Մշակութային

Պատմութեան ամենակարեւոր գրքերից մէկը վաճառւել է 2,23 մլն. դոլարով

Անդրէաս Վեսալիուսի «De humani corporis Fabrica» գիրքը, որը գրւել է 1555 թւականին, վաճառւել է Christie’s-ի առցանց աճուրդում: Լոտի արժէքը կազմել է 2,228 մլն. դոլար։ Յատկանշական է, որ 2007 թւականին կանադացի բժիշկ եւ հնագոյն գրքերի գիտակ Ժերարդ Վոգրինչիչը այն գնել է ընդամէնը 14256 դոլարով՝ որպէս անցեալի մեծ գործի «թերի» պատճէն, յայտնում է Techkult-ը։

Վեսալիուսի աշխատութիւնն առանց պատճառի չի համարւում պատմութեան մեծագոյն գիտական գրքերից մէկը։ «De humani corporis Fabrica»-ի թողարկումից յետոյ այն դարձաւ Եւրոպայի հիմնական բժշկական ատլասը` փոխարինելով Գալենի աշխատանքին, որը բժիշկներն օգտագործում էին 1300 տարի: Վեսալիուսը բժշկութեան վերաբերեալ հնագոյն գրքերի բազմաթիւ ուսումնասիրութիւններ է անցկացրել, ամփոփել հաւաքագրւած տեղեկատւութիւնը, ուղղել սխալները եւ լրացրել դրանք նոր յայտնագործութիւններով: Բացի այդ, նա գրքին տրամադրել է մարդու օրգանների եւ յայտնի հիւանդութիւնների մանրամասն նկարազարդումներ։

Նոյնիսկ իր կենդանութեան օրօք Վեսալիուսի աշխատանքը բազմիցս վիճարկւել է, եւ նա ինքը ենթարկւել է հալածանքների, ինչի պատճառով նա թողել է իր աշխատանքը եւ ոչնչացրել իր ձեռագրերը։ «De humani corporis Fabrica»-ի մօտ 150 օրինակ է պահպանւել մինչ օրս, սակայն լուսանցքներում ծանօթագրութիւններով գրքերը արժէք չունեն. համարւում են, որ դրանք փչացնում են պատմական արտեֆակտ: Այնուամենայնիւ, Վոգրինչիչը այլ կարծիք ունէր. թէեւ նա չգիտէր լատիներէնը, որով գրւած էին արտայայտութիւնները, բայց դրանց կառուցւածքից հասկացել է, որ դա կարեւոր բան է։

Վոգրինչիչը մեծ ջանքեր գործադրեց Վեսալիուսի փրկւած ձեռագրերի պատճէնները ձեռք բերելու համար, եւ երբ նա համեմատեց ձեռագիրը, պարզ դարձաւ, որ գրքի լուսանցքների նշումներն արւել են հէնց վարպետի ձեռքով։ Հետագայ հետազօտութիւնները ցոյց տւեցին, որ դրանք «De humani corporis Fabrica»-ի երրորդ՝ չհրապարակւած տարբերակի խմբագրումներ էին, որը Վեսալիուսը ժամանակ չունէր աւարտելու հալածանքների պատճառով: Այսպիսով, սովորական հին գիրքը եզակի աշխատանք է, որն այժմ կը ցուցադրւի Լիովէնի կաթոլիկ համալսարանի թանգարանում։

News.am

Related Articles

Back to top button