Չինաստանը ներկայացրել է իր 6-րդ սերնդի նորագոյն ռեակտիւ կործանիչ «White Emperor» ինքնաթիռը
«ԱԼԻՔ» – Չինական աւիացիոն արդիւնաբերութեան կորպորացիան (AVIC) Չժուհայում Չինաստանի 15-րդ միջազգային աւիացիոն-տիեզերական ցուցահանդէսում ներկայացրել է նոր ռեակտիւ ինքնաթիռը, որը Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 6-րդ սերնդի կործանիչն է, յայտնում է Interesting Engineering-ը:
Այս ռեակտիւ ինքնաթիռը, որը յայտնի է Baidi կամ White Emperor (թարգմանաբար՝ «Սպիտակ կայսր»-ԽՄԲ.) անունով, AVIC պետական օդատիեզերական եւ պաշտպանական ընկերութեան «ինտեգրւած օդատիեզերական կործանիչ» ստեղծելու նախագծի մի մասն է:
Ըստ Voice of China-ի՝ դիզայնի հայեցակարգը նախատեսում է գերձայնային թռիչքի հնարաւորութիւն եւ տիեզերական թռիչքների համար Երկրի մթնոլորտի յաղթահարում:
Չինաստանը զարգացնում է այս կործանիչը Nancnymen նախագծի շրջանակում, իբրեւ ապագայի տեխնոլոգիային ուղղւած գիտական եւ կրթական նախաձեռնութիւն:
«Սպիտակ կայսր»-ի հիմնական նպատակն, ըստ երեւոյթին, առաքելութիւնների իրականացման ճկուն հնարաւորութիւններն են, որոնք զգալիօրէն ընդլայնւում են ֆիւզելիաժի էական փոփոխութիւնների եւ ներքին հրթիռային հատւածախցերի բարձրացման հաշւին:
Այս փոփոխութիւնները օդանաւերին հնարաւորութիւն են ընձեռում ծանր օդային զէնք տեղափոխել, բարելաւելով դրա քիչ նշմարելիութիւնն ու մարտական բնութագրերը: Աւիոնիկաների (ինքնաթիռի վրայ տեղադրւած մի շարք էլեկտրոնային թռիչքային նաւիգացիոն համակարգերի) ուլտրաժամանակակից համակարգի հետ մէկտեղ նախագծելիս ուշադրութիւն են դարձնում օդաչուի եւ մեքենայի փոխազդեցութեանը, ինչը պարզեցնում է տեխնիկական սպասարկումը եւ ռեակտիւ ինքնաթիռն օդում գերակշռութեան հասնելու եւ ինտենսիւ մարտավարական առաջադրանքներ կատարելու պիտանի միջոց է դարձնում:
Առաջին հայեացքից White Emperor մոդելը գրաւում է իր աւանգարդով, գրեթէ գիտաֆանտաստիկ արտաքին տեսքով, համարձակ անհարթ ձեւերով եւ ընդգծւած անտեսանելի տեսքով: Դրա սահուն աերոդինամիկ ձեւը վկայում է ուժեղ նւիրւածութիւնը սթելս տեխնոլոգիաների նկատմամբ, ուղղւած նրան, որպէսզի ինքնաթիռը թշնամու ռադարի համակարգերի համար գործնականում անտեսանելի դառնայ: