ԳաղափարականԹեհրանՀամայնք

ՅԱՆՈՒՆ ՄԵՐ ՄԵԾ ՏԵՍԼԱԿԱՆԻ. ԸՆԿՐԿԵԼՈՒ, ՀԱՄԱԿԵՐՊՒԵԼՈՒ ԻՐԱՒՈՒՆՔԸ ՉՈՒՆԵՆՔ. ՊԱՅՔԱՐԸ ՊԷՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ

ՀՅԴ 134-ամեակի առիթով այցելութիւն՝ Դուլաբի Պանթէոն

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 134-ամեակի առիթով, դաշնակցական հանգուցեալ գործիչների, մասնաւորապէս Թեհրանի Դուլաբի գերեզմանատան ՀՅԴ Պանթէոնում հանգչող գործիչների յիշատակը մեծարելու եւ խնկարկելու նպատակով, երէկ՝ նոյեմբերի 15-ի առաւօտեան Դուլաբի գերեզմանատնում տեղի ունեցաւ կրօնական արարողութիւն եւ այցելութիւն Պանթէոն:

Նախ գերեզմանատան Ս. Յովհաննէս մատուռում Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի միջոցով կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, որից յետոյ թափօրը շարժւեց դէպի Պանթէոն։ Միջոցառմանը իրենց մասնակցութիւնն էին բերել Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան եւ Ազգային իշխանութեան ներկայացուցիչները, գաղափարականներ ու հայրենակիցներ:

Սկզբում կազմակերպիչ յանձնախմբի անունից, ներկաներին ողջոյնի խօսք փոխանցեց Շաւարշ Խեչոյեանը,  որից յետոյ «Մշակ բանւոր» օրհներգով, որը հնչեցրին ներկաները մեկնարկեց ծրագիրը:

Օրւայ բանախօսն էր «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:

Իր ելոյթի սկզբում բանախօսը ներկաների անունից խոնարհում յայտնեց դաշնակցական գործիչների յիշատակին՝ նշելով. «Յարգանք բոլոր նրանց յիշատակին, որոնք իրենց ողջ գիտակցական կեանքը նւիրւեցին յանուն Հայաստանի եւ յանուն հայ ժողովրդի ազատութեանը, անկախութեանը, բարօրութեանը եւ արժանապատւութեանը: Նրանք ովքեր գործեցին չակնկալելով ոչինչ, նրանք ովքեր պայքարեցին նւիրումով՝ չստանալով ոչինչ, նրանք ովքեր հող դարձան՝ հողին կարօտ, երկիր ստեղծեցին բայց չարժանացան անգամ հայրենիքի մի բուռ հողին: Նրանցից իւրաքանչիւրի պայքարը առանձին-առանձին չէր ունենայ յստակ նպատակ ու որեւէ արդիւնք եթէ չլինէր նրանց միաւորող եւ սնող այն գաղափարախօսութիւնը, որի աւազանում իրենց երկրորդ մկրտութիւնը ստացան այս նւիրեալները, եթէ չլինէր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը եւ նրա գաղափարախօսութիւնը, քանզի Դաշնակցութիւնն էր, որ որպէս մի մեծ ընտանիք համախմբեց եւ ուղղորդեց նրանց»:

Իր ելոյթի ընթացքում բանախօսն ընդգծեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարախօսութեամբ օժտւած փաղանգի ջանքերով էր, որ 1918 թւականին հիմքը դրւեց Հայաստանի անկախ Հանրապետութեան եւ յիշատակեց, որ եթէ չլինէր Դաշնակցութեան գաղափարախօսութիւնը չէին ծնւի ռոստոմները, ռուբէնները,   Արամ Մանուկեաններ եւ միւս բոլոր մեծերը, եւ չէր լինելու այն երկիրը, որի հիմքի վրայ ստեղծւեց մեր այսօրւայ հայրենիքը: Բանախօսը նշեց, որ այդ փաղանգի դաստիարակած սերունդը Սփիւռքում շարունակեց իր պայքարը յանուն ազատ ու անկախ հայրենիքի՝ չընկրկելով որեւէ խոչընդոտի դէմ եւ ընդգծեց, որ 1988-ի զարթօնքը, Արցախեան հերոսամարտերն ու յաղթանակները հէնց այդ գաղափարների եւ դաստիարակութեան արդիւնեքն էին, որոնք աշնանացանի պէս ի պահ էին տրւած իւրաքանչիւր հայ մարդու հոգում ու սրտում:

Անդրադառնալով Հայաստանի եւ հայ ժողովրդի այսօրւայ օրհասական վիճակին եւ այն մարտահրաւէրներին, որոնք սպառնում են հայոց պետականութեան գոյութեանը, Արամ Շահնազարեանը նշեց, որ այսօր Հայաստանի հակազգային եւ դաւաճանական իշխանութիւնները իրենց առաջին դէմքից սկսած մինչեւ ամենավերջինը, փորձում են մեզ համոզել, որ մենք այլեւս որեւէ գաղափարի եւ տեսլականի կարիքը չունենք, որ հայրենիքն ընդամէնը տարածք է, որտեղ պէտք է միայն ապրել. «Սակայն, առանց գաղափարի, առանց յստակ տեսլականի պետութիւններ եւ ժողովուրդներ չեն լինում: Այս մոլորակում չկայ որեւէ պետութիւն, որի հիմքում ընկած չլինի յստակ գաղափարախօսութիւն եւ տեսլական: Մենք եւս ունենք այդ տեսլականը 1919-ից ի վեր, երբ Հայաստանի Առաջին Հանրապետութեան խորհրդարանն ընդունեց Միացեալ, Ազատ ու Անկախ Հայաստանի Հռչակագիրը, որը մեզ համար դարձաւ մեծ տեսլական եւ ապրեցրեց ու առաջնորդեց մեզ պատմութեան ամենադժւարին յորձանուտներում, պետականութեան չգոյութեան տասնամեակների պայմաններում: Այդ տեսլականը չի մեռել, կենդանի է ու կենսունակ, թէկուզ փորձում են մեզ համոզել, որ այն այլեւս չկայ: Մենք պէտք է գիտակցենք ու հաւատանք, որ հէնց այդ մեծ տեսլականն է, որից պէտք է կառչենք այսօր եւ յաղթահարենք այն բարդագոյն մարտահրաւէրները, որոնց դէմ-յանդիման ենք կանգնած»:

Բանախօսը բոլորին գօտեպնդւելու եւ չընկրկելու կոչ արեց: Նա նշեց, որ մենք այսօր պարտք ենք այստեղ հանգչող մեծ նւիրեալներին, ինչպէս նաեւ ապագայ սերունդներին, եւ նրանք չեն ներելու մեզ, եթէ համակերպւենք պարտութեանն ու չվերադարձնենք մեր կորցրածը. «Չմոռանա՛նք. պատմութիւնը ամենադաժան եւ, միեւնոյն ժամանակ ամենաարդար դատաւորն է, իսկ հէնց պատմութիւնն է, որ դատելու է մեր մասին»,- եզրափակեց Արամ Շահնազարեանը:

Միջոցառումը փակւեց «Մենք անկեղծ զինւոր ենք» երգով:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button