ԵԽԽՎ-ն 76 կողմ եւ 10 դէմ ձայների յարաբերակցութեամբ քւէարկեց Ադրբեջանին վտարելու օգտին
Օրէցօր օղակն աւելի է սեղմւում նախագահ Իլհամ Ալիեւի պարանոցի շուրջ։ Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան ղեկավար Ժոզէպ Բորէլը յունւարի 22-ին զգուշացրեց Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականութեան ցանկացած խախտում «լուրջ հետեւանքներ» կունենայ։ Յունւարի 17-ին Ֆրանսիայի Սենատը 336 կողմ, 1 դէմ ձայների յարաբերակցութեամբ բանաձեւ ընդունեց Հայաստանի տարածքային ամբողջականութեանն աջակցելու եւ Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերեալ։ Յունւարի 18-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը հրապարակաւ հակադարձեց Ալիեւի բազմիցս հնչեցրած պահանջներին, որ Հայաստանն Ադրբեջանին «միջանցք» է տրամադրելու «Զանգեզուրով»։ Լաւրովն ասաց, որ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին որեւէ յիշատակում չկայ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած 2020 թւականի նոյեմբերի 10-ի համաձայնագրում։
Վերջին հարւածն Ադրբեջանին հասցւեց անցեալ շաբաթ Եւրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից, որը ձայների ճնշող մեծամասնութեամբ մերժեց Ադրբեջանի պատւիրակութեան լիազօրութիւնները, այդպիսով առնւազն մէկ տարով արգելելով Բաքւի մասնակցութիւնն իր նիստերին։ 2024 թւականի յունւարի 24-ին ԵԽԽՎ պատւիրակները 76 կողմ, 10 դէմ, չորս ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ որոշեցին հեռացնել Ադրբեջանին։
ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւում ասւում է. «Շատ լուրջ մտահոգութիւններ են մնում ազատ եւ արդար ընտրութիւններ անցկացնելու [Ադրբեջանի] կարողութեան, իշխանութիւնների տարանջատման, գործադիրի նկատմամբ օրէնսդիր մարմնի թուլութեան, դատական իշխանութեան անկախութեան եւ մարդու իրաւունքները յարգելու վերաբերեալ, ինչպէս ցոյց է տրւած Մարդու իրաւունքների Եւրոդատարանի բազմաթիւ վճիռներով եւ «Ժողովրդավարութիւն՝ իրաւունքի միջոցով» Եւրոպական յանձնաժողովի (Վենետիկի յանձնաժողով) կարծիքներով»: ԵԽԽՎ-ն յիշեցրել է իր նախորդ բանաձեւերը, որոնք վերաբերում էին Ադրբեջանի հետ կապւած բազմաթիւ խնդիրներին, այդ թւում՝ ժողովրդավարական ինստիտուտների գործունէութեանը, կազմակերպւած յանցաւորութեանը, կոռուպցիային եւ փողերի լւացմանը, քաղբանտարկեալներին, ՀԿ-ների գործունէութեան սահմանափակումներին, ԼԳԲՏԻ անձանց իրաւունքների ոտնահարմանը, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վճիռների չկիրառմանը, անդրազգային բռնաճնշումներին՝ որպէս օրէնքի գերակայութեան եւ մարդու իրաւունքների աճող սպառնալիք, «Պեգաս» (Pegasus) ու նմանատիպ լրտեսական ծրագրերին եւ գաղտնի պետական հսկողութեանը, ինչպէս նաեւ առնւազն 18 ադրբեջանցի լրագրողների եւ լրատւամիջոցների գործիչների գործերին, որոնք ներկայումս կալանքի տակ են։ ԵԽԽՎ-ն եզրակացրեց, որ «Եւրոպայի խորհրդին անդամակցելուց աւելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել [իր] հիմնական պարտաւորութիւնները»։
Անդրադառնալով Արցախին՝ ԵԽԽՎ-ն յիշատակեց իր 2023 թւականի զեկոյցը, որտեղ մատնանշւում էր, որ Ադրբեջանը «չի ընդունում մարդասիրական եւ մարդու իրաւունքների շատ լուրջ հետեւանքները, որոնք բխում են Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի բացակայութիւնից…. որը տեւել է մօտ 10 ամիս»։ ԵԽԽՎ-ն նաեւ դատապարտեց «2023 թւականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի կողմից իրականացւած ռազմական գործողութիւնները, որոնք յանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչութեան փախուստին Հայաստան եւ «էթնիկ զտումների» մեղադրանքների»։
ԵԽԽՎ-ն իր մտահոգութիւնը յայտնեց Ադրբեջանի՝ «Մոնիտորինգի յանձնաժողովի զեկուցողների հետ չհամագործակցելու կապակցութեամբ, որոնց թոյլ չեն տւել հանդիպել ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով կալանաւորւած անձանց»։ ԵԽԽՎ-ն նոյնպէս չի հրաւիրւել «դիտարկելու գալիք նախագահական ընտրութիւնները, չնայած նման հրաւէր ուղարկելու Ադրբեջանի պարտաւորութեանը, քանի որ երկիրը գտնւում է մոնիտորինգի ընթացակարգում»։ Աւելին, Ադրբեջանը երեք անգամ մերժել էր ԵԽԽՎ զեկուցողի այցը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովը, անտեսելով Ադրբեջանի կողմից Եւրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտաւորութիւնների բազմակի խախտումները, դատապարտել է ԵԽԽՎ որոշումը։ Այնուամենայնիւ, նա խոստովանեց, որ Ադրբեջանը վռնդւել է Արցախ ներխուժման պատճառով, որը նա որակեց որպէս «Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանութեան վերականգնում»:
Թէեւ Ադրբեջանն անտեսում էր միջազգային իրաւունքի իր բոլոր խախտումները, ներառեալ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի բազմաթիւ վճիռները եւ Արդարադատութեան միջազգային դատարանի վճիռները, այս անգամ Բաքուն ծայրայեղ բացասական արձագանգեց: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատւիրակութիւնը յայտարարեց, որ իրենց երկիրը որոշել է «մինչեւ հետագայ ծանուցումը դադարեցնել իր ներգրաււածութիւնը եւ ներկայութիւնը ԵԽԽՎ-ում»։ Ոմանք ԵԽԽՎ-ից Ադրբեջանի դուրս գալը վռնդւելուց յետոյ համեմատել են 1933 թւականին Ազգերի լիգայից նացիստական Գերմանիայի դուրս գալու հետ:
ԵԽԽՎ-ի քւէարկութիւնը ճնշող մեծամասնութեամբ դէմ էր Ադրբեջանին, քանի որ միայն իննը թուրք եւ մէկ ալբանացի պատւիրակներ քւէարկեցին Ադրբեջանի օգտին։ Նոյնիսկ թուրքական պատւիրակութիւնից մէկը դէմ քւէարկեց Ադրբեջանին։ Մինչդեռ 28 երկրների 76 պատւիրակներ, այդ թւում բոլոր չորս հայ պատւիրակները, քւէարկեցին Ադրբեջանին վտարելու օգտին:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կորուստը բխում է Հայաստանի շահերից.
1) Ադրբեջանի վարկն էլ աւելի արատաւորւեց ԵԽԽՎ-ից նրա հեռացումից յետոյ՝ բացայայտելով նրա մարդու իրաւունքների բազմաթիւ խախտումները եւ եւրոպական արժէքների բացայայտ անտեսումը։
2) Բաքուն այժմ զրկւած է ԵԽԽՎ-ի միջոցով Եւրոպայում իր խնդիրները բարձրացնելու հնարաւորութիւնից։
3) Ադրբեջանն այլեւս չի կարողանայ քննադատել Հայաստանին ԵԽԽՎ-ի նիստերի ընթացքում.
4) ԵԽԽՎ-ի նիստերում Ադրբեջանը չի կարողանայ քւէարկել իր շահերի օգտին եւ ընդդէմ Հայաստանի շահերի։
Միջազգային հանրութիւնը, յատկապէս արեւմտեան երկրները բաւականին երկար ժամանակ շփացրել են Ադրբեջանին՝ կուրացած Բաքւի նաւթի ու գազի հսկայական պաշարներից: ԵԽԽՎ-ից հեռացւելուց յետոյ այժմ Ադրբեջանին պէտք է վռնդել Եւրոպայի խորհրդից։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ