Հայաստան - ԱրցախՄշակութային

Տաթեւի Մեծ անապատում յայտնաբերւել է միջնադարեան աղբիւր

Տաթեւի Մեծ անապատում շարունակւող հնագիտական պեղումների ընթացքում յայտնաբերւել է համալիրի միջնադարեան աղբիւրը, որի տեղադրութիւնը երկար ժամանակ անյայտ էր։ Այս մասին յայտնում են Պատմամշակութային ժառանգութեան գիտահետազօտական կենտրոնից։

Կենտրոնը, Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ, շարունակում է Տաթեւի Մեծ անապատի լայնածաւալ հնագիտական պեղումները՝ արշաւախմբի ղեկավար Արման Նալբանդեանի գլխաւորութեամբ։

Պեղումների ընթացքում բացւել են համալիրի տարբեր հատւածներ՝ բնակելի խցեր, տնտեսական նշանակութեան կառոյցներ, մուտքեր եւ այլ տարածքներ։ Հնագէտները յայտնաբերել են նաեւ 17-18-րդ դարերով թւագրւող բազմազան գտածօներ՝ մետաղեայ, փայտեայ եւ այլ նիւթերից պատրաստւած իրեր, որոնք արտացոլում են այդ ժամանակաշրջանի վանականների կենցաղն ու առօրեան։

«Դեռեւս 19-րդ դարի հեղինակները, մասնաւորապէս՝ Երւանդ Լալայեանը, յիշատակել են Տաթեւի Մեծ անապատի աղբիւրը, սակայն դրա ճշգրիտ տեղադրութիւնը յայտնի չէր, քանի որ համալիրի զգալի մասը ծածկւած էր հողի հաստ շերտով։ Ճրտարապետ Մուրադ Հասրաթեանի նկարագրութեան հիման վրայ 2026 թւականին իրականացւած պեղումների արդիւնքում հողաշերտի տակից բացւել է Տաթեւի Մեծ անապատի միջնադարեան աղբիւրը, որն առանձնանում է ինչպէս ինժեներական, այնպէս էլ գեղարւեստական լուծումներով»,- տեղեկացրին կենտրոնից:

Աղբիւրն ամբողջութեամբ մաքրւել եւ բացւել է, ինչի շնորհիւ այն արդէն հասանելի եւ տեսանելի է Տաթեւի Մեծ անապատի այցելուների համար։ Տաթեւի Մեծ Անապատը միջնադարեան հայկական վանքային համալիր է Սիւնիքի մարզում՝ Որոտան գետի ափին։

Related Articles

Back to top button