Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մարատ Բաշիրով. «ԱՄՆ-ը Հայաստանի անվտանգութեան հարցերի վրայ ազդելու հնարաւորութիւն չունի»

«ԱԼԻՔ» – Ազգային հետազօտական համալսարանի տնտեսագիտութեան բարձրագոյն դպրոցի բիզնեսի եւ կառավարութեան փոխազդեցութեան տեսութեան եւ պրակտիկայի ամբիոնի պրոֆեսոր, «Քաղաքական ջոյստիկ» տելեգրամեան ալիքի հեղինակ Մարատ Բաշիրովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի անդամակցութեան հարցը Եւրամիութեանը, հայ-ռուսական յարաբերութիւնները եւ Հայաստանի ու ԱՄՆ-ի կողմից ստորագրւած ռազմավարական գործընկերութեան համաձայնագիրը։

Նրա խօսքով՝ Եւրամիութիւն մտնելը Հայաստանի սուվերեն իրաւունքն է, ուստի Ռուսաստանի Դաշնութիւնը որեւէ բան թելադրելու իրաւունք չունի։

«Դրանք կարող են լինել խորհրդակցութիւններ ինչ-որ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են համատեղ գործընթացներին, բայց ոչ աւելին։ Ռուսաստանի Դաշնութիւնը մշտապէս հաւատարիմ է այն սկզբունքներին, որոնք դրւած են Միաւորւած ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ) կանոնադրութեան մէջ, այն կազմակերպութիւնների կանոնադրութիւնում, որոնց մէջ մտնում են Հայաստանն ու Ռուսաստանը: Բայց Եւրամիութեան հետ խնդիրը դուրս է ՄԱԿ-ի իրաւասութիւններից, երկկողմ յարաբերութիւններից եւ այն սկզբունքներից, որոնք ամրագրւած են, օրինակ, Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնում (ՀԱՊԿ) կամ Եւրասիական տնտեսական միութեան շրջանակներում։

Ես չեմ հաւատում, որ Հայաստանը կը մտնի ԵՄ մի շարք պատճառներով։ Եւրամիութեանն անդամակցելու համար անհրաժեշտ է ընդունել հսկայական քանակութեամբ ներքին օրէնքներ, փոխել տեխնիկական կանոնակարգերը եւ համաձայնւել Հայաստանի ինքնիշխանութեան մի մասի փոխանցմանը։ Եւ ես, անկեղծ ասած, վստահ չեմ, որ դա ձեռնտու է ՀՀ քաղաքացիներին։ Սա կարող է ձեռնտու լինել, այսպէս կոչւած, էլիտաներին, որոնք պատրաստ են սեփական շահերի համար զոհասեղանին դնել իրենց երկրի շահերը։ Դա միշտ յանգեցնում է ներքին դիմադրութեան»,- ասել է Բաշիրովը։

Ըստ փորձագէտի՝ Հայաստանը ԵՄ-ի համար ունի միայն մէկ յաղթաթուղթ՝ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ը։

«Ռուսաստանը չի տուժում այն փաստից, որ Հայաստանի ղեկավարութիւնը որոշակի որոշումներ է կայացնում։ Բայց Հայաստանի Հանրապետութիւնը, այս երկրի քաղաքացիները, նրանք, իհարկէ, կարող են լրջօրէն տուժել, քանի որ կան որոշակի տարածքային ու էներգետիկ սահմանափակումներ։ Հայաստանը դէպի ծով ելք չունի: Միակ բանը, որից կարելի է կառչել այն համաշխարհային գործընթացների շրջանակներում, որոնք այսօր տեղի են ունենում, այսպէս կոչւած, մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքների կառուցումն է։ Այս մուլտիմոդալ միջանցքները ներկայումս հանդիսանում են գլոբալ առեւտրի խոչընդոտներից մէկը, որին ակտիւօրէն ուշադրութիւն են դարձնում Եւրամիութեան երկրները եւ Միացեալ Նահանգները: Եւ ահա Հայաստանն ունի այդ մէկ յաղթաթուղթն`այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ը, որը կարող է դառնալ այդ մուլտիմոդալ միջանցքի մի մասը, այսինքն՝ հնարաւոր է դրա վրայ գումար աշխատել։ Եւրամիութիւնն այս միջանցքից բացի այլ շահ չունի»,- նշել է Բաշիրովը։

Քաղաքագէտը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը չի կարող ազդել Հայաստանի անվտանգային խնդիրների վրայ:

«ԱՄՆ-ը հնարաւորութիւն չունի լրջօրէն ազդելու Հայաստանի անվտանգային հարցերի վրայ, քանի որ յիշեցնում եմ՝ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի մաս է, որի կազմում է Թուրքիան, եւ Թուրքիան բարեկամական, այդ թւում՝ ռազմական յարաբերութիւններ ունի Ադրբեջանի հետ, իսկ հիմնական կոնֆլիկտային իրավիճակը Հայաստանի համար առաջանում է հէնց Բաքւի հետ վէճերում։ ԱՄՆ-ը նոյնպէս կաշկանդւած է։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում օգնութիւն ցուցաբերել անվտանգային հարցերում։ Դա կարող է լինել խորհրդատւութիւն, օգնութիւն ինչ-որ հետախուզական տւեալների մասով, սա ԱՄՆ իշխանութիւնների լիակատար իրաւասութիւնն է, սակայն ռազմական միջամտութիւնն ուղղակի անհնար է»,- եզրափակել է Բաշիրովը։

Related Articles

Back to top button