Եւգենի Սատանովսկի. «Փաշինեանը յանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է»
«ԱԼԻՔ» – Փաշինեանը յանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է. Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Մերձաւոր Արեւելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եւգենի Սատանովսկին։
Նրա գնահատմամբ՝ այժմ ինքը՝ Փաշինեանը փաստացի համառօրէն եւ հետեւողականօրէն խզում է յարաբերութիւնները Ռուսաստանի հետ։
«Ուրեմն ի՞նչ պէտք է անի Ռուսաստանը Ղարաբաղում։ Քանի՞ հայ է մնացել այնտեղ։ Իսկ այդ դէպքում ի՞նչ խաղաղապահներ։ Ո՞ւմ փրկեն նրանք»,- հարցադրում է արել Սատանովսկին:
Նրա խօսքով՝ հայերին Ղարաբաղ վերադարձնելու հնարաւորութիւնները սպառւել են արդէն այն պահին, երբ նրանք դեռ ապրում էին Ղարաբաղում։
«Փաշինեանը փակեց այս թեման ու փակեց, որքան հասկացայ, ընդմիշտ: Քանի՞ հայ է ապրում ժամանակին աշխարհի ամենամեծ հայկական քաղաքներից մէկում՝ Ստամբուլում։ Քանի՞ հայ է ապրում Բաքւում»,- նշել է Սատանովսկին։
Ռուսաստանի վերջին 300-350 տարիների պատմութիւնն Անդրկովկասում աւարտւել է
Ըստ Սատանովսկու՝ աւարտւել է Ռուսական կայսրութեան, իսկ յետոյ՝ Խորհրդային Միութեան, ապա նաեւ Ռուսաստանի Դաշնութեան վերջին 300-350 տարիների պատմութիւնը Հիւսիսային Կովկասում, Անդրկովկասում եւ Կենտրոնական Ասիայում:
«Նոր հանգամանքներում կը լինի նոր, բայց այլ բան: Այսօր մենք Արեւմուտքի հետ մեծ պատերազմի կիզակէտում ենք, որտեղ հարցի գինը ոչ թէ այս կամ այն ռազմաբազան է, այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ՝ Ռուսաստանի գոյութիւնն է, գուցէ եւ ողջ աշխարհի գոյութիւնը»,- նշել է նա:
Նրա խօսքով՝ Անդրկովկասի ապառուսականացումը փաստ է, եւ դրա հետ վիճելն անիմաստ է։
«Արդեօք Ռուսաստանը շահագրգռւա՞ծ է ռազմական արշաւանք կամ մեծ տարածաշրջանային պատերազմ սկսել Թուրքիայի դէմ՝ Ուկրաինայում ռազմական գործողութիւնների հետ միաժամանակ։ Ոչ, շահագրգռւած չէ »,- աւելացրել է Սատանովսկին։
Յիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի 17-ին հաստատել էր, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը սկսւել է։
Խաղաղապահ զօրախումբը տեղակայւել էր Լեռնային Ղարաբաղում՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան, որով վերջ դրւեց Ադրբեջանի 44-օրեայ ագրեսիային Արցախի եւ Հայաստանի դէմ։