերի հետեւում։

-Կրօնի ազատութիւն ունենալով՝ չի նշանակում քարոզել պետութեան կործանում։ Բոլոր աղանդաւորական կազմակերպութիւնները պիտի գործեն «Կրօնի մասին» օրէնքի շրջանակներում։

-Վրաստանի՝ Ինոագենտների՝ «Օտարերկրեայ գործակալների մասին» օրէնքի հետեւում ժողովուրդն է կանգնած, եւ եթէ ժողովուրդը մինչեւ վերջ պինդ կանգնի, կը յաղթի։ Արեւմուտքը, բնականաբար, ուղջ ուժով պիտի դիմադրի, որ Վրաստանը նոյնպէս դառնայ թուրանական աշխարհի մաս։

-Հայ Առաքելական Եկեղեցին օգնում է մեզ միասնական լինել։ Եթէ մի հսկայական կտոր՝ աղանդաւորական կազմակերպութիւնների տեսքով, պոկում ես եկեղեցուց, նշանակում է՝ ուզում ես կործանել պետութիւնը։

-Փաշինեանի իշխանութեան օրօք տնտեսութեան ստւերային հատւածը կտրուկ մեծացել է։ Կիսամեակի բիւջէն հարիւր միլիարդով թերակատարւել է։ Ստւերային տնտեսութիւնը 2024 թ․առաջին կիսամեակում 12%-ով աւելին է, քան եղել է 2017 թ․։ Սա նշանակում է՝ երկիրը թալանում են։ Կերել էք, արա, թալանել էք: Կոռուպցիայի օրինակները բազմաթիւ են։ Դրա համար էլ հիմա Հայաստանի պետական պարտքն աճում է։ Նախորդ իշխանութիւնների ժամանակ երբեք չի եղել այսպիսի բան, ինչ այսօր է կատարւում։

-Բերեմ կոռուպցիայի կոնկրետ օրինակներ: Ինչո՞ւ Երեւանը գնեց 250000 եւրոյի աւտոբուսներ, MAN աւտոբուսներ, որոնք մեզ պէտք չէին, ահաւոր ձեւի դանդաղեցնում են երթեւեկութիւնը, եւ քաղաքում խցանումների պատճառներից մէկը հէնց այդ աւտոբուսներն էին, երբ կար 70-80000 դոլարանոց, 5-րդ սերնդի, իրենց արդարացնող, գազով աշխատող, էկո, չինական աւտոբուսները՝ 12 մետրանոց: Էդ փողով մենք 4 անգամ աւելի շատ չինական աւտոբուս կառնէինք: Ինչո՞ւ է յանկարծ էդ մրցոյթը յաղթում վրացական ընկերութիւն, որը տալիս է MAN-ին: Միանգամից վարի է տւել 15 միլիոն եւրօ:

-Էդ ինչ մի լաւ վիճակի է երկիրը, որ գնացել Բեռլինում նստել, ֆուտբոլ էք նայում։ Ինչի մեր ժամանակ ֆուտբոլ չկա՞ր։ Կամ էդ ֆուտբոլային խաղի տոմսը 3000-10000 եւրօ է, ինչո՞վ ես առել էդ տոմսը։ Կամ, հերոսութի՞ւն ես արել, որ սովորական ինքնաթիռով ես ընտանիքով թռել քո արձակուրդի ժամանակ, նկարում-տարածում ես։ Ցոյց տուր՝ ինչ միջոցներից ես վճարել էդ ամէն ինչի համար: Գրպանից ե՞ս տւել էդ փողը: Հանի, քարտիդ վրայ ծախսը ցոյց տուր, ասա՝ քարտով ծախսը արել եմ: Ինքը սիրում է, չէ՞, հօ կանխիկ չէ՞ր տալու էդ փողը: Բանկային էդ բաները հանիր, որովհետեւ դու հասարակական գործիչ ես: Մանաւանդ դու մի վարչապետ ես, որը եկել է՝ կոռուպցիայի դէմ պայքարի մասին յայտարարելով:

-Հարց եմ տալիս Կենտրոնական բանկին՝ կարո՞ղ եմ դոլարով կամ եւրոյով աւանդ դնել… Այո: Բա աւանդից շահոյթը ինչի՞ դոլարով կամ եւրոյով չես տալիս։

-Թանկացումների դէմ կարելի է պայքարել միայն դրամի արժեւորմամբ։

-Այն, ինչ արեց առողջապահութեան նախարար Աւանէսեանը, ուղեղի մէջ հնարաւոր չէ տեղաւորել։ Սովորական ասպիրինը Հայաստանում 4 անգամ աւելի թանկ արժէ, քան այլ երկրներում։ Բժշկական ապահովագրութիւն է անում հիմա էլ։ Բժշկական ապահովագրութիւնն Աւանէսեան Անահիտի խելքի բանը չէ։ ՔՊ-ի արած ապահովագրութեան արդիւնքում, խօսքս յիշէք, սովորական բժշկի գնալու համար 6 ամիս առաջ պիտի հերթագրւենք։ Գնաճը չեն զսպում, որովհետեւ իրենք մեր բարեկամը չեն, մեր թշնամին են։

-ԱՄՆ նախագահի ընտրութիւններում Թրամփի յաղթելու դէպքում, իհարկէ, Ուկրաինայում պատերազմը կաւարտւի, բայց թիրախում կը յայտնւի Չինաստանը: Թրամփի յաղթելը մեզ համար միայն վատ արդիւնքներ կունենայ, որովհետեւ Հանրապետականները մի քանի անգամ աւելի լաւ կը լինեն Ադրբեջանի հետ, քան հիմա Բայդէնն է։

Related Articles

Back to top button