ԳաղափարականԴաշնակցական Բեմ

Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք չունենք

ՀՅԴ Հայ Դատի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի խօսքը Եռաբլուրում.

1990 թւականի օգոստոսի 8-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հանդէս եկաւ յայտարարութեամբ, եւ բացայայտեց իր կազմակերպական ներկայութիւնը Խորհրդային Հայաստանում։ Իր 12-րդ Ընդհանուր ժողովում, 1933 թւականին, Դաշնակցութիւնը որոշել էր լուծարել Խորհրդային Միութիւնում իր կազմակերպութիւնը, որը շարունակել էր գործել 1921 թւականից յետոյ եւս։

1988 թւականի օգոստոս ամսին գումարւած ՀՅԴ 24-րդ Ընդհանուր ժողովը «Դէպի Երկիր»-ը ճշտել էր գլխաւոր ուղեգիծ, Ղարաբաղեան շարժման եւ ընդհանրապէս Խորհրդային Միութիւնում տեղի ունեցող զարգացումների լոյսի ներքոյ։ Վերընձիւղման քայլերը սկսել էին մի քանի ամիս անց եւ աւելի մեծ թափ հաւաքել 1989 թւականին։ 1990 թւականի օգոստոսի 8-ի յայտարարութիւնը ՀՅԴ Բիւրօն կատարեց խորհրդակցելով Խորհրդային Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում արդէն գործող կազմակեպական մարմինների հետ։

Ինչպէս Միքայէլ Վարանդեանն էր գրել մէկ դար առաջ Դաշնակցութեան հիմնադրութեան մասին, 1990 թւականին եւս, կային դաշնակցականներ երբ տակաւին չկար դաշնակցական կառոյց։ Խօսքը այնպիսի գաղափարի զինւորների մասին է, ովքեր ունէին յեղափոխական նկարագիր, գիտակցւած հայրենասիրութիւն եւ պատրաստակամութիւն՝ իրենց առաւելագոյնը տալու այդ ճանապարհին։ ՀՅԴ կազմակերպական վերընձիւղումը հայ ժողովրդի այդ զաւակներին տւեց հնարաւորութիւն իրագործելու իրենց այդ նպատակները։

1990 թւականի օգոստոսի 8-ի յայտարարութիւնից ընդամէնը ամիսներ անց, Դաշնակցութեան կազմած ջոկատները արդէն Արցախում գործում էին։ Յաջորդող 3-4 տարիներին, այդ ջոկատները առանցքային դեր ունեցան Արցախի ազատագրման մարտերում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի ձեւաւորման գործում։ Այդ ջոկատներում երդւեալ դաշնակցականները մեծամասնութիւն էին, բայց կային նաեւ ոչ-երդւեալներ։ Միասնաբար, այդ բազմահարիւր նւիրեալները իրենց ներշնչումը ստացել էին ոչ միայն Դաշնակցութեան առաջին 30-ամեակի մարտական նւիրեալներից, այլ նաեւ իրենց ժամանակներին մօտ՝ նորօրեայ ազատամարտիկներից։

Արցախեան ազատամարտի առաջին տարիներին, այդ առաջամարտիկներից հարիւրաւորներ զոհւեցին։ Նրանց այդ զոհողութիւնը ներշնչեց իրենց յաջորդող սերունդներին, ովքեր մասնակցեցին, նաեւ զոհւեցին հետագայ, յատկապէս 2016 թւականների եւ 2020-ականների կռիւներում, արդէն այլ կազմակերպական դրւածքով, հաշւի առնելով հայոց բանակի առկայութիւնը։

Այդ հարիւրաւոր նահատակները, սակայն, միայնակ չէին կռւում. նրանց հետ, կողք-կողքի, հայրենի հող ազատագրած, հայրենիքը պաշտպանած շատեր կան, որոնք ճակատագրի բերումով չզոհւեցին. վստահ եմ, նրանցից ոմանք նաեւ այսօր, այստեղ մեր հետ են, իրենց համեստ պահւածքով։

Այսօր, մեր հայրենիքը, հետեւաբար նաեւ մեր ժողովուրդը գտնւում ենք շատ ծանր իրավիճակում։ Ժամանակաւորապէս կորցրել ենք մեր հայրենիքի մէկ մեծ բաժինը՝ Արցախը. մեր հայրենի պետութեան՝ Հայաստանի Հանրապետութեան հարիւրաւոր քառակուսի կիլոմետր տարածքներ գրաււած են թշնամի պետութեան կողմից, իսկ այլ ռազմավարական տարածքներ գտնւում են թշնամու ուղղակի սպառնալիքի տակ։ Եւ այս իրավիճակի պատճառներից եւ սպառնալիքներից մէկը կեղծ գաղափարախօսութեամբ քաղաքական այն խմբակն է, որ արդէն 8 տարի է, որ իշխում է մեր երկրում։

Թէեւ ծանր է վիճակը, մեծ են ներքին եւ արտաքին սպառնալիքները, բայց մենք վհատւելու իրաւունք չունենք։ Եթէ մենք ցանկանում ենք ունենալ հայկական պետականութիւն, հայկական անկա՛խ պետութիւն, պայքարը շարունակելուց բացի այլընտրանք չունենք։ Պայքարի միջոցները կարող են լինել տարբեր, պատշաճեցւած տւեալ պահի պայմաններին եւ հնարաւորութիւններին։ Բայց պայքարի նպատակը նոյնն է, չի կարող փոխւել, այն է ստեղծել այնպիսի ազգային պետութիւն, որ կարող է բարօր կեանք ապահովել իր բնակչութեանը, կարող է տիրութիւն անել մեր ժողովրդին՝ համայն հայ ժողովրդին, կարող է պաշտպանել մեր հաւաքական իրաւունքները։

Պայքարի միջոցները կարող են փոխւել, բայց այդ պայքարին նւիրւածութիւնը պէտք է լինի ճիշտ այնպէս, ինչպէս կռւի դաշտերում եղել է մեր նահատակների եւ առհասարակ մարտիկների նւիրւածութիւնը՝ ամբողջական։ Այդ նւիրեալների օրինակը, զոհւածների եւ ողջ մնացածների օրինակը, պէտք է առաջնորդի մեզ մեր պայքարում։

Ինչպէս Քրիստափոր Միքայէլեանն է ասել. «Յարատեւ կռիւ -յաճախ եւ երկար ժամանակ գուցէ անյաջող՝ չնայած երբեմն նոյնիսկ իր լայն ծաւալին,- ահա թէ ուր է մեր փրկութեան բանալին: Պահպանե՛նք շարունակե՛նք կռիւը, որպէսզի լայնանայ, ընդարձակւի, եւ ընդարձակւելով՝ յարատեւի-ահա դէպի մեր նպատակը տանող միակ ճանապարհը»:

Այսօր, այս վեհ բայց ճնշող ուխտավայրում, մեր բոլոր նահատակների առաջ վերանորոգենք մեր պայքարի, յարատեւ եւ անմնացորդ նւիրումով պայքարի ուխտը։

08.08.2026 թ.

Related Articles

Back to top button