Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կարէն Իգիթեան. «Ալէն Սիմոնեանը ստում է. ՄԱԿ-ի 4 բանաձեւերն ուրիշ բան էին ասում. Ղարաբաղի տէրը լինելու՝ Ադրբեջանի իրաւունքը ոչ մէկը չէր ճանաչում»

«Եթէ երկրի ղեկավարութիւնը վճռականութիւն չունի պաշտպանելու իր երկրի շահերը, ապա այդ շահերը երբեք չեն պաշտպանւելու։ Փաշինեանի համար ոչինչ չի նշանակում լաւ բանակը, իսկ ինչի՞ են, օրինակ, բոլոր հարեւան երկրները զարգացնում հէնց իրենց բանակները։ Նոյն Ադրբեջանը 2020 թւականի պատերազմից յետոյ ամէն անգամ ռազմական բիւջէն աւելացնում է, նոր զօրամասեր է ստեղծում: Հէնց բանակն է օգտագործել Ադրբեջանը, հէնց բանակն է օգտագործելու Ադրբեջանը, ու եթէ Հայաստանի կառավարութիւնը հրաժարւում է այդ գործիքից, ուրեմն նա վտանգաւոր է պետութեան համար»: 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է տարածաշրջանային հարցերով փորձագէտ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարէն Իգիթեանը:

Նրա խօսքով՝ բանակը գործիք է եւ իրականացնում է այն, ինչ որ իրեն առաջադրում է պետութիւնը, պետութիւնն է նպատակն ասում։

«Հիմա եթէ պետութիւնն ասում է՝ դու կարեւոր չես, դու մի կողմ գնայ, մենք այդ հարցերը մի ձեւ կը լուծենք, կը խօսենք, բայց չկայ բանակ, չունեն դիւանագիտութիւն, ինչի՞ հիման վրայ են պաշտպանւելու։ Այ հէնց դրա պատճառով է այս իշխանութիւնն այդքան վտանգաւոր Հայաստանի համար»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Ալէն Սիմոնեանի այն յայտարարութեանը, թէ՝ «Մենք շատ նեղսրտում էինք, երբ որ երրորդ Ղարաբաղեան պատերազմը սկսւեց, թէ ինչի՞ աշխարհը մեր ուզած ձեւով չէր արձագանգում այդ պատերազմին, իսկ պատճառը նաեւ լեգիտիմութեան պակասն էր, մեր կողմի լեգիտիմութեան պակասն էր։ Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողութիւն, որի տակ ինքն ունէր առնւազն ՄԱԿ-ի երեք-չորս բանաձեւ», Կարէն Իգիթեանն ասել է՝ դա բացառիկ սուտ է:

«Իրականում չորս բանաձեւ կայ Անվտանգութեան խորհրդում, բայց այդ բանաձեւերը բոլորն առաջին հերթին պահանջում էին դադարեցնել ռազմական գործողութիւնները, որը չի կատարել Ադրբեջանը։ Եւ հէնց այդ պատճառով ՄԱԿ-ի անվտանգութեան խորհուրդն էլ չի ընդունել ոչ մի բանաձեւ եւ փոխանցել է Ղարաբաղի խնդրի կարգաւորման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այսինքն՝ աւելի մասնագիտացւած կառոյց են ստեղծել, որը հէնց այդ հարցով է զբաղւում, եւ դրանից յետոյ այդ բանաձեւերն էլ ուժ չունեն: Աւելին ասեմ, իրենք հէնց այդ պահին ուժ չունէին, որովհետեւ երկու կողմն էլ, սկսած Ադրբեջանից, չեն կատարել այդ կէտերը։ Ադրբեջանը չի դադարեցրել ռազմական գործողութիւնները, հայկական զօրքերը չեն լքել այն տարածքները, որի մասին որ խօսում են այդ բանաձեւերում։ Սա շատ կարեւոր է: Իսկ յետոյ բանակցային ճանապարհը լրիւ ուրիշ է եղել, եղել են լրիւ ուրիշ փաստաթղթեր»,- ասել է փորձագէտը:

Կարէն Իգիթեանի խօսքով՝ երբ Փաշինեանն ասաց՝ մենք զրոյական կէտից ենք սկսում, այդտեղ նա հնարաւորութիւն տւեց Ադրբեջանին ասել՝ դէ, եթէ Սերժ Սարգսեանի, Ռոբերտ Քոչարեանի հետ բանակցածը դուք չեղարկում էք, ուրեմն մենք յետ ենք գալիս 90-ական թւականներ, Լիսաբոնի սամիթին, ուրեմն մենք յետ ենք գալիս ՄԱԿ-ի այդ բանաձեւերին, եւ այլն:

«Ալիեւն ասում էր, որ իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախութիւնը, ու ինքը ստիպւած էր պատերազմ սկսել այդ պատճառով։ Այսինքն՝ լեգիտիմ հիմք չունէր: Լեգիտիմութիւնն այն է, երբ որ բոլորը ճանաչում են քո իրաւունքը կամ քո իշխանութիւնը, եթէ իշխանութեան լեգիտիմութեան մասին է խօսքը։ Ադրբեջանի իրաւունքը՝ լինել Ղարաբաղի տիրակալ, ոչ մէկը չէր ճանաչում. հէնց այդ պատճառով էին իրեն փակ դռների հետեւում ստիպում ճանաչել Արցախի անկախութիւնը։ Եւ այս երկու քաղաքական գործիչն իրար հակասում են։ Սա շատ հետաքրքիր է, որովհետեւ ստացւում է, որ կոնկրետ այդ կէտում շատ աւելի պրոադրբեջանական բան է ասում Ալէն Սիմոնեանը, թէ իբր Ադրբեջանը պատերազմ սկսելու լեգիտիմութիւնն ունէր։ Ալիեւն էլ է ասում, որ չունէր։ Ասում է՝ ոչ մէկին չէին հետաքրքրում այդ բանաձեւերը, մեզ ասում էին՝ պարտւել էք, ճանաչէք Ղարաբաղի անկախութիւնը»,- նշել է նա:

Նրա խօսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դէմ Ալիեւը գործընթաց էր սկսում։

«Իրենք բողոքում էին: Երբ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում էին Երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի հետ, ադրբեջանական տարբեր գործիչներ, այդ թւում՝ հաջիեւներ եւ այլք, ասում էին՝ մենք պէտք է միջազգային հարթակներում, ատեաններում հայցեր ներկայացնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դէմ, որովհետեւ նրանք պրոհայկական զեկոյցներ են գրում։ Հիմա նրանք առաջ են քաշում ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու մասին հարցն առհասարակ։ Դէ, Ադրբեջանի տեսանկիւնից շատ լաւ կը լինի, եթէ փակւի։ Կարծում եմ՝ մեծ փաթեթի մէջ, այո, եթէ մեծ փաթեթ լինի, որտեղ որ ինչ-որ փաստաթուղթ լինի, գուցէ եւ Փաշինեանը կը փակի: Բայց հայ-ադրբեջանական հակամարտութիւնը մնում է։ Ու եթէ դա մնում է, ապա Մինսկի խումբը պէտք է»,- եզրափակել է Կարէն Իգիթեանը:

Related Articles

Back to top button