Բոգդան Բեզպալկօ. «Ոչ ոք յստակ պատկերացում չունի Թրամփի թիմի ծրագրերի մասին»
Ռուս քաղաքագէտ Բոգդան Բեզպալկօն Alpha News-ի հետ զրոյցում խօսել է, թէ ինչպէս կազդի ԱՄՆ նախագահական ընտրութիւններում Դոնալդ Թրամփի յաղթանակը Վաշինգտոնի քաղաքականութեան վրայ՝ Ռուսաստանի եւ Հարաւային Կովկասի նկատմամբ։
«Ես շատ զգոյշ կարող եմ այս առումով արտայայտւել, որ դեռեւս չկայ յստակ ըմբռնում ընդհանուր առմամբ Թրամփի ծրագրերի վերաբերեալ՝ Հարաւային Կովկասի, Կասպիական տարածաշրջանի եւ նոյնիսկ ռուս-ուկրաինական հակամարտութեան վերաբերեալ։ Առայժմ միայն կարող ենք ասել, որ գուցէ Թրամփն աւելի պրագմատիկ կը լինի իր մօտեցմամբ եւ աւելի քիչ գաղափարական։
Օրինակ, այժմ յայտնի է դարձել էներգետիկ ոլորտում ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցների մասնակի չեղարկման մասին։ Բայց դա արւում է ոչ թէ այն պատճառով, որ նա ցանկանում է վերականգնել բարեկամական յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, այլ այն պատճառով, որ դա ձեռնտու է նաեւ ԱՄՆ-ին։ Դա բիզնեսի տրամաբանութիւն է։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այդ առումով էլ նա կը մօտենայ ինչպէս Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւնների, այնպէս էլ Հարաւային Կովկասի հարցերին։
Բայց, այնուամենայնիւ, առայժմ ոչ ոք յստակ պատկերացում չունի Թրամփի թիմի ծրագրի եւ անձամբ Թրամփի մասին: Դրանց մասին նա դեռ չի յայտարարել, եւ նա դեռ նախագահ չէ։ Այսինքն՝ նրան ընտրել են, նա յաղթող է, բայց նա լիարժէք նախագահ կը դառնայ միայն 2025 թւականի յունւարին»,- ասել է Բեզպալկօն։
Փորձագէտի կարծիքով՝ նախկինում Թրամփի տւած բոլոր խոստումները ոչ այլ ինչ են, քան նախընտրական հռետորաբանութիւն։
«Հիմա ներկայիս նախագահական քարոզարշաւը, դէ, վերջին, ասենք, 10 տարիների ընթացքում, աննախադէպ է ինչպէս ծախսւած գումարների քանակով, նախընտրական խոստումների քանակով, այնպէս էլ պոպուլիզմի մասշտաբներով։ Այնպէս որ, առայժմ այս ամէնը կարելի է համարել ծայրայեղ արմատական պոպուլիզմ, որը նախկինում բնորոշ չէր ԱՄՆ նախագահի թեկնածուներին»,- եզրափակել է Բեզպալկօն։