Սիոնիստների բաստիոնի վերածւած Ալիեւի խանութիւնը
ՀԱՏԻՍ
Նեթանիահուի աւագ խորհրդական եւ «Մուսադ»-ի գործակալ Իւզի Արադը տեղեկատւական հոսք բնութագրւող պատմական հարցազրոյց է տւել Reuters-ին:
«Բաքւի անվտանգութիւնը մեզ (Իսրայէլի) համար նոյնքան կարեւոր է, որքան Թել Աւիւի անվտանգութիւնը» յայտարարութիւնով համեմւած հարցազրոյցում սիոնիստ գործակալն իբր տրամաբանել է, թէ ինչո՞ւ է պէտք ոչնչացւի իրանամէտների ճակատն Ադրբեջանում, ինչը ճանաչւած է «Հոսէյնիուն» անւանումով:
Նա, որպէս պատասխան նշել է, որ Մահմեդական երկրի հետ դիւանագիտական խորը յարաբերութիւններ հաստատելն այնքան էլ հեշտ չէ Իսրայէլի պէս երկրի համար: «Ադրբեջանի բնակչութիւնը ոչ միայն հիմնականում մահմեդական է, այլեւ՝ այս երկիրն Իրանի հարեւանն է։ Բայց պատմութեան լաւ կողմն այն է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտօնեաները, յատկապէս Հէյդար եւ Իլհամ Ալիեւները, որեւէ համակրանք չունեն իսլամի նկատմամբ եւ բարձր են գնահատում Իսրայէլի հետ երկկողմ յարաբերութիւնները, ինչը գոյացել եւ շարունակում է զարգանալ 1992 թւականի սկզբից»,- նշել է նոյն թւականներին Կովկաս գործուղղւած գործակալը:
Նա յաւելել է. «Ես վեցամսեայ յատուկ առաքելութեամբ էի այցելել Բաքու: Իսրայէլի դեսպանատանն էի աշխատում։ Իլհամ Ալիեւի դուստրը՝ Լէյլան, որին ես անձամբ եմ ճանաչում, հրեայ ընկեր ունէր՝ Ամին Ագալարովը, ում հետ նա ամուսնացաւ: Իսկ ընկերոջ մօրն ասել էին, որ լաւ կը լինի, որ որդին հրապարակաւ յայտարարի, որ հրեայ է։ Նա շատ լաւ յարաբերութիւններ է ունեցել Ջարեդ Քուշների հետ։ Անկեղծ ասած, եթէ մեր ռաբբիները թոյլ տային Լէյլային ընդունել յուդայականութիւն, նա դա կանէր հպարտութեամբ: Բայց վերադառնանք ձեր հարցին, ես կարծում եմ, որ մենք հէնց այնտեղ ենք, որտեղ ցանկանում էինք, եւ հասել ենք մեր ցանկալի նպատակների մեծ մասին, իսկ մնացածը շուտով կը լինի»:
Հարցին, թէ՝ «Դուք պնդում էք, որ մենք հասել ենք մեր նպատակներին։ Ո՞րոնք են դրանք, կամ ի՞նչ էինք մենք (դերանունի ընտրութիւնը Reuters-ի լրագրողինն է-«ԱԼԻՔ») ուզում Ադրբեջանից» գործակալ Իւզի Արադը պատասխանել է. «Վերջին 24 տարիների ընթացքում աւելի քան 50 իսրայէլցի բարձրաստիճան հրամանատարներին ՆԱՏՕ-ի հսկողութեան ներքոյ եւ Թուրքիայի հետ սերտ համագործակցութեամբ յաջողւել է վերակազմաւորել Ադրբեջանի ռազմական եւ անվտանգային համակարգը։ Սպառազինութեան գնումները, առաջադէմ անօդաչու թռչող սարքերի արտադրութեան գործարանների կառուցումը, աւելի քան 146 ուսումնական դասընթացների անցկացում Ադրբեջանի բարձրագոյն ռազմական հրամանատարների համար եւ տասնեակ համատեղ գաղտնի վարժանքների անցկացում Կասպից ծովում Հայաստանի եւ Իրանի հետ այս երկրի սահմանների երկայնքով Թել Աւիւ-Բաքու համագործակցութեան հիմնական ուղղութիւններից են։ Կարո՞ղ էք նշել մի երկիր, որի հետ մենք (Իսրայէլը) նման յարաբերութիւններ ունեցած լինենք»:
«Մուսադ»-ի բարձրաստիճան գործակալը նշել է նաեւ «Մուսադ»-ի սպաների տեղակայումը ԿՀՎ (CIA) եւ ՀԴԲ (FBI) գործակալների կողքին Ադրբեջանի անվտանգութեան կազմակերպութեան շէնքի նոյն յարկում աննախադէպ է այլ երկրների հետ համեմատելիս։
«Նկատի ունեցէք, որ նշածներիցս եւ ոչ մէկն այլեւս գաղտնիք չէ: Իհարկէ, կան բաներ, որոնք մենք չենք կարող քննարկել»,- ասել է նա:
«Իսկ եթէ մի քիչ էլ փակագծերը բացելու լինենք» հարցին ի պատասխան նա նշել է. «Դէ, եկէք ենթադրենք, որ Ադրբեջանում ապրում է ընդամէնը 30000 հրեայ։ Ինչպէ՞ս է ստացւում, որ Իսրայէլն այդքան լայնօրէն համագործակցում է Ադրբեջանի կառավարութեան հետ, բայց մահմեդական բնակչութիւնը, որը մեծամասնութիւն է, չի զայրանում դրանից։
Ադրբեջանի ժողովուրդը մահմեդական է, բայց Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումների մասին մեծամասամբ անտեղեակ է: Ուստի, բացառութեամբ մի քանիսի, ովքեր անցել են Իրանի ազդեցութեան տակ, բնակչութեան մեծ մասը չունի կրօնական ինքնութիւն եւ ինչպէս Մերձաւոր Արեւելքի մահմեդականները չի համակրում ահաբեկիչներին։ Բայց, միեւնոյն ժամանակ, մեր գործունէութեան մեծ մասը ռազմական եւ անվտանգային ոլորտներում է, ուստի սովորական մարդիկ այդքան էլ հետաքրքրւած չեն տեղի ունեցող աշխատանքներով»:
«Մենք որքա՞ն ազդեցութիւն ունենք նրանց ներքաղաքական որոշումների վրայ» հարցին նա պատասխանել է. «Բաքւում ամերիկեան, բրիտանական եւ իսրայէլական դեսպանատները կոալիցիայի մէջ են, որը նմանատիպ նպատակներ է հետապնդում վերջին 20 տարիների ընթացքում։ Ադրբեջանի նկատմամբ կոալիցիայի վերահսկողութիւնը եւ Բաքւի իշխանութիւնների քաղաքական որոշումները նման են Իսրայէլի վերահսկողութեանը Յորդանան գետի Արեւմտեան ափին (Պաղեստինի ինքնավար շրջանը՝ West Bank-ը)։ Այն տարբերութեամբ, որ Մահմուդ Աբբասի փոխարէն Ադրբեջանը ղեկավարում է քաղաքակիրթ մարդ՝ Իլհամ Ալիեւ անունով։
«Կը պատմէ՞ք ձեր փորձի մասին, ինչպէ՞ս էր, երբ գնացիք Բաքու։ Կա՞ն յուշեր, որոնցով կը ցանկանայիք կիսւել» հարցին պատասխանելիս անւանի գործակալը նշել է, որ նրա առաջին այցն Ադրբեջան եղել է 1994 թւականին: Լրագրողն այստեղ լրացուցիչ հարց է տալիս՝ դուք այդ ժամանակ «Մուսադ»-ո՞ւմ էիք։ «Այո»,- պատասխանում է Իւզին եւ յաւելում, որ աւելի ուշ նա անվտանգութեան եւ ռազմական պատւիրակութեան հետ մեկնել էր Ադրբեջան, որպէս Իսրայէլի վարչապետի ազգային անվտանգութեան խորհրդական՝ նախապատրաստելու Շիմոն Պերէսի այցը։ Շիմոն Պերէսի պատմական այցը Բաքու՝ Թեհրանի հարեւանութեամբ, Իսրայէլի արտաքին քաղաքականութեան պատմական մեծ իրադարձութիւններից էր։
«Ամենայուզիչ պահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն էր 2009 թւականի յուլիսին։ Մենք մտերմիկ հանդիպում ունեցանք Բաքւի ամենահին հրէական ցեղերից մէկի թաղամասում: Մենք կարծիքներ ենք փոխանակել։ Խօսեցինք Կասպից ծովից հարաւ գտնւող հրեաների պատմութեան մասին։ Ես հարցրեցի նրան, թէ կարո՞ղ եմ կարդալ հրէական աղօթքը: Նա էլ հարցրեց, թէ դա ի՞նչի մասին է, ես բացատրեցի, եւ նա պատասխանեց. «Իհարկէ»: Իմ կողքին էին նախագահ Շիմոն Պերէսը եւ ենթակառուցւածքների նախարար Ուզի Լանդոն։ Աղօթեցի՝ «Օրհնեալ ես դու, Տէ՛ր Աստուած մեր, Տիեզերքի Թագաւոր, որ պատիւ տւիր մարմինին ու արիւնին»։ Այնտեղ բոլորն ասացին «Ամէն»:
Վերջում նա այցի քաղաքական-դաւադրական ենթատեքստը մի կողմ թողնելով եզրափակել է իր զրոյցը Կովկասը հրէական ներկայացնող իր հետեւեալ բառերով. «Պատկերացրէք, որ կանգնած էք այնտեղ՝ որպէս Իսրայէլի պաշտօնական ներկայացուցիչ, այն երկիրը, որտեղից եկել են Իսրայէլի նախնիներից շատերը, եւ դուք ինքներդ ձեզ ասում էք՝ «Աստւած իմ, ինչ պատմական պահ է»: Խօսքեր չունեմ նկարագրելու այս զգացումը»։