Հայաստան - ԱրցախՔաղաքական

Երբ իշխանութիւնը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին

Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարանի առաջ կանգնեցնելը Հայաստանի ներքաղաքական կեանքի հերթական դրւագը չէ։ Սա այն դէպքերից է, երբ պետութեան գործողութիւններն արդէն դուրս են գալիս ընթացիկ քաղաքական պայքարի շրջանակից եւ առնչւում ազգային ինքնութեան հիմնասիւներին…

Առաւել եւս, երբ դատարանի քննութեան առարկայ է դարձել մի հարց, որը, ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, վերաբերում է բացառապէս նրա ներքին կանոնական կեանքին։ Եթէ պետութիւնն իրեն իրաւունք է վերապահում միջամտելու Եկեղեցու ներքին ինքնակառավարմանը, ապա խօսքն այլեւս մէկ անձի կամ մէկ դատական գործի մասին չէ։ Դատարանի առաջ կանգնած էին ոչ միայն Վեհափառ Հայրապետն, այլեւ Գերագոյն Հոգեւոր Խորհրդի վեց եպիսկոպոս։ Այդ տեսարանը պարզապէս դատական գործընթաց չէր։ Դա պետական իշխանութեան ցուցադրական առճակատումն էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ…

Այդ կադրերը մնալու են… Դրանք տեսել է ամբողջ աշխարհը։ Եւ այդ կադրերում աշխարհը տեսաւ մի պետութիւն, որի անամօթ իշխանութիւնը քաղաքական պայքարը տեղափոխել է իր ազգային Եկեղեցու դաշտ… Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սովորական կրօնական կազմակերպութիւն չէ, Եկեղեցին այն ազգային հաստատութիւնն է, որը գրեթէ 17 դար ուղեկցել է հայ ժողովրդին պետականութեան կորստի, ցեղասպանութեան, բռնագաղթի եւ հայրենազրկման բոլոր փուլերում։ Եթէ այսօր թիրախաւորւում է այդ ինստիտուտը, ապա շատերի համար թիրախաւորւում է նաեւ այն պատմական յիշողութիւնը, որի վրայ յենւած է հայ ժողովրդի ինքնութիւնը…

Իշխանութիւնները գալիս ու գնում են…

Այդպէս եղել է միշտ, բայց պատմութիւնը երբեք չի արդարացնում այն իշխանութիւններին, որոնք իրենց քաղաքական պայքարը տեղափոխում են ազգային սրբութիւնների դաշտ…

Հնարաւոր է տարիներ անց ոչ ոք չյիշի այս գործի մասին, դատաւորի անունը կամ դատարանի որոշումը, բայց շատերը կը յիշեն մէկ բան՝ այն օրը, երբ Հայաստանի իշխանութիւնը դատարանի առաջ կանգնեցրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Գերագոյն Հոգեւոր խորհրդի վեց եպիսկոպոսների։

Պատմութեան մէջ նման օրերն ունենում են մէկ անուն՝ ազգային խայտառակութիւն…                                                           

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՂԱ-ՍԱՐԳՍԵԱՆ

Հայոց Եկեղեցու պահպանութեան համահայկական խորհրդի նախագահ

Related Articles

Back to top button