Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանը փորձում է բազմաթիւ ռազմական յանցագործութիւններ «կարել» ոչ այնքան Բաքւում գտնւող հայերի, որքան ՀՀ-ի դէմ»

«ԱԼԻՔ» – Բաքւում ընթացող «դատավարութեան» շրջանակներում անդրադարձ է կատարւել 2016 թւականի մարտական գործողութիւններին։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը:
«Գեներալ Լեւոն Մնացականեանը` որպէս այդ ժամանակւայ ՊԲ հրամանատար, հաստատելով իր մասնակցութիւնն այդ գործողութիւններին, հակադարձել է դատարան «բերման ենթարկւած» այն կեղծ վկաներին, ովքեր հայկական զինուժին մեղադրել են խաղաղ բնակավայրերին թիրախաւորելու մէջ:
Մնացականեանը վերլուծել է այդ «վկայութիւնների» ռազմական ասպեկտը, ցոյց տալով, որ այդ «ցուցմունքները» մասնագիտական տեսանկիւնից հիմնաւոր չեն եւ դրանք չեն կարող փաստական հիմք դառնալ:
Բաքւի մեծ կեղծարարութիւնն ակտիւ ընթացքի մէջ է, որի շրջանակներում փորձ է արւում բազմաթիւ ռազմական յանցագործութիւններ «կարել» ոչ այնքան Բաքւում գտնւող հայերի, որքան Հայաստանի Հանրապետութեան դէմ»,- գրել է նա։