ԹեհրանԻրանՀամայնքՄշակութային

Պատերազմի ալիքները հասել են նաեւ արւեստին. Նիւթական խոշոր վնասներ կրելով տուժել են Յասմիկ Կարապետեանի մեծաբեմ նախագծերը

ՀԱՏԻՍԹեհրանաբնակ արւեստագիտուհի Յասմիկ Կարապետեանը խոշոր նիւթական վնասներ է կրել պատերազմի հետեւանքով: Արւեստագիտուհին այս մասին է յայտնել «Ալիք»-ի հետ ճեպազրոյցի ժամանակ:

Պատերազմի ազդեցութիւնը մշակոյթի ոլորտում յաճախ խորն է լինում ու լուռ։ Այդ լռութեան մէջ են այսօր յայտնւել նաեւ երաժշտարւեստի գործիչները։

Սոլֆեգիայի եւ ձայնավարժութեան ասպարէզում աելի քան 20 տարիների փորձով Յասմիկ Կարապետեանն «Ալիք»-ին յայտնել է, որ պատերազմի սկսւելուց մէկ շաբաթ առաջ իր ջանքերով ու մասնակցութեամբ՝ «Քարմէն» օպերան էր բեմականացւում՝ «Քախէ հոնար»-ի դահլիճում, միեւնոյն ժամանակ խմբի հետ շուրջօրեայ փորձեր էին տեղի ունենում «Վերդի» ներկայացնելու համար…

Թեհրանում բնակւող ծագումով Հայաստանից արւեստագիտուհին, Երեւանի պետական կոնսերւատորիայի շրջանաւարտ է: Յասմիկ Կարապետեանի հետ զրոյցի ընթացքում պարզ դարձաւ, որ Իրանի դէմ ԱՄՆ-իսրայէլական պատերազմի հետեւանքով խոշոր նիւթական վնաս է կրել ձայնավարժութեան դասախօսը: 

Յասմիկ Կարապետեանը նշում է նաեւ, որ շուրջ 11 ամիս ամենօրեայ փորձեր են կատարւել 80 հոգանոց խմբի հետ, պատրաստւելու համար Թեհրանի «Քախէ հոնար» դահլիճում «Քարմէն»-ի ներկայացմանը։ Սակայն պատերազմի բերումով աշխատանքներն ընդհատւել են՝ մէկ ակնթարթում ոչնչի վերածելով ամբողջ ջանքը։

Երգչախմբի մասնակիցներին կրկին միասին հաւաքելու հնարաւորութեան մասին հարցին Յասմիկ Կարապետեանը յուզումով է արձագանքում.

«Ինչպէս ասում են՝ այլեւս առաջւանը չենք լինի, եւ սա հէնց մեր մասին է, մեր իրավիճակի: Նրանց մի մասը թողել է երկիրը, մի մասն այլ քաղաքներից էր ու թողել է Թեհրանը, իսկ փորձերն ու ձայնավարժութիւնները նոյն էֆեկտը չեն ունենայ։ Մի մասն էլ տարած սթրեսների պատճառով հոգեբանական կռիւ է տալիս ու անորոշ իրավիճակի բերումով չի մասնակցում։ Նրանցից շատերը հեռաւոր քաղաքներից են ու պատկերացրէք՝ Թեհրան են գալիս այդ երկու ժամերի համար, որ միասին փորձենք ու ձայնավարժութիւն կատարենք։ Իսկ պատերազմից յետոյ՝ ով վերադարձել է, գրկախառնւել ենք ու արտասւել…»։ 

Այս ընթացքում, ինչպէս նշում է արւեստագիտուհին, ոչ մէկը նորմալ աշխատանք ու եկամուտ չի ունեցել, եւ բոլորի մօտ գումարային խնդիրներ կան։ Ինքն էլ, իր հերթին, չի կարողացել իրեն համոզել, որ նրանցից պարապմունքների դիմաց գումար վերցնի։

«Նրանք էլ ծնողներ ունեն, որոնք իրենց երիտասարդի սիրտը չկոտրելու համար չեն մերժում քաղաքից քաղաք՝ պարապմունքների համար ուղարկել նրանց։ Բոլորս էլ գիտենք, թէ ինչ դժւարութեամբ են ուղարկում… ոնց գումար վերցնես…»,- նշում է Յասմիկ Կարապետեանն ու աչքերը սառում՝ սուրճի գաւաթին յառած։

Նա նշեց նաեւ, որ մէկ այլ նախագծի շրջանակում եւս պատրաստւում էր «Ռոմէօ եւ Ժուլիետը» բեմադրել «Վահդաթ»-ի բեմում, ինչը նոյն ճակատագրին արժանացաւ, ինչ «Քարմէնը»։

«Քարմէն»-ի դէպքում տիկին Կարապետեանը յաւելել է, որ երաժշտական ներկայացումը շուրջ 9 օր բեմում էր, երբ ծագեց 40-օրեայ պատերազմը։ «Լաւ ընդառաջում, լաւ պատրաստւած խումբ: Մէկ էլ՝ բեմին վարժւած խումբը կորցրեց այդ անկրկնելի առիթն իր յիշողութեանը դաջելու հաճոյքը: Դրա հետ միասին կորաւ նաեւ նախապատրաստական շրջանում ծախսած գումարի վերադարձի առիթը։ Շուրջ մէկուկէս միլիարդ է գնահատւում ծախսւած գումարը՝ յատկացւած միջոցների ու ժամանակի հետ միասին։ Ճիշտ են ասել, որ տուժում է արւեստը, երբ արւեստով զբաղւողն է տուժում»,- նշում է տկն. Կարապետեանը։

Նա նշում է, որ պատերազմական պայմաններում դահլիճները սովորաբար շարունակում են իրենց աշխատանքն այլ երկրներում։ «Նրանք, պարզ է, եթէ ոչ ուրախ, այնուամենայնիւ հոգեբանութեամբ մռայլ երգացանկով են բեմի լոյսը վառ պահում: Չեն փակւում։ Դա առաջինը ժողովրդին է օգուտ բերում»,-նշում է տկն. Կարապետեանը եւ յաւելում, որ բաեմերի փակ վիճակը մեծապէս վնասում է ապագայ գործունէութեանը: Նրա խօսքով արւեստն ու արւեստագէտը ժողովրդի «վատ օրերի հարազատ ընկերներն են… մշակոյթը չպէտք է լռի»։

Յասմիկ Կարապետեանի հետ հանդիպումը տեղի ունեցաւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութիւնում, երբ պարապմունքների պահին ընդմիջում էր անում նա։

Սուրճի գաւաթի վերջին կումը օղակաձեւ շարժելով բաժակի մէջ՝ նշեց, որ այժմ «Վերդի»-ի համար է պատրաստւում՝ 110 հոգանոց երգչախմբով բեմ դուրս գալու համար՝ «Վահդաթ» օպերային դահլիճում։ «Ասում են չէ, որ Երկիրը պտտւում է, ուր որ է նոյն տեղում կը յայտնւենք:

Related Articles

Back to top button