Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադրութեան 134-ամեակի նշանաւորման մեկնարկային ձեռնարկը, այս տարի եւս կայանալու է թեհրանահայ աւանդապահ հայորդիների համար վաղուց ի վեր ոգեղէն ժամադրավայր հանդիսացող՝ հին գերեզմանատան (Դուլաբ) Պանթէոնում։
Այդտեղ ամփոփւած՝ առյաւէտ ու խաղաղ ննջեցեալների շիրիմ-յուշաքարերն, անխտիր բոլոր ժամանակների այցելուների համար, ունեցել եւ ունենալու են յետայսու եւս՝ Գաղափարական ուխտի վերանորոգման մեծարժէք եւ անջինջ խորհուրդ։
Ահաւասիկ, այս պանթէոնում են համախմբւած 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարի օրրան, հինաւուրց Ատրպատականում ազգային, քաղաքական եւ մասնաւորապէս յեղափոխական գործունէութիւն ծաւալած ու «Դէպի երկիր» գնացած անձնազոհների եւ նրանց անմիջական, թէ’ յաջորդող սերունդների անզուգական փաղանգը։
Ահա նրանք, ովքեր Անդրանիկ զօրավարի շնչի ներքոյ՝ Դիլմանի փառայեղ կռւում Ատրպատականի հայկական գիւղեր ներխուժած օսմանցի ասկեարին են դիմակայել, կամ՝ Կոստի Համբարձումեանների ու Քեռիների հրամանատարութեան ներքոյ՝ դէպի Խոյ ու Սալմաստ ապաստանող արեւմտահայ գաղթականութեան են պաշտպանել-պատսպարել։
Եւ յիրաւի, այդ կարգի նւիրեալների ներկայացուցչական մի փունջ է յուշարձանւած յիշեալ պանթէոնում։
Հապա՝ նոյնինքն Եփրեմի-Պարսկաստանի Գարիբալդիի- զինակիցներից մի քանիսի շիրիմներն են նորից ու նորից խնկարկւում՝ «Պատմական յիշողութիւն»-ը գիտակցող-արժեւորող հայորդիների կողմից։
Եւ իրաւամբ՝ Նոյն պանթէոնում խնկարկւող շիրիմների ոգեղինացած պատգամը, միախառնւելով Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցուն կից՝ Եփրեմի շիրմի խորախորհուրդ պատգամին, կրկին ոգեղէն իմաստով՝ սլանալու է դէպի Դաւրէժեան (Թաւրիզի) հանգստարանի Ս. Շողակաթ եկեղեցուն կից՝ հայ գաղթականութեան փրկիչ՝ Ատրպատականի քաջակորով առաջնորդ Տ. Ներսէս արք. Մելիք Թանգեանի, ինչպէսեւ՝ նոյն քաղաքի «Թամարեան» վարժարանի շրջափակում կառուցւած Սահմանադրական շարժման ընթացքում զոհւած հայ յեղափոխականների դամբարաններ…։
Յարգելի ընթերցող, որպէս համահայկական մի կազմակերպութիւն, ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցը եւս այս տարի, նշանաւորում է իր հիմնադրութեան 134-րդ ամեակը։
Ո՞վ գիտէ, միգուցէ մեր գաղափարակից շրջաններում եւս ՀՅԴ վետերանների շիրիմների կամ նոյնանման պանթէոնների այցելութիւններ կազմակերպւեն, այդ կարգի բոլոր նւիրեալների յիշատակն ու գործը անմահացնելու համար։
Եւ այսպէս՝ գաղափարական վերանորոգ ուխտի կենսագործման յանձնառութեամբ հարկաւոր է վերստին այցելել ու խնկարկել պանթէոն-շիրիմները՝ բոլոր ժամանակների մեր անմահների, սկսեալ ՀՅԴ Հիմնադիր երրորդութիւնից, որոնց շիրիմներն այսօր իսկ ոգեղէն կրկնակի պարտաւորութեան գիտակցման են հրաւիրում մեզ՝ հետնորդներիս, մինչեւ վերջին ժամանակների բոլոր նահատակ-նւիրեալներ, որոնք որպէս համախումբ մի պանթէոն, բայց ըստ ամենայնի կանգուն ու կենդանի՝ մեզ են սպասում Հայրենի Եռաբլուրներում…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու