Ալեքսանդր Իսկանդարեան. «Չեմ կարծում, թէ Վրաստանում ինչ-որ գերբնական բան տեղի կունենայ»
Վրաստանի գործընթացները կարեւոր են Հայաստանի համար, կարեւորն այն է, թէ ինչպէս կը զարգանայ քաղաքականութիւնը Վրաստանում։ News.am-ի «Ուժի գործօն» հաղորդաշարի եթերում նման տեսակէտ է յայտնել Կովկասի ինստիտուտի տնօրէն, քաղաքագէտ Ալեքսանդր Իսկանդարեանը։
Նա յիշեցրել է, որ Հայաստանից արտահանւող եւ երկիր ներմուծւող ապրաքների մօտ 70%-ն անցնում է Վրաստանի տարածքով:
«Ես իրականում չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ գերբնական բան տեղի կունենայ: Վրաստանի այս ընտրութիւններում առանձնապէս զարմանալի ոչինչ չեմ տեսնում. այնտեղ իրավիճակը ընտրութիւններից առաջ էլ միանգամայն ակնառու էր։ Վերլուծաբանները գուցէ կասկածում էին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցութիւնը կոնկրետ քանի տոկոս կը հաւաքի, բայց շատերը վստահ էին, որ այն կը կարողանայ աւելի շատ ձայներ հաւաքել, քան ընդդիմութիւնը»,- նշել է նա։
Ըստ նրա՝ քաղաքականութեան մէջ, առհասարակ, շատ կարեւոր է ուշադրութիւն դարձնել ոչ միայն տեղի ունեցողին, այլեւ նրան, ինչը տեղի չի ունենում։
««Վրացական երազանք» կուսակցութիւնը յաղթում է 2012 թւականից ի վեր՝ երբեմն դժւարութեամբ, ամենատարբեր խնդիրներով, բայց յաղթում է: Այս ֆոնին ընդդիմութիւնն ի վիճակի չեղաւ միաւորւել։
Հասկանալի է՝ ինչու էին Իւանիշւիլիի նախաձեռնած այդ բոլոր օրէնքները (օտարերկրեայ գործակալների մասին օրէնքը-ԽՄԲ.) ընտրութիւններից առաջ ընդունւում՝ ընդդիմութեանը նախապէս կոտրելու նպատակով։ Իհարկէ, վարչական ռեսուրս էլ է կիրառւել, բայց այն սարսափները, որոնք հիմա նկարագրում են ընդդիմադիրները, հազիւ թէ լուրջ ազդեցութիւն թողած լինեն ընտրութիւնների արդիւնքների վրայ»,-նշել է քաղաքագէտը։
Նրա գնահատմամբ՝ ընդդիմութեան յաղթանակ ակնկալելը, առաւել եւս՝ ջախջախիչ յաղթանակ, իրականութեան հետ այնքան էլ աղերս չունէր։
«Այս ընտրութիւնները 90%-ով Վրաստանի ներքին ընտրութիւններ են, սա Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ պայքար չէ Վրաստանի դաշտում, սա պայքար է Վրաստանի ներսում՝ հասարակութեան տարբեր խմբերի միջեւ։
Վրաստանում, գոնէ միջնաժամկետ հեռանկարում, արեւմտամէտ կողմնորոշումից հեռանալն անհնար է։ Նոյնիսկ իշխանութիւններն են ասում, որ պատրաստ կը լինեն անդամակցել Եւրամիութեանը մինչեւ 2030 թւականը։ Պատկերացնել, որ Վրաստանում կը լինեն բացայայտ, բուռն ռուսամէտ տրամադրութիւններ, գործնականում անհնար է»,- նշել է փորձագէտը։
Իսկանդարեանի դիտարկմամբ՝ ընդդիմութեան՝ փողոցում յաջողութեան հասնելը կախւած կը լինի մի քանի գործօններից:
«Ես չգիտեմ, թէ մարդկանց փողոց դուրս բերելու որքան ներուժ ունի ընդդիմութիւնը: Երբ խօսքը հանրահաւաքի, ցոյցերի կամ քաղաքական գործունէութեան մասին է, կարեւոր է, թէ ինչ կը մտածեն Թբիլիսիի բնակիչները եւ ինչպէս դրանց կը մասնակցեն։ Գունաւոր յեղափոխութիւնները սովորաբար տեղի են ունենում մայրաքաղաքներում։ Կարեւոր է նաեւ, թէ որքան մոտիւացւած է ոստիկանութիւնը եւ որքանով են պատրաստ իշխանութիւնները օգտագործել այդ ոստիկանութեանը:
Երկրորդ հարցը՝ որքա՞ն գումար ունի ընդդիմութիւնը երկարատեւ հանրահաւաքներ կազմակերպելու համար։ Որքան հասկացայ՝ իշխանութիւնները կտրեցին Արեւմուտքից լուրջ գումարներ ստանալու` ընդդիմութեան համար բոլոր հնարաւորութիւնները։
Ինձ չի թւում, թէ ընդդիմութիւնը յեղափոխութիւն անելու համար բաւականաչափ ներուժ ունի, բայց այն բաւական կը լինի հանրահաւաքներ անելու համար, ընդորում՝ բաւականին լուրջ հանրահաւաքներ»,- յաւելել է քաղաքագէտը։
Իսկանդարեանի համոզմամբ՝ խաղադրոյքներն այժմ այնքան բարձր չեն արեւմտեան ուժային կենտրոնների համար, որպէսզի միասնական ճակատով այժմ ամէն կերպ աջակցեն իշխանափոխութեանը Վրաստանում։
«Վրաստանն Արեւմուտքի համար կենսական նշանակութիւն չունի։ Վրաստանի՝ Եւրամիութեանն անդամակցելու իրական հեռանկար չկար էլ, հիմա էլ չկայ։ Վրաստանի ներսում ողջ բանավէճը մի հարցի շուրջ է՝ մեզ ինչ-որ մեդա՞լ է պէտք, թէ մեր խնդիրների լուծում, մենք զարգացնելո՞ւ ենք մեր երկիրը, թէ գնալու ենք ինչ-որ ուղղութեամբ՝ կորցնելով ամէն ինչ եւ, պատկերաւոր ասած, կտրելով մեր ձեռքն ու ոտքը։ Երկրորդ բանավէճը հանգում է նրան, որ պէտք է արեւմտեան հանրութեան մաս դառնալ։ Տրամաբանական այս երկու դատողութիւնների բախումն էլ տեղի է ունենում Վրաստանում»,- ընդգծել է Իսկանդրեանը։