Արմէն Բադալեան. «Թրամփը չի գալու ու ասի՝ ամէն ինչ զրոյական կէտից եմ սկսում, նման քաղաքականութիւնը բնորոշ է միայն ՀՀ օրւայ իշխանութեանը»
«Մարդիկ, որոնք ոգեւորւած են ԱՄՆ-ում Թրամփի ընտրւելով ու Հայաստանի փրկութիւնը կապում են դրա հետ՝ Թրամփի աշխատակազմո՞ւմ են աշխատում, թէ՞ նրա նախընտրական ծրագիրն են գրել։ Մոռացէք այն Թրամփին, որը նախագահ է եղել 2016-2020 թւականներին, այն ժամանակ աշխարհում ուրիշ վիճակ էր եւ չկար ձեւաւորւած նրա այն քաղաքական թիմը, որի պատճառով նրա քաղաքականութիւնը որոշակի խնդիրներ առաջ բերեց»: Այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասել է քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանը՝ խօսելով Միացեալ Նահանգներում 47-րդ նախագահական ընտրութիւններում Դոնալդ Թրամփի ընտրւելու եւ հայ-ամերիկեան յարաբերութիւնների մասին։
Ըստ Արմէն Բադալեանի՝ մինչեւ Թրամփի կողմից Պետքարտուղար, Ազգային անվտանգութեան գծով խորհրդական, Պաշտպանութեան նախարար եւ Կենտրոնական հետախուզութեան վարչութեան պետ չնշանակւի, որեւէ մէկը չի կարող ասել, թէ Թրամփն ինչ քաղաքականութիւն կիրականացնի ոչ միայն Հայաստանի, այլեւ միւս երկրների հետ։
«Իհարկէ, ամերիկեան լրատւամիջոցներում կազմակերպւած ինչ-որ արտահոսքեր լինում են, որ Թրամփը կարող է այս կամ այն ոլորտում այս կամ այն քաղաքականութիւնն իրականացնել։ Հնարաւոր է, սա Թրամփի կողմից է կազմակերպւած, հնարաւոր է նաեւ, որ նրա քաղաքական մրցակիցներն են կազմակերպել։ Արդէն նշեցի, թէ ինչ պաշտօններում մարդկանց նշանակելուց յետոյ ամէն ինչ յայտնի կը դառնայ, իսկ այս նշանակումները տեղի կունենան 2025 թւականի փետրւարին, իսկ յունւարին Թրամփն արդէն կը ստանձի նախագահի պաշտօնը։
Մէկ բան նկատենք, որ Սենատոր է ընտրւել Ադամ Շիֆը, որը ներկայացնում է Կալիֆորնիան, այնտեղ բաւականին շատ հայեր կան, նա, բնականաբար, հարցեր կը բարձրացնի հայ-ամերիկեան յարաբերութիւնների վերաբերեալ։ Երբ լսենք տարբեր պաշտօնեաների տեսակէտներ, այդ ժամանակ արդէն պարզ կը լինի, թէ Թրամփի քաղաքականութիւնն ինչպիսին է լինելու տարբեր երկրների նկատմամբ»,- յաւելել է Արմէն Բադալեանը։
Նա յիշեցրել է՝ Թրամփի անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, ում ՀՀ իշխանութիւնը լաւ է ճանաչում, այլեւս պաշտօն չի զբաղեցնում եւ Թրամփի թիմում չի։
«Ուժերը, որոնք Թրամփին բերեցին, նրանք էլ իրենց ծրագրերն ունեն արտաքին քաղաքականութեան վերաբերեալ։ Հետեւաբար, Թրամփը չի գալու ու ասի՝ ամէն ինչ զրոյական կէտից եմ սկսում, նման քաղաքականութիւնը բնորոշ է միայն ՀՀ օրւայ իշխանութեանը։ Թէ այս խորքային պետութեան կողմից ի՞նչ է մշակւած որպէս արտաքին քաղաքականութեան հայեցակարգ՝ որեւէ մէկը չգիտի եւ չի իմանայ մինչեւ փետրւար։ Դրա համար մինչ այդ հայ-ամերիկեան յարաբերութիւնների վերաբերեալ որեւէ հարց կարող էք չբարձրացնել, որովհետեւ ինչ էլ ասեն՝ լինելու են ենթադրութիւններ»,- շեշտել է քաղտեխնոլոգը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ այսօր ՀՀ իշխանութիւններն ամերիկեան գլոբալիստների խամաճիկներն են՝ «սորոսական գլոբալիստները», որոնք գաղափարական մրցակիցներ են թրամփիստներին։
«ՀՀ իշխանութիւնները կաշխատե՞ն Թրամփի հետ, թէ՞ ոչ՝ նշանակութիւն չունի, քանի որ, եթէ թրամփիստները որոշեն, որ Հայաստանի նկատմամբ լաւ քաղաքականութիւն են իրականացնելու, ապա կը փոխեն ներկայիս իշխանութեանը եւ կիրականացնեն այդ քաղաքականութիւնը։ Եթէ գտնեն, որ իրենց քաղաքականութեան համար այս իշխանութիւնները պէտք է մնան, ապա կը մնան։ Թրամփի շրջապատում քաջ յայտնի է, որ ՀՀ ներկայիս իշխանութիւնները սորոսական խամաճիկներ են»,- եզրափակել է Արմէն Բադալեանը։
Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ