Հայաստան - Արցախ

Մենք չենք կարող ոչ Արեւմուտքին, ոչ Արեւելքին մեղադրել, երբ մեր մէջ է տրոյեական ձին

«Նիկոլ Փաշինեանն իր ողջ վարչապետութեան շրջանում մի մանիպուլիացիայից միւսին է գնացել, եւ այս անգամ՝ եւս,- սփիւռքահայ հասարակական գործիչ Մհեր Գարագաշեանը 168.am-ի հետ զրոյցում այսպէս արձագանգեց Սահմանադրութիւնը փոխելու Նիկոլ Փաշինեանի առաջարկի մասին յայտարարութեանը, ապա վստահեցրեց,- Ընդհանրապէս, ինքը շարժւում է պատւէրներով, եւ դրանք կարող են լինել Արեւմուտքից, Արեւելքից կամ ուղղակի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից»:

Սփիւռքահայ գործիչը նաեւ յաւելեց, որ տարբեր շրջանակներ, այդ թւում՝ Սփիւռքում, գիտեն՝ ե՛ւ Ալիեւը, ե՛ւ Էրդողանը պարբերաբար անդրադարձել են ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան հարցին, հետեւաբար, ըստ նրա՝ այդ հնարաւոր փոփոխութիւնն այլ բան չի ենթադրում, քան փաշինեանական վարչախմբի կապիտուլիացիոն գործարքների ինչ-որ օղակ:

«Սահմանադրութիւնը փոփոխութեան ենթարկել թուրք-ադրբեջանական պատւէրով՝ նշանակում է Սահմանադրութիւնից հեռացնել Անկախութեան Հռչակագրի՝ մասնաւորապէս Ցեղասպանութեանն առնչւող պահանջատիրական դրոյթները ու Արցախի մասին յիշատակումը»,- նշեց Մհեր Գարագաշեանը՝ նկատելով, որ Փաշինեանն այս ամէնն անում է զիջողական այն գործընթացի համար, որին «խաղաղութիւն» անունն է տւել:

«Ալիեւեան խօսոյթը յստակ է՝ նրանք Հայաստանը շարունակելու են կոչել Արեւմտեան Ադրբեջան, եւ եթէ դրա դիմաց մենք Նիկոլի կզած, գլխահակ, խաղաղութեան գործընթացի յետեւից վազենք, ինքը այս հարցերը կը հասցնի այն կէտին, որտեղ այլեւս Հայաստանի Հանրապետութիւն գոյութիւն չի ունենայ»,- շեշտեց նա:

Անդրադառնալով մեր դիտարկմանը, թէ օբիեկտիւ չէ՞ արդեօք զիջողական քաղաքականութիւնը՝ հաշւի առնելով այն, որ հայկական կողմը չունի յաղթաթղթեր, եւ, որ Ադրբեջանն անգամ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանն է դարձրել սակարկութեան առարկայ՝ Մհեր Գարագաշեանն ասաց, որ Նիկոլ Փաշինեանը երեք տարի ունէր ստեղծելու այնպիսի կացութիւն, որ ինքը եւս ունենար յաղթաթղթեր, մինչդեռ Փաշինեանի համար այդ յաղթաթղթերը միայն զիջումներն են: ՀՅԴ գործիչը համոզւած է՝ երեք տարում հնարաւոր էր գոնէ այնպէս դիրքաւորւել, որ տանուլ չտրւէին եղած յաղթաթղթերը:

«Ամբողջ Սփիւռքի գիտակից մասը մտահոգ է մեր գերիների համար. մեր սիրտը մեր գերիների հետ է, նրանց ընտանիքիների հետ է: Ցաւօք, որեւէ մայրաքաղաքում «սակարկութեան սեղանի վրայ» մեր ռազմագերիներն ու ռազմաքաղաքական ղեկավարութեան հարցը ցուցակի վերջին տեղում են:

Մենք չենք կարող ոչ Արեւմուտքին, ոչ Արեւելքին մեղադրել, երբ մեր մէջ է տրոյեական ձին, մեր մէջ է զիջողական, անհասկանալի, անընդունելի այն իրավիճակը, որ ստեղծել է Փաշինեանն ու իր դրածոների հաւաքածուն»,- մանրամասնեց նա:

Մհեր Գարագաշեանից հետաքրքրւեցինք նաեւ Հայաստանում քաղբանտարկեալների հարցի շուրջ Արեւմուտքի լռութեան պատճառների մասին:

«Եթէ Արեւմուտքը ցանկանայ Փաշինեանին ինչ-որ բան պարտադրել, շատ յստակ կը կարողանայ, բայց իրենք մինչ այս պահը կատարւողը դիտելու փոխարէն՝ ուրիշ կողմ պէտք է նայեն այնքան, մինչեւ որ իրենց պատւէրներն իրականանան,- պատասխանեց նա եւ արձանագրեց,- քաղբանտարկեալների գոյութիւնը Հայաստանում յստակ է, նրանք իրենց խօսքի ու քաջութեան համար են բանտարկւել. սրանից դուրս՝ ամէն ինչ դիմակահանդէս է, որ Փաշինեանն ու իր ընկերները փաթաթել են մեր ժողովրդի գլխին ու այնպէս են ձեւացնում, որ իրենք ժողովրդավարութեան իմիտացիայով կարող են առաջ գնալ: Բայց այս կեղծիքը երկար չի տեւի. ամէն մարդ պատասխան կը տայ ոչ միայն պատմութեան առջեւ, այլեւ մեր ժողովրդի»:

Հարցին էլ՝ թէ երբ եւ որ դէպքում է ակնկալում այս ամենի աւարտը, սփիւռքահայ գործիչը պատասխանեց՝ դրա առաջին նախապայմանն իշխանութիւնների հեռացումն է:

«Մեր պատմութեան մէջ չեմ հանդիպել նմանօրինակ այլանդակութիւն, երբ ամբողջ ժողովուրդը կարող է մէկ անձ ձեռքի վրայ ֆռռացնել, եւ այդ ժողովուրդը այս կամ այն պատճառով՝ արդարացի կամ ոչ, ընդունում է՝ իբրեւ հալած իւղ,- պարզաբանեց Մհեր Գարագաշեանը եւ ընդգծեց,- Կա՛մ ազգովի պատրաստ կը լինենք իսկական յեղափոխութեան, կա՛մ այս ողբերգութիւնը կը շարունակւի»:

Related Articles

Back to top button