Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

ԵՐԳ ԵՍ ՏՒԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՈՐ ԻՐ ԵՐԳՈՎ ԱՆՄԱՀԱՆԱՅ...

Ժամանակակիցները պատմում են՝

Տարիներ անց միայն Իսահակեանը պատմեց 1937 թւականի հոկտեմբերին Եղիշէ Չարենցի կնոջ՝ Իզաբելայի վերջին այցելութեան գաղտնիքը…

Պարզւում է, երբ Իզաբելան բանտում ստացել է Չարենցի սպիտակեղէնը` լւանալու համար, նրան ծածուկ փոխանցել են նաեւ Չարենցի նամակը: Նամակն ուղղւած էր Իսահակեանին եւ գրւած էր մատիտով սպիտակ թաշկինակի վրայ: Այդ նամակը Իզաբելան փոխանցել էր Իսահակեանին: Վարպետն այն պահում էր որպէս ամենաթանկ մասունք` երբեմն այն հանելով եւ ցոյց տալով ամենավստահելի մարդկանց: Այդ թաշկինակն այսօր էլ պահւում է Իսահակեան ընտանիքի ձեռագրերի հաւաքածուում՝ վրան գրւած Չարենցի վերջին բանաստեղծութիւնը եւ գրութիւն.

«Սիրելի Աւետիք, ներքեւում երգում էին քո երգը, սիրտս լցւեց, եւ ես գրեցի հետեւեալ ստիխը. ընդունիր իբրեւ ձօն եւ ողջոյն.

Որքան գնում – այնքան խոնարհ,

այնքան անհուն եւ այնքան ջերմ

ես խոնարհւում եմ քո առջեւ

ե՛ւ սէր, ե՛ւ սիրտ, ե՛ւ քնար:

 

Արդէն ցնորք է անհնար`

ունենալ երգ այնքան նայիւ,

որ հմայէ երեխային

եւ ծերունու սրտում մնայ:

 

Սիրտդ կարող է վեհանալ,

որ անսալով նրա սրտին`

երգ ես տւել ժողովրդին,

որ իր երգով անմահանայ:

 

Ա՜խ, կուզէի ես ունենալ

գոնէ մի երգ այնքան ջերմին,

որ գրէի խուղիս որմին –

եւ նա յաւէտ այնտեղ մնար:

 

Եւ սերունդներ այսպէս գային,

եւ կարդային խուղիս որմին

Սրտիս միակ երգը ջերմին,-

եւ երգս այդ ես քեզ տայի:

 

1937.27.IX. բանտ, գիշեր»:

 

Բանաստեղծութեանը յաջորդում էր Չարենցի վերջին խօսքը.

«Այս է, սիրելի Աւետիք: Ոգով պայծառ եմ եւ առոյգ, ընտանիքիս հոգսն է միայն ինձ հոգեպէս ընկճում եւ յօշոտում: Այդ էլ թողնում եմ ալլահին եւ հայ ժողովրդին: 1937.6.X. բանտ»:

Related Articles

Back to top button