Մշակութային

Բէկնազարեանական կինոյի ամիս՝ Բրուսէլեան Սինեմատեկում

Հայ կինոյի 100-ամեակին նւիրւած միջոցառումները շարունակւում են նաեւ 2024-ին։ 2023-ին տեղի են ունեցել բազմաբնոյթ ու կարեւոր միջոցառումներ՝ ցուցադրութիւններից մինչեւ գիտաժողովներ, քննարկումներից մինչեւ հայկական ֆիլմերի վերականգնման լուրջ նախաձեռնութիւններ։ Դրանց մի մասը տեղ են գտել նաեւ այս տարւայ տեղական եւ միջազգային ծրագրերում։

Ազգային կինոկենտրոնից յայտնում են, որ այդ շարքից առաջիկայում՝ փետրւարին, Բիուսէլի Սինեմատեկում կանցկացւի Համօ Բէկնազարեանի ստեղծագործական ժառանգութեանը, մասնաւորապէս համր ֆիլմերին նւիրւած ցուցադրութիւն, որի վերաբերեալ պայմանաւորւածութիւնը ձեռք էր բերւել դեռեւս 2023 թւականին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուների կողմից տարւող բանակցութիւնների արդիւնքում։ Սինեմատեկի ղեկավարութիւնը հիմնական ցուցադրանութիւն ընտրել է իր իսկ ֆոնդերում պահպանւող Բէկնազարեանի ֆիլմերից՝ բացառութեամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից առաջարկւած երեք վերականգնւած՝ «Տունը հրաբխի վրայ», «Երկիր Նայիրի» եւ «Դուստրը» կինոնկարների։ Ֆիլմերը վերականգնւել են 4К ձեւաչափով՝ ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան ֆինանսաւորմամբ իրականացւող ֆիլմերի թւայնացման եւ վերականգնման պետական ծրագրի շրջանակում:

Կազմակերպիչները ֆիլմացանկում ներառել են նաեւ մէկ ֆիլմ՝ «Անարգանքի սեան մօտ» («Հայրասպանը»), որը Համօ Բէկնազարեանը նկարահանել է Վրաստանում՝ 1923 թւականին։ Եւ հէնց այդ ֆիլմով էլ փետրւարի 1-ին տրւել է Համօ Բէկնազարեանի կինոնկարների ցուցադրութեան մեկնարկը։

Panorama.am

Related Articles

Back to top button