Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատի կողմից ընդունւած բանաձեւի վերաբերեալ
Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատը յունւարի 17-ին, գրեթէ միաձայնութեամբ, ընդունեց Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեանն աջակցող, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ եւ հայ բնակչութեան՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրաւունքի երաշխիքներ պահանջող բանաձեւ։ Ստեղծւած իրավիճակում չափազանց կարեւոր է Ֆրանսիայի Օրէնսդիր մարմնի բարձր պալատի կողմից այնպիսի քաղաքական դիրքորոշումը, որը ենթադրում է աջակցութիւն Հայաստանի տարածքային ամբողջականութեանն ու ինքնորոշմանը, Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայի դատապարտում, հայ բնակչութեան վերադարձի իրաւունքի երաշխաւորման անհրաժեշտութիւն, Հայաստանի Հանրապետութեան տարածքների դէօկուպացիա, Հայաստանի կողմից իր անվտանգութիւնը, այդ թւում ռազմական ճանապարհով, պաշտպանելու կարողութիւնների զարգացում, Բաքւում պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատութիւն, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն։ Կարեւոր նշանակութիւն ունի նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների կիրառման պահանջը։
Ընդունւած բանաձեւը համահեղինակել են ֆրանսիական Սենատի քաղաքական բոլոր խմբակցութիւնների ղեկավարները, ինչը հայութեան հանդէպ ֆրանսիական ներքաղաքական համախոհութեան կարեւոր ցուցիչ է։
Այս բանաձեւի ընդունումը մաս է կազմում վերջին շրջանում Եւրոպայում եւ յատկապէս Ֆրանսիայում հայկական շահերի պաշտպանութեան ծաւալուն միջոցառումների, որոնց կարեւոր մի մաս ներկայումս առաջ է մղւում «Եւրոպացիները յանուն Արցախի» հարթակի միջոցով, որի կազմակերպմամբ՝ յունւարի 27-ին եւ 28-ին, եւրոպական 15 երկրների աւելի քան 55 քաղաքներում նախատեսւած են տարաբնոյթ միջոցառումներ։ Ֆրանսիայում միջոցառումներ կանցկացւեն 13 քաղաքներում։
Լիահոյս ենք՝ ֆրանսիական օրէնսդրի կողմից ընդունւած այս բանաձեւն ամբողջապէս ուղենշային կը լինի Ֆրանսիայի գործադիր իշխանութեան համար եւ կը վերաճի ամբողջական պետական քաղաքականութեան։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
18.01.2024 թ.