Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը տարածաշրջանում խաղաղութեան եւ հաշտեցման հիմնաքարն է

«ԱԼԻՔ» – Եւրոպական խորհրդարանում ոգեկոչել են Հայոց Ցեղասպանութեան տարելիցը, զուգահեռներ անցկացրել Արցախում իրականացւած էթնիկ զտման հետ:
Եւրոպական խորհրդարանի ապրիլի 3-ի լիագումար նիստի ընթացքում յատուկ ոգեկոչւել է Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցը։ Եւրոպական խորհրդարանի բազմաթիւ պատգամաւորներ ընդգծել են պատմական այդ ողբերգութեան եւ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի հարկադիր տեղահանումների միջեւ խոր զուգահեռները։ Խորհրդարանականները Թուրքիային եւ Ադրբեջանին կոչ են արել ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը՝ որպէս հաշտեցման կարեւոր քայլ եւ խստօրէն քննադատել ԵՄ-ի շարունակական համագործակցութիւնը Ադրբեջանի հետ՝ չնայած վերջինիս գործողութիւններին։
ԵԺԿ խմբակցութիւնից Միրիամ Լեքսմանն ընդգծել է ճանաչման եւ հաշտեցման հիմնական կապը՝ նշելով. «Յարաբերութիւնների կարգաւորման միակ ուղին ճանաչելն ու ճանաչման ուղղութեամբ աշխատանքն է։ Ճանաչումն ու հաշտեցումը պահանջում են քաջութիւն՝ առերեսւելու անցեալին եւ ապագան կառուցելու պատմական ճշմարտութեան վրայ։ Սա առաւել քան երբեւէ կարեւոր է այսօր, երբ հարիւր հազարաւոր մարդիկ Լեռնային Ղարաբաղից տեղահանւել են Ադրբեջանի կողմից իրականացւած վայրագութիւնների պատճառով»։
Խորհրդարանի սոցիալ-դեմոկտրատական քաղաքական խմբից Եանիս Մանիատիսը շարունակելով նախորդ բանախօսի միտքը՝ մասնաւորապէս ասել է. «…Դա յիշեցնում է վերջին դէպքերը Լեռնային Ղարաբաղում, երբ հարիւր հազարաւոր մարդիկ ստիպւած եղան լքել իրենց տները, եւ նրանց մշակութային ժառանգութիւնը ենթարկւեց համակարգւած ոչնչացման։ Սա ցաւալի յիշեցում է այն բանի, որ առանց յիշողութեան ու ճանաչման անցեալը կրկնւելու է»։ Մանիատիսը նաեւ համեմատութիւն է անցկացրել Օսմանեան Կայսրութիւնում յոյների, հայերի եւ ասորիների հալածանքների եւ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանումների միջեւ՝ նշելով, որ իր ընտանիքը եւս դարձել է այդ հալածանքների զոհը՝ ստիպւած դառնալով փախստական։ Նա ԵՄ-ին կոչ է արել աւելացնել ճնշումը Թուրքիայի վրայ՝ «իր անցեալի յանցագործութիւնները» ճանաչելու համար։
Եւրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցութիւնից Նիկոլա Բայը, ընդգծելով պատմական համատեքստն ու առկայ սպառնալիքները, նշել է. «110 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկւեց սարսափելի Ցեղասպանութեան Թուրքիայի կողմից, որը մինչ այժմ չի ճանաչել այդ յանցագործութիւնը։ 110 տարի շարունակ նրանք փորձել են զաւթել հայկական հողերը եւ վերացնել հայ ժողովրդին»։ Նա նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան պայմանագրի շուրջ բանակցութիւնների վերաբերեալ զգուշացրել է.«Չլինենք միամիտ. Ադրբեջանի պահանջները ցուցաբերում են Բաքւի վատ մտադրութիւնները։ Մենք պէտք է հաստատակամ կանգնենք հայ ժողովրդի կողքին եւ ապահովենք, որպէսզի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ցանկացած համաձայնութիւն հիմնւած լինի Հայաստանի տարածքային ամբողջականութեան եւ հայ ժողովրդի իրաւունքների ճանաչման վրայ»։
Եւրոպական Միութեան դերը եւ պատասխանատւութիւնն այս պատմական զուգահեռների ու շարունակւող ճգնաժամի պայմաններում խորապէս քննադատւեցին լիագումար նիստի ժամանակ։ Մարկետա Գրեգորովան (Կանաչներ) կասկածի տակ առաւ ԵՄ արժէքների նկատմամբ հաւատարմութիւնը՝ նշելով, որ անցեալի ոճիրների յիշատակումը պէտք է վերածւի ներկայ անարդարութիւնների դէմ գործողութիւնների. «Մենք չենք կարող շարունակել փակել մեր աչքերը, երբ դա յարմար է մեզ»։ Գրեգորովան ընդգծել է Լեռնային Ղարաբաղից հայերի հարկադիր տեղահանումը՝ միաժամանակ նշելով, որ ԵՄ երկրները շարունակում են գազ ներմուծել Ադրբեջանից եւ պահպանում են համագործակցութեան յուշագիրը Բաքւի հետ։ Նրա կոչն էր. «Աջակցենք Հայաստանին՝ տարածաշրջանում մնացած վերջին ժողովրդավարութեանը»։
Նոյն լրջութեամբ հարցին անդրադարձաւ նաեւ Պերնանդօ Բարենա Արզան (Ձախեր), ով տեղի ունեցածը բացայայտ կոչեց «էթնիկ զտում»։ Նա ԵՄ-ին կոչ արեց վճռականօրէն դատապարտել Ադրբեջանի գործողութիւնները եւ չմոռանալ հայ փախստականների ու քաղաքական բանտարկեալների ճակատագիրը, որոնք ենթարկւում են «կեղծ դատավարութիւնների եւ վճիռների»։ Բարենա Արզան պնդեց՝ ԵՄ-ն պէտք է աւելի ակտիւ ներգրաււածութիւն ունենայ՝ Ադրբեջանին ստիպելու փոփոխել իր պահւածքը եւ կանխելու հետագայ բռնութիւնները Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։
Ամփոփելով ներկայի ու անցեալի այս խորքային վերլուծութիւնը՝ Մարի Թուսենը (Կանաչներ) շեշտել է՝ Հայոց Ցեղասպանութիւնը մնում է «բաց վէրք հայ ժողովրդի եւ եւրոպացիների յիշողութեան մէջ»։ Նա ընդգծել է այդ յիշողութիւնը պահպանելու եւ ժխտման դէմ պայքարի բարոյական պարտքը։ Թուսենը ցեղասպանութեան պատմական արդարութիւնը կապել է հայ ժողովրդի ներկայիս տառապանքների հետ՝ մատնանշելով Ադրբեջանում բանտարկւած քաղաքական գործիչներին, Լեռնային Ղարաբաղից տեղահանւած հարիւր հազարաւոր մարդկանց՝ ովքեր զրկւած են վերադարձի իրաւունքից։
Պատգամաւորն անդրադարձել է նաեւ ԵՄ-Ադրբեջան էներգետիկ քաղաքականութեան հետեւանքներին։ Խօսքի աւարտին պատգամաւորը նկատել է. «Պատմութիւնը կրկնւում է այլ ձեւերով, բայց նոյն անպատժելիութեամբ»։
Լիագումար նիստը յստակ ցոյց տւեց Եւրոպական խորհրդարանի դատապարտումը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների վերաբերեալ՝ հաստատելով, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը տարածաշրջանում խաղաղութեան եւ հաշտեցման հիմնաքարն է։ Խորհրդարանականնները ԵՄ անդամ պետութիւններին դիմել են կոչով՝ որդեգրել աւելի հետեւողական եւ սկզբունքային արտաքին քաղաքականութիւն, որը գերադասում է մարդու իրաւունքներն ու միջազգային իրաւունքը՝ տնտեսական շահերից։
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը, որպէս համաեւրոպական կառոյց, որը ներկայացւած է եւրոպական 14 երկրում, իր խորին շնորհակալութիւնն է յայտնում այն պատգամաւորներին, ովքեր յարգեցին Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը եւ շարունակում լուսաբանել հայ ժողովրդի պայքարը՝ յատկապէս Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանւած հայերի։ Մեկնաբանելով այս հարցը՝ Հայ
Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահը կարեւորել է մի շարք պատգամաւորների կողմից ԵՄ գործադիր իշխանութեան հասցէին հնչեցւած քննադատութիւնները՝ նշելով, վերջինիս քաղաքական կամքի պակասը «ցեղասպանութիւն» բառն օգտագործելու, ինչպէս նաեւ այդ յանցագործութեան զոհերի հանդէպ պատշաճ յարգանք եւ արժանապատիւ վերաբերմունք ցուցաբերելու հարցում։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
04 ապրիլ 2025 թ.