ՄիջազգայինՔաղաքական

Newsweek. «Միջազգային հանրութիւնը շարունակում է արդարացնել Ալիեւի յանցագործութիւնները»

«ԱԼԻՔ» – «Անցեալ սեպտեմբերին ադրբեջանական ուժերը յարձակւեցին Լեռնային Ղարաբաղի վրայ եւ մի քանի օրում բոլոր 120 հազար էթնիկ հայերը լքեցին իրենց նախնիների հայրենիքը, որոնց մեծ մասը ​​Հայաստանում դարձաւ փախստական»: Գրում է Newsweek հեղինակաւոր պարբերականը։

«Freedom House-ի զեկոյցում ողբերգութիւնը նկարագրւում է որպէս էթնիկ զտումների ծրագրւած գործողութիւն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բռնապետական ​​ռեժիմի կազմակերպած այս ողբերգութիւնը ոչ միայն տարածաշրջանային խնդիր է, այլ՝ համապարփակ գործողութիւններ պահանջող մարդու իրաւունքների լուրջ ոտնահարում:

Ալիեւը, որն Ադրբեջանը ղեկավարում է 2003 թւականից, համակարգւած կերպով քանդել է ժողովրդավարական ինստիտուտները եւ համախմբել իշխանութիւնը երկրի ներսում՝  ստեղծելով մի ռեժիմ, որը բնութագրւում է կոռուպցիայով, հալածանքներով եւ մարդու իրաւունքների ոտնահարմամբ: Ադրբեջանում իշխանութիւնից ամուր կառչած Ալիեւի ռեժիմը ամրապնդւում է ընտրակեղծիքների, այլախոհութեան ճնշման եւ լրատւամիջոցների նկատմամբ վերահսկողութեան միջոցով: Անկախ ձայները լռեցւում են, քաղաքական հակառակորդները՝ բանտարկւում, իսկ քաղաքացիական հասարակութիւնը ճնշման ենթարկւում՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ իշխանութիւնը պահպանւում է վախի եւ ահաբեկման միջոցով:

Ալիեւը բռնապետութեան եւս մէկ այլ դասական հնարք կիրառեց՝ շեղել բնակչութեան ուշադրութիւնը յօրինւած ճգնաժամով արտաքին մտացածին թշնամիների դէմ: Այդ կերպ, ռեժիմը, յատկապէս 2020 թւականից սկսած, անընդհատ սաստկացնում է հայերի դէմ իր հռետորաբանութիւնն ու ագրեսիւ գործողութիւնները։

Զեկոյցը, որը հրապարակւել է անցեալ ամիս, հիմնւած է արբանեակային պատկերների, հանրութեանը հասանելի տեղեկատւութեան եւ իրադարձութիւններից փրկւածների հետ հարցազրոյցների վրայ: «Խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանց հարկադիր հեռացումը միտումնաւոր է եղել։ Նշւած տւեալները վկայում են, որ գոյութիւն ունի համակարգւած, երկարաժամկէտ ծրագիր, որն ուղղւած է Լեռնային Ղարաբաղը հայ բնակչութիւնից ազատելուն»,-ասւած է զեկոյցում.

«Այս քաղաքականութիւնը ձեռք է բերւել այնպիսի գործողութիւնների միջոցով, որոնք մարդու իրաւունքների, միջազգային մարդասիրական իրաւունքի եւ միջազգային Քրէական իրաւունքի կոպիտ ոտնահարումներ են»:

Զեկոյցում նկարագրւում է այն չարաշահումներն ու սպանութիւնները, որոնցով ուղեկցւել եւ խթանւել է փախուստը, եւ նշում է, որ այդ ժամանակից ի վեր «Բաքուն շարունակել է ջնջել Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքների, մշակոյթի եւ ժառանգութեան ապացոյցները: Փաստահաւաք առաքելութեան ձեռք բերած արբանեակային պատկերները, ինչպէս նաեւ երկրորդական աղբիւրներից ստացւած տւեալները վկայում են հայկական գերեզմանոցների, եկեղեցիների եւ բնակելի թաղամասերի աւերւածութեան մասին»։

Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը 2022 թւականի դեկտեմբերին՝ պատճառ դառնալով այնտեղ կենսապայմանների կտրուկ վատթարացման։ 2023 թւականի փետրւարին Հաագայի Արդարադատութեան միջազգային դատարանը Ադրբեջանին պարտաւորեցրել էր դադարեցնել շրջափակումը։ Ադրբեջանը կոպտօրէն անտեսեց այս որոշումը։ ՄՔԴ-ի՝ իրաւական որոշման կիրարկման միակ մեխանիզմը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդն է, սակայն այդ մարմինը ոչինչ չի ձեռնարկել։

Բացի մակերեսային յայտարարութիւններից, համաշխարհային հանրութիւնը ոչինչ չի ձեռնակել։ Դրանից սիրտ առած Ադրբեջանը յարձակւեց՝ համարձակօրէն հաւատալով, որ աշխարհը կրկին անտեսելու է: Ինչն էլ հէնց տեղի ունեցաւ։

Սրանով չբաւարարւելով՝ Ադրբեջանն այժմ սպառնում է Հայաստանի ինքնիշխան տարածքին։ Եթէ ​​դա ընդունւի լռութեամբ, բռնապետութիւնն, ամենայն հաւանականութեամբ, կը յարձակւի: Ադրբեջանը ցանկանում է դէպի Թուրքիա ցամաքային միջանցք բացել Հայաստանի  տարածքով։

Միջազգային հանրութիւնը հնարաւորութիւն ունի քաւելու իր մեղքը, եթէ պատասխանատւութեան ենթարկի Ադրբեջանին։ Միջազգային հանրութիւնը չի կարող իրեն թոյլ տալ աչք փակել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրայ։

Բացի յանցագործների դէմ իրաւական գործողութիւններից, անյապաղ քայլերից մէկը, որը կարելի է ձեռնարկել, դիւանագիտական ​​պատժամիջոցների կիրառումն է։ Սա ներառում է Ալիեւի վարչակարգի առանցքային դէմքերի ակտիւների սառեցում եւ ճանապարհորդութիւնների արգելքների սահմանում: Սա ուժեղ ազդանշան կը յղի, որ միջազգային հանրութիւնը դատապարտում է Ադրբեջանի կառավարութեան գործողութիւնները եւ մարդու իրաւունքների ոտնահարումներն այլեւս չի հանդուրժի։

Առաջին քայլը նկատւում է երկկուսակցական HR 8141 օրինագծում՝ 2024 թւականի «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման ակտը», որն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարդու իրաւունքների ոտնահարման, ներառեալ՝ էթնիկ զտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ:

Ադրբեջանի տնտեսութեան համար կենսական նշանակութիւն ունեցող արդիւնաբերութեան, օրինակ՝ նաւթի եւ գազի ոլորտը, նպատակաուղղւած պատժամիջոցները նոյնպէս կարող են ռեժիմի վրայ էական ճնշում գործադրել: Բացի դրանից, երկիրը տնտեսապէս էլ աւելի մեկուսացնելու համար միջազգային բիզնեսին պէտք է խրախուսել Ադրբեջանից դուրս բերել ակտիւները:

Աշխարհը պէտք է միաժամանակ մարդասիրական, ներառեալ ֆինանսական, բնակարանային, բժշկական օգնութիւն եւ վերաբնակեցման աջակցութիւն ցուցաբերի տեղահանւած էթնիկ հայերին:

Սակայն, ցաւօք, միջազգային հանրութիւնը շարունակում է արդարացնել Ալիեւի հանցագործութիւնները։ Ադրբեջանն ընտրւել է կլիմայի ամենամեայ գլոբալ COP29 գագաթաժողովը հիւրընկալելու համար։ Ամօ՛թ»,- գրւած է Newsweek-ի հրապարակած յօդւածում:

Related Articles

Back to top button