Առաքելոց վանական համալիրը եւ բնակատեղին ընդգրկւել են Եւրոպայի 14 ամենավտանգւած ժառանգութեան վայրերի ցանկում
«ԱԼԻՔ» – Եւրոպական ժառանգութեան «Եւրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակութեան առաջատար ցանցն ու Եւրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եւրոպայի 14 յուշարձանների ու ժառանգութեան վայրերի անունները, որոնք ընդգրկւել են 2025 թւականի «Եօթ ամենավտանգւած» ծրագրի կարճ ցանկում։ Ցանկի մէջ ներառւել են նաեւ Հայաստանի Հանրապետութեան Տաւուշի մարզի Կիրանց գիւղի մօտ գտնւող Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին։ Այս մասին յայտնում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։
Հիմնադրումից ի վեր (2013 թ․)՝ այս ծրագիրը քաղաքացիական հասարակութեան առաջատար նախաձեռնութիւն է՝ ուղղւած Եւրոպայի վտանգւած ժառանգութեան պաշտպանութեանը։
Համաձայն «Եւրոպա Նոստրա» կազմակերպութեան հաղորդագրութեան՝ վտանգւած ժառանգութեան 14 վայրերը, որոնք ներկայացնում են եւրոպական 14 երկիր, ընտրւել են միջազգային խորհրդակցական խմբի կողմից: Խմբում ընդգրկւած են պատմութեան, հնագիտութեան, ճարտարապետութեան, նախագծերի վերլուծութեան փորձագէտներ, տնտեսագէտներ։
Ընտրութիւնը կատարւել է՝ հիմք ընդունելով իւրաքանչիւր վայրի եզակիութիւնը, առկայ վտանգները, մշակութային արժէքի կարեւորութիւնը:
Եւրոպայում «Եօթ ամենավտանգւած» ժառանգութեան վայրերի 2025 թւականի վերջնական ցանկը կը հրապարակւի ապրիլին։
Թաքնւած Հայաստանի հիւսիսում՝ Տաւուշի անտառներում, Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին միջնադարի կրօնական ու աշխարհիկ ժառանգութեան իւրօրինակ գոհարներ են։ Աճարկուտ գիւղից երկու կիլոմետր դէպի արեւմուտք, Կիրանց գետի երկայնքով ձգւող այս յուշարձանախումբը 13-րդ դարի մշակութային եւ տնտեսական կեանքի շքեղ մի գանձարան է։ Մեկուսի դիրքն ու հայ-ադրբեջանական սահմանակցութիւնը փաստում են համալիրի պատմական, աշխարհաքաղաքական կարեւորութեան մասին։
Համալիրի զարդը գլխաւոր եկեղեցին է՝ բոլորւած պարսպով ու աշտարակներով, ճարտարապետական նուրբ լուծումներով գմբեթաւոր դահլիճն ու կից գաւիթը՝ հայկական աւանդական «հազարաշէն» տանիքով ու Սուրբ Սարգսի որմնանկարով՝ եզակի իր տեսակի մէջ ու հաւատարիմ Հայ Առաքելական եկեղեցու աւանդոյթներին։ Բնակավայրում նշմարելի են ոչ միայն եկեղեցիների հետքեր, այլեւ` Մետաքսի ճանապարհի վրայ գտնւող առեւտրային երբեմնի աշխոյժ այս կենտրոնի քարաւանատները, ձիթհանքն ու Սրանոց կամուրջը:
Ազատւած լինելով յարկերից որպէս վանական կալւածք՝ կրօնականի ու աշխարհիկի համակեցութեան այս օրինակը հայ-վրացական մշակութային փոխազդեցութեան ուշագրաւ ժառանգութիւն է՝ կերտւած Զաքարեանների իշխանութեան եւ մոնղոլական տիրապետութեան տարիներին։ Չնայած պատմական իր նշանակութեանը՝ բնակատեղին լքւել է 17-րդ դարից։ Մինչ օրս այն պատշաճ ուսումնասիրւած չէ։
Քայքայւող հիմնապատերը, փոփոխւող կլիման, առատ տեղումներն ու սելաւների վտանգները, սէյսմիկ ակտիւ գօտում գտնւելու հանգամանքն ու երկրաշարժերից վնասւած շինութիւնները յաւելեալ մարտահրաւէրներ են յուշարձանախմբի համար։ Մարդկային գործօնը եւս տեսանելի է՝ գրաֆիտի, հանգստի երկու ընդարձակ գօտի, չպահպանւող տարածք։
Առաքելոց վանական համալիրն ու բնակատեղին «Եօթ ամենավտանգւած» ժառանգութեան վայրերի ծրագրում առաջադրել է Աւստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնեայ Արեւելքի ուսումնասիրութիւնների կենտրոնի հայագիտութեան բաժնի դոկտոր Եասմին Դում-Թրագուտը։
Ծրագիրը ենթադրում է Առաքելոց վանական համալիրի ու բնակատեղիի ամբողջական հետազօտութիւն, տարածքի բարեկարգում ու պահպանութիւն, ինչպէս նաեւ՝ կայուն էկոտուրիզմի զարգացում։
«Եօթ ամենավտանգւած» ծրագրի միջազգային խորհրդակցական խումբը նշում է. «Առաքելոցը միջնադարեան նշանակալի մի յուշարձանախումբ է, որում արտացոլւած են դարաշրջանի մշակութային երկակիութիւնն ու խաղաղ գոյակցութիւնը: Այդուհանդերձ՝ անկայունութիւնը համալիրի շուրջ՝ պայմանաւորւած աշխարհաքաղաքական լարւածութեամբ եւ բնապահպանական խնդիրներով, անյապաղ միջամտութիւն է պահանջում։ Առաքելոց վանական համալիրի ու բնակավայրի վերականգնումն ու հանրահռչակումը կարող են հաշտեցման, տարածաշրջանային կայունութեան եւ կայուն զարգացման խթան լինել՝ ժառանգութիւնը խաղաղութեան եւ առաջընթացի ռեսուրսի վերածելու ուղի նախանշելով»։
Ամենավտանգւած միւս յուշարձանների ու ժառանգութեան վայրերի ցանկում ներառւած են նաեւ՝
Միքսնից-Բերենշուցկլամ երկաթուղային կայարան, Աւստրիա
Աթի Երկաթէ ամրոց, Բելգիա
Նիբորգ ամրոց, Դանիա
Մոնեմւասիայի ամրոց, Յունաստան
Օդամուղի սրահ, Էշ-սիւր-Ալզետ, Լիւքսեմբուրգ
Երկաթուղային կամուրջներ եւ Բաարդւէյսկէ Օվերլաատ առափ, Նիդերլանդներ
Ազգային թատրոն, Օսլո, Նորւեգիա
Օռլայի Մեծ Սինագոգ, Լեհաստան
Պաուլիստաս եկեղեցի եւ միաբանութիւն, Լիսաբոն, Պորտուգաիա
Գլխաւոր շտաբի մոդեռնիստական համալիր, Բելգրադ, Սերբիա
Սան Էստեւօ դէ Պուսադա եկեղեցի, Իսպանիա
Վալհալլա լողաւազան, Գէոթեբորգ, Շւեդիա
Վիկտորեայի աշտարակի այգիներ, Լոնդոն, Միացեալ Թագաւորութիւն։