ԱՄՆ դաշնակիցներն ակնկալում են, որ Թրամփը Միւնխենում Ուկրաինայի պատերազմին վերջ տալու ծրագիր կը ներկայացնի
![](/wp-content/uploads/2025/02/575-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – ԱՄՆ դաշնակիցներն ակնկալում են, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը յաջորդ շաբաթ Գերմանիայում անցկացւելիք Միւնխենի անվտանգութեան համաժողովում կը ներկայացնի Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու երկար սպասւած ծրագիրը: Հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանօթ մարդկանց:
Նախագիծը դաշնակիցներին կը ներկայացնի Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով Թրամփի յատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը: Աղբիւրները հրաժարւել են նշել, թէ որքան մանրամասն են ակնկալում քննարկումները կամ ինչ ձեւաչափով են դրանք լինելու:
Առաջարկը կը ներկայացւի փետրւարի 14-16-ը բաւարական քաղաքում անցկացւելիք համաժողովում։
Քելլոգը եւ ԱՄՆ վարչակազմի այլ պաշտօնեաներ վերջին շաբաթներին ակնարկել են այն, ինչ Թրամփի դաշնակիցներն անւանում են «խաղաղութիւն ուժի միջոցով»:
«Նախագծի տարրերը ներառում են հակամարտութիւնը պոտենցիալ կերպով սառեցնելը եւ ռուսական զօրքերի կողմից գրաււած տարածքը «կախւած վիճակում» թողնելը՝ միաժամանակ Ուկրաինային անվտանգութեան երաշխիքներ տրամադրելով՝ ապահովելու համար, որ Մոսկւան չկարողանայ կրկին յարձակւել»,- նշում է Bloomberg-ը։
Սպասւում է, որ Քելլոգն իր առաջին ուղեւորութիւնը Կիեւ եւ Եւրամիութիւն կը կատարի այս ամսւայ վերջին, ըստ խնդրին ծանօթ մարդկանց: Ենթադրւում է, որ Ուկրաինայում նա կը հանդիպի երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Մինչդեռ, ըստ աղբիւրների, ուկրաինացի առաջնորդը նախատեսում է Միւնխենի համաժողովից յետոյ այցելել Պարսից ծոցի մի քանի երկրներ։
Գեներալ Քելլոգը կը շարունակի ներգրաւել դաշնակիցներին՝ օգնելու համար իրագործելու նախագահ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելու խոստումը, յայտարարել է Ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ Բրայան Հիւզը։ Քելլոգն աւելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ը կը ցանկանար, որ Ուկրաինայում ընտրութիւններն անցկացւեն հրադադարից յետոյ, մինչդեռ Թրամփը նշել էր, որ Միացեալ Նահանգների աջակցութեան դիմաց կարեւորագոյն օգտակար հանածոների հասանելիութիւնը կարող է կարգաւորման մաս դառնալ: