ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչին Ալժիրում ԶԼՄ-ների հետ հանդիպմանը. «ԱՄՆ-ը համաձայնել է բանակցութիւնների անուղղակի ձեւաչափին»

«ԱԼԻՔ» – Ալժիրի ԱԳ նախարարի հրաւէրով այդ երկիր մեկնած ԱԳ նախարար Արաղչին Ալժիրի լրագրողների հետ զրոյցում անդրադարձել է  Օմանում Իրանի եւ ԱՄՆ-ի պատւիրակութիւնների միջեւ կայանալիք բանակցութիւններին եւ կարեւորել  գործընթացի արդիւնաւէտութիւնը եւ համաձայնութեան հասնելու կողմերի պատրաստակամութիւնը: Նա միաժամանակ ընդգծել է, որ երբ բանակցութիւնները հիմնւած լինեն ճնշման կամ սպառնալիքի վրայ, դրանք դառնում են թելադրանք, ոչ թէ երկխօսութիւն:

«Այդ պատճառով Իրանը նախընտրում է անուղղակի ձեւաչափը, որը թոյլ է տալիս իրական բանակցութիւն վարել»,- նշել է նա։ Այս մասին է տեղեկացնում Ալժիր մեկնած ԻՌՆԱ-ի թղթակիցը:

Աղբիւրի համաձայն հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պատերազմ չի ցանկանում, բայց անհրաժեշտութեան դէպքում գիտի, թէ ինչպէս պաշտպանւել, Արաղչին յայտարարել է. «Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ կառավարութիւնը ճնշում է գործադրել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վրայ՝ բանակցութիւններ վարելու համար: Այն, որ Իրանը ցանկանում է ստեղծել միջուկային զէնք, անհիմն մեղադրանք է: Մեր միջուկային ծրագիրը խաղաղ բնոյթ է կրում, եւ մենք պատրաստ ենք դիւանագիտական ​​ճանապարհով լուծել այս առնչութեամբ ցանկացած մտահոգութիւն»: 

Արաղչին յայտարարել է նաեւ, որ ԱՄՆ-ը ընդունել է բանակցութիւնների անուղղակի ձեւաչափը, եւ, որ այդ բանակցութիւնները կը սկսւեն գալիք շաբաթ օրւանից, եւ յաւելել. «Մենք հիմնաւորւած կասկածներ ունենք Ամերիկայի մտադրութիւնների շուրջ, եւ վստահ չենք, որ նրանք անկեղծ կամ  լուրջ բանակցելու կամք են դրսեւորելու: Սակայն մենք պատրաստ ենք փորձել»։

ԱԳ նախարարը նշել է, որ եթէ ​​ԱՄՆ-ի ցանկութիւնն է թոյլ չտալ Իրանին շարժւել դէպի միջուկային զէնք, ապա նրանց այդ մտահոգութիւնը  կարելի է փարատւած համարել. «…բայց, եթէ այլ նպատակներ ունեն, ապա նրանց չի յաջողւի իրականացնել դրանք»,- ընդգծել նա: 

Իրանի Իսլ. Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը, յայտարարելով, որ Պաղեստինի, եւ մասնաւորապէս Գազայի ժողովրդի դէմ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացւող յանցագործութիւնների վերաբերեալ Իրանի մտահոգութիւնները մնում են նոյնը, յաւելել է. «Իրանը դէմ է արտայայտւել «երկու պետութեան» գաղափարին եւ չի համարում, որ այն կը հանգեցնի Պաղեստին պետութեան ձեւաւորմանը։ Իրականութիւնն այն է, որ տարածաշրջանում կայ չարորակ ուռուցք՝ նոր պայմանաւորւածութիւններ թելադրելու տեսքով, յատկապէս Պաղեստինի հետ կապւած։ Սիոնիստական ​​ռեժիմը ձգտում է մարդկանց վտարել ինչպէս Գազայից, այնպէս էլ (Յորդանան գետի) Արեւմտեան ափից, վերացնել Պաղեստինի գոյութիւնն ու ժողովրդին եւ ամբողջութեամբ զաւթել պաղեստինեան հողերը:

Արտգործնախարարը, անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի՝ պատերազմն ամբողջ տարածաշրջանում ընդլայնելու ցանկութեանը, յաւելել է. «Վերջին ամիսներին Իրանը լայն խորհրդակցութիւններ է անցկացրել տարածաշրջանի երկրների հետ, եւ ես կարծում եմ, որ տարածաշրջանի երկրների միջեւ ճիշտ ընկալում կայ  Իսրայէլի ռազմատենչութեանը դիմակայելու համար, եւ յուսով եմ, որ այն կը շարունակւի աշխատել որպէս ագրեսիան զսպող ուժ»։

Related Articles

Back to top button