Տեսախցիկը՝ յեղափոխութեան եւ պատերազմի միջեւ
«ԱԼԻՔ»-ին տւած Ալֆրէդ Եաղուբզադէի Բացառիկ հարցազրոյցը

ՀԱՏԻՍ
1979-ի Իսամական յեղափոխութիւնից մինչեւ Բեռլինի պատի անկում՝ Իրանի ֆոտօժուռնալիզմի ոսկէ դարաշրջանի ամենայայտնի անուններից մէկը՝ Ալֆրէդ Եաղուբզադէն, դարձաւ ոչ միայն լուսանկարիչ, այլեւ ականատես պատմութեան մի ամբողջ շրջանի։ Թեհրան կատարած իր վերջին այցելութեան օրերին մեզ յաջողւեց հանդիպել նրան՝ ապրել յիշողութիւնների միջով անցնող խօսակցութեան վայրկեանները։
Հանդիպումը կայացաւ քաղաքի սրտում՝ գրախանութ‑սրճարաններից մէկում, ուր անցեալի եւ ներկայի միջեւ սահմանները կարծես անէացած լինէին։ Զրոյցը սկսւեց յեղափոխութեան օրերի յուշերով ու շարունակւեց Իրաքի պատերազմի լուսաբանութիւններով, մինչեւ հասաւ Մերձաւոր Արեւելքը ցնցած «Արաբական գարնան» ողբերգութեանն ու նոյնի հետեւանքով ծնւած նրա «Քրիստոնեայ համայնքների ջարդին ու ցեղասպանութեանը» նախագծին։
Եաղուբզադէն՝ որ Իրանի պատմական կադրերը վերածել է ազգային յիշողութեան պատկերների, այսօր էլ խճճւած է լուսանկարչի եւ ականատեսի իր դերի բարդ զգացումի մէջ։ Թէեւ Թեհրան էր վերադարձել առանց տեսախցիկի, նրա ո՛չ տեսարանը, ո՛չ վկայութիւնը չեն լքել իր էութիւնը։
Մեզ հետ զրոյցը կենտրոնացել է 1979-ի յեղափոխութեան հիմնական դրւագների, լուսանկարչի արհեստի ու ժամանակի վկան լինելու ներքին հակասութիւնների շուրջ։

Հարց – Յեղափոխութեան օրերին Դուք 19 տարեկան էիք։ Ե՞րբ սկսեցիք զբաղւել լուսանկարչութեամբ։
Ալֆրէդ – 1978 թւականին՝ 57-ի յեղափոխութիւնից քիչ առաջ, Թեհրանի Գեղարւեստի համալսարանում ներքին ճարտարապետութիւն էի սովորում։ Յեղափոխութիւնը գրեթէ սկսւած էր։ Ընկերներս մասնակցում էին ցոյցերին, ես էլ երբեմն հետեւում էի տեսնէի ինչ է կատարւում: Թեհրանի խոշոր ցոյցերից մէկի ժամանակ ձեռքս վեր բարձրացրեցի, յանկարծ շուրջս նայեցի ու ինքս ինձ ասացի. «Ցոյցերը քո գործը չեն. ի՞նչ ես անում, ձեռքդ իջեցրու»։ Այդ պահին գլուխս շրջեցի ու «Ռուդաքի» սրահի դիմաց նկատեցի մի քանի արտասահմանցի լուսանկարիչների։ Արդէն գիտէի անելիքս: Յաջորդ առաւօտ նորից այնտեղ էի, բայց ոչ որպէս ցուցարար, այլ որպէս դիտորդ ու ականատես՝ դէպքերը արձանագրելու համար։
Այսպէս սկսւեց իմ սիրողական լուսանկարչութիւնը։ Յետոյ տեղի ունեցան Ամերիկայի դեսպանատան գրաւման դէպքերը, եւ կամաց‑կամաց լուսանկարչութիւնը դարձաւ մասնագիտական զբաղմունք։ Սակայն պատերազմը, յատկապէս Իրան–Իրաք պատերազմը, եղաւ իմ մասնագիտական ուղու իրական սկիզբը: Այդ ժամանակ առաջին անգամ կարողացայ վաճառել լուսանկար։ Մասնագիտական լուսանկարիչը սովորաբար իր սրտի համար լուսանկար չի անում: Նրա լուսանկարները մամուլի համար են։
Հարց – Ինչո՞ւ մտածեցիք, որ լուսանկարը կարող է աւելի ազդեցիկ լինել։
Ալֆրէդ – Այլ ճանապարհ, փաստօրէն, չունէի։ Ես Իրանի փոքրամասնութիւններից մէկի ներկայացուցիչ եմ։ Այն ժամանակ կարծում էի, որ այաթ. Խոմէյնիի դիրքորոշումն աւելի շուտ կրօնական է, քան ազգային։ Ինքս ինձ ասում էի՝ այստեղ ինձ «հայ տղայ» են կոչում, մինչդեռ բոլոր ընկերներս մահմեդական էին, ու մեր յարաբերութիւնները շատ լաւ էին։ Բայց ես յեղափոխութեան կիզակէտում էի եւ, առանց մասնագիտական յստակ տեսլականի, յայտնւել էի դէպքերի կիզակէտում:
Մինչ այդ յեղափոխութիւնները միայն ֆիլմերում էինք տեսել, իսկ սա առաջին անգամն էր, որ Իրանում նման իրադարձութիւն էր տեղի ունենում։ Կան դէպքեր, որոնք մարդու ճակատագիրը փոխելու համար են:
Հարց – Որպէս ականատես՝ ո՞ր դէպքն է, որ մինչեւ այսօր Ձեզ հետ է մնում։
Ալֆրէդ – Ցոյցերն ու բախումները։ Առաջին անգամն էր, որ սպանւած մարդ էի տեսնում: Նա այնքան էլ հեռու կանգնած չէր, երբ ընկաւ: Գլուխը ամբողջովին բացւել էր: Այդ տեսարանը, իր ամբողջ սարսափով, փորձութեան փոխարէն դարձաւ փորձառութիւն, որ մինչ օրս ուղեկցում է ինձ: Ինքս ինձ կրկնում էի՝ հանգիստ մնայ, քեզ բան չի պատահել…
Յեղափոխութիւնից յետոյ, սակայն, մայրս այլեւս չթոյլատրեց տնից դուրս գալ։ Փետրւարի 11-ին սկսեց լաց ու կոծը՝ ասելով, թէ եթէ դուրս գաս, սրտի կաթւած կը ստանամ, իսկ հայրս ասաց՝ սպանում եմ նրան։ Ընտանիքս դուռը փակեց վրաս, ու ես մնացի փակւած տանը։
Յաջորդ օրը, կարողացայ դուրս պրծել ու գնացի օդուժի զօրանոց։ Ցանկանում էի պատմութեան թելը չկորցնել:
Հարց – Ինչպէ՞ս եղաւ, որ նոյն ընտանիքը Ձեզ թոյլ տւեց գնալ պատերազմը նկարելու:
Ալֆրէդ – Մայրս յեղափոխութեան օրերին Յունաստանի ճամբով մեկնեց ամերիկաներ։ Այլեւս չկար մէկը, որ ինձ յետ կը պահի։ Մնացինք ես ու հայրս։ Հայրս էլ գիտէր, որ պիտի հաշտւել իմ իրականութեան հետ: Իր դաստիարակածն էի: Ճակատում էի ապրում, մէկ-մէկ էլ տանն էի լինում, գնում‑գալիս էի։
1980 թւականին, երբ պատերազմն սկսւեց, հայրս յիսունն անց մարդ էր: Իսկ Իսլամական Հանրապետութեան հաստատումից յետոյ պատերազմական վիճակով պայմանաւորւած տղամարդկանց արտագաղթի համար սահմանափակումներ կային: Հայրս ցանկանում էր միանալ ընտանիքին: Սակայն մինչեւ զինադադար մնաց ինձ հետ, ապա տեղափոխւեց Ֆրանսիա, յետոյ՝ ԱՄՆ:
Հարց – Արտագաղթը ճնշման արդիւնք էր, թէ՞ գիտակցւած որոշում։
Ալֆրէդ – Ծնողնողներս՝ յատկապէս մեծհայրս, ականատես էին եղել Օսմանեան Թուրքիայի կողմից իրականացւած Հայոց Ցեղասպանութեանը, եւ այդ փորձառութիւնը խորը հետք էր թողել մեր ընտանիքի վրայ։ Մայրս մշտապէս ասում էր, որ նախընտրում է լքել երկիրը։ Նրա ընտանիքը ապրում էր Թուրքիայի հարաւային շրջանի փոքր քաղաքում, ուր ժամանակին հայերին կոտորել էին։ Այդ յիշողութիւնը ծնողներիս մէջ մնացել էր՝ որպէս վախ ու զգաստութիւն։ Այդ պատճառով արտագաղթը նրա համար ոչ թէ ճնշում էր, այլ գիտակցւած քայլ՝ ապահովութիւն որոնելու մի փորձ։
Հարց – Ի՞նչ բան էր, որ Ձեզ Իրանում պահեց։
Ալֆրէդ – Ես առանձնայատուկ խնդիր չունէի։ Եկեղեցի էի գնում։ Յարգում էի նաեւ տեղական կրօնը: Ապրում էինք մայրաքաշաքի Փիչէ-շեմրան թաղամասում: Բոլոր ընկերներս մահմեդական էին, եղբայրաբար էինք կապւած։ Յեղափոխութեան օրերին այդ առումով ճնշում չկար։
Սակայն երբ յեղափոխութեան օրերին սկսեցի լուսանկարել, կամաց‑կամաց կախւած դարձայ այդ գործից: Ճիշտ այնպէս, ինչպէս մէկը, ով կախւածութիւն ունի ծխելուց, ու չի զգում որ անում է դա: Յեղափոխութեան եւ Ամերիկայի դեսպանատան գրաւման օրերին փորձ ձեռք բերեցի։ Փորձառութիւնը հաճոյք է տալիս, եւ այդ հաճոյքը ամէն օր աւելի է մեծանում։
Երբ պատերազմն սկսւեց, մնացի մինչեւ Խորամշահրի անկումը։ Յետոյ արդէն թողեցի Իրանը: Խնդիրները խորացան ոչ տեղական մամուլի հետ: Չէի ցանկանում դժւարութիւն ստեղծել ո՛չ ինքս ինձ, ո՛չ էլ ուրիշների համար։
Հարց – Ի՞նչ խնդիրների մասին էք խօսում։
Ալֆրէդ – Այդ օրերին աշխատում էի օտար մամուլի հետ, եւ չգիտես ինչու սկսեցին անվստահութեամբ լցւել ինձ պէս ազատ աշխատող լուսանկարիչների նկատմամաբ: Ասում էին՝ հայրենասէր չէք։ Չնայած քանի որ ես ասորի‑հայ փոքրամասնութիւնից էի, ինձ մի փոքր աւելի յարգանքով էին մօտենում՝ ի տարբերութիւն մահմեդական լուսանկարիչների, որոնք նոյնպէս օտար մամուլի հետ էին աշխատում։
Սակայն «մշակութային յեղափոխութեան» ժամանակ իրավիճակը հասաւ այն աստիճանի, որ փողոցում անգամ, արեւմուտք յիշեցնող սպորտային կօշիկներով մարդկանց անգամ ձերբակալում էին։ Այդ պահին որոշեցի որ այլեւս տեղ չունեմ այստեղ։ Այս մթնոլորտը ինձ վանեց։ Գիտէի, որ ես էլ եմ «այլ», ու այդ վիճակով կարող եմ ինքս ինձ խնդիրների մէջ գցել։
Հարց – Ձեր մասնագիտական կեանքի մեծ մասը պատերազմների հետ է կապւած։ Ո՞րն է ամենդաժան յիշողութիւնը։
Ալֆրէդ – Պատերազմը կախւածութիւն էր։ Սկզբնական շրջանում «Ասոշիէյթըդ պրես»-ի եւ «Գամմա»-ի հետ էի աշխատում։ Օդակայանի ռմբակոծութիւնը առաջին ծանր պատկերն էր։ Խորամշահրում երկու օր մնացի, բայց լրագրողներին «հինգերորդ շարասիւն» անւանելով՝ դուրս հանեցին։ Ճակատ հասնելն առանց արտօնութիւնների անհնար էր, իսկ Մոսթաֆա Չամրանի նահատակւելուց յետոյ այդ ճանապարհն էլ փակւեց։ Կարծում էի՝ լուսանկարելով հայրենիքիս կը ծառայեմ։ Վախ կար, բայց այն կէսը ազգային զգացում էր, կէսը՝ երիտասարդական յուզմունք։
Հարց – Բայց շարունակեցիք պատերազմ լուսանկարել այլ երկրներում…
Ալֆրէդ – Պատերազմը ադրենալին է, ոչ թէ փառք։ Լիբանանում վիրաւորւեցի, բայց նոյն վիճակով շարունակեցի աշխատել։ Դա ջահէլութիւն էր, ոչ թէ գիտակցութիւն: Համոզւած լինես, որ լուսանկարներովս աշխարհը պիտի փոխես։
Հարց – Այլեւս պատերազմ չէք նկարո՞ւմ։
Ալֆրէդ – Վերջնական որոշում չունեմ։ Վերջին անգամ Մոսուլում էի։ Այսօր ռիսկը մեծ է, իսկ լուսանկարչական շուկան՝ նեղ։ Յիշէք, որ ԴԱԷՇ‑ն իր պատկերները անվճար սկսեց տարածել։ Կը նախընտրեմ լուսաբանել խորքային պատմութիւններ։ Տարիք եմ առել արդէն: Առողջական խնդիրներ…
Հարց – Ինչպէ՞ս վիրաւորւեցիք։
Ալֆրէդ – Չեչնիայում տանկի արկի պայթիւնից բեկոր ստացայ: Իննը ամիս հիւանդանոցային բուժում եւ այլն: Փարիզում վիրահատւեցի։ Այդ օրւանից կրկնւող վիրահատութիւններ եւ այլն։
Հարց – Ձեր սերունդը կոչւեց ֆոտօժուռնալիզմի «ոսկէ դար»։
Ալֆրէդ – Այդ տարիներին մամուլը լուսանկար էր գնում: Գնահատւում էր լուսանարչի աշխատանքը: Լուսանկարչի նկատմամբ յարգանք կար։ Այսօր ֆոտօժուռնալիզմը գրեթէ կորցնելու վրայ է իր նախկին դերը:
Հարց – Ո՞ր յեղափոխութիւնը չկարողացաք լուսաբանել։
Ալֆրէդ – Ռումինիայի յեղափոխութիւնը։ Երեք անգամ փորձեցի, անգամ ձերբակալւեցի։ Իրանում ծնւած լինելու պատճառով նաեւ Իրաք մուտք չստացայ։ Ամենատպաւորիչը, սակայն, որ հասցրեցի անել՝ Բեռլինի Պատի անկումն էր՝ խաղաղ եւ պատմական։
Հարց – Լուսանկար, որ իրական ազդեցութիւն է թողե՞լ։
Ալֆրէդ – 33-օրեայ Լիբանանի պատերազմի օրերին փլատակներից դուրս բերւած մայրն իր մանկիկով։ Լուսանկարը տպւեց «Գարդիան»-ի առաջին էջում։ Երեխայի անունը եւս ցնցող էր՝ «Հոռ» (Ազատութիւն)։









