Բէյրութի ամերիկեան համալսարանի պրոֆեսորի դիտարկումները. «Թեհրանի Երեւանին ուղղւած նախազգուշական ուղերձի միւս երեսը»
«ԱԼԻՔ» – Կովկասի հարցերով փորձագէտ Եղիա Թաշճեանը նոր մանրամասներ է հրապարակել ՀՀ պաշտպանութեան նախարարի թեհրանեան հանդիպումների մասին:
Թէեւ չկայ պաշտօնական հրապարակում հանդիպումներում տեղի ունեցած քննարկումների մասին, սակայն փորձագիտական շրջանակներին յայտնի է դարձել, որ ռազմական դաշինքի քննարկումների կողքին շօշափւել են Շանհային կամ BRICS+-ում Հայաստանի ներգրաււածութեան հնարաւորութեան մասին հարցերը նաեւ:
Այս կապակցութեամբ Բէյրութի ամերիկեան համալսարանի պրոֆեսոր, Կովկասի հարցերով փորձագէտ Եղիա Թաշճեանը «Թեհրանի Երեւանին ուղղւած նախազգուշական ուղերձի միւս երեսը» խորագրով յօդւած է հրապարակել armenianweekly-ում, որտեղ լուսաբանելով իրավիճակի բարդութիւնը, փորձագէտը նկատել է տալիս լուսանցքում եղած որոշ խնդիրների մասին, որոնց մասին տեղեկատւութեան հոսքի պակասը խիստ զգալի է:
Այնուամենայնիւ ենթադրութիւններից խուսափելու միակ ելքը կողմերի դիւանագիտական հարթակներում կողմերի համար ստեղծւած հնարաւորութիւնների լուսաբանումն ու ընդգծումն է:
Փորձագէտն իր յօդւածում, որն ամբողջութեամբ վերահրապարակել է irdiplomacy-ին, նշել է, որ Թեհրանին անհանգստացնում է Հայաստանի վարչապետի կառավարութեան քայլերը՝ տարածաշրջանում Ռուսաստանի դերի նւազեցման կամ Կովկասից դուրս մղելու առումով եւ փոխարէնը Արեւմուտքի համար դերի բարձրացում ենթադրելը: «Իրանը նախազգուշացնում է, որ դա յանգեցնելու է նոր տարածաշրջանային պատերազմի Իրանի հիւսիսային սահմանին եւ ի վերջոյ ճանապարհ կը հարթի Թուրքիայի հետագայ ներգրաււածութեան համար: Մինչդեռ Հայաստանի պաշտպանութեան նախարարը, առանց այլ մանրամասներ յայտնելու, ասել է, որ փոխըմբռնման է հասել իրանական կողմի հետ «փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող մեծ թւով հարցերի շուրջ»,- յաւելել է Թաշճեանը, գրում է irdiplomacy-ին:
Փորձագէտի կարծիքով Իրանն ունի ամէն ինչ խրախուսելու Հայաստանի պաշտօնեաներին, յատկապէս Հնդկաստանի հնարաւորութիւններով, որպէսզի Հայաստանին տրւի դիտորդի կարգավիճակ BRICS+-ում, կամ ՇՀԿ-ում (Հայաստանը դարձել է «երկխօսութեան գործընկեր» ՇՀԿ-ում 2016 թւականից)՝ Հայաստանը ինտեգրելու տարածաշրջանի ճարտարապետութեանը:
«Միանալով այս դաշինքներին՝ Հայաստանի աշխարհա-տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակութիւնը Եւրասիայում կաւելանայ, մինչդեռ այնպիսի խոշոր տէրութիւններ, ինչպիսիք են Չինաստանը եւ Հնդկաստանը, զարգացման եւ տնտեսական մեծ աճ արձանագրելով բարձրացնում են իրենց դերակատարութիւնը (համաշխարհային հարթակներում), ինչը դրդում է Ռուսաստանին դրականօրէն վերանայել իր յարաբերութիւնները Երեւանի հետ: Բացի այդ, Երեւանի ներկայիս իշխանութիւնները պէտք է համոզւած լինեն, որ Հայաստանին ձեռնտու է առայժմ մնալ Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) անդամ, քանի որ միութիւնը վերջերս ստորագրել է ազատ առեւտրի համաձայնագիր Իրանի հետ, եւ Հայաստանի տնտեսութիւնն է, որ առաջինը շահելու է դրանից»: Փորձագէտը յաւելել է, որ «միութեան» կողմից տրամադրւող խրախուսող դրոյթներն ուղղւած են Իրանին եւ Հնդկաստանին, ինչը Հայաստանի արժէքը Եւրասիայի անդամակցութեան հարցում աւելի ընդգծւած է դարձնում։
Փորձագէտը մանրամասնօրէն քննարկելով բոլոր հնարաւորութիւններն ու աշխարհագրական առաւելութիւնները յիշեցրել է նաեւ, որ Նիւ Դելհին պատրաստւում է այս տարի դառնալ դիտորդ պետութիւն եւ սկսել բանակցութիւններն ազատ առեւտրի գօտու շրջանակներում։ «Միւս կողմից Երեւանը կարող է դառնալ բնական կամուրջ Եւրոմիութեան եւ Հնդկաստանի միջեւ նաեւ: Հետեւաբար, Հայաստանին առայժմ ձեռնտու է միանալ եւրասիական ինտեգրման մեծ նախագծերին, այլ ոչ թէ դառնալ եւրոպական «սահմանային մարտադաշտի գիւղ» կամ կռւախնձոր Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ»,- եզրակացրել է Բէյրութի ամերիկեան համալսարանի պրոֆեսորը: