Արթուր Խաչիկեան եւ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայեան. «Մակրոնն ապշել էր, որ Փաշինեանը ոչ մի բանի դիմաց, այդքան հեշտութեամբ յանձնեց Արցախը. Հայաստանը խաղալիք է Արեւմուտքի ձեռքին՝ ընդդէմ Ռուսաստանի»
168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրերընկալել էր ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտութեան դոկտոր Արթուր Խաչիկեանին ու Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրաւունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխաւոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայեանին։
Նշենք, որ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայեանը 2001-2007 թթ. զբաղեցնում էր Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիայի (International Federation for Human Rights/FIDH) գլխաւոր քարտուղարի պաշտօնը: Սկսած 2003-ից Կալֆայեանն աշխատում էր նաեւ որպէս Եւրոպայի խորհրդի գլխաւոր տնօրինութեան Մարդու իրաւունքների եւ իրաւունքի գերակայութեան հարցերով խորհրդական:
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
Կալֆայեան – Եւրամիութեան (ԵՄ) կողմից կամք չեմ տեսել՝ Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու համար։ Սա քաղաքական խաղ է։ Այլ նպատակ չկայ, քան Հայաստանը Ռուսաստանից կտրելը։ Վիզաների ազատականացման մասին 20 տարի է՝ խօսում են, բայց ոչ մի առաջընթաց չկայ։
Խաչիկեան – ԱՄՆ-ը առաջինն է ընդունել օտարերկրեայ գործակալների մասին օրէնքը, սակայն այսօր վրացիներին թոյլ չեն տալիս նմանատիպ օրէնք ունենալ: Եթէ դուք փող էք ստանում դրսից ու ներկայացնում էք ձեզ ֆինանսաւորողների շահերը, ապա դուք պէտք է գրանցւէք՝ որպէս օտարերկրեայ ագենտ։ Սա ԱՄՆ-ի «Օտարերկրեայ գործակալների մասին» օրէնքն է։
Խաչիկեան – Աշխարհը ՆԱՏՕ-Արեւմուտք-Ռուսաստան հակամարտութեան մէջ ներքաշելը սարսափելի, ողբերգական սխալ էր, եւ Հայաստանը դարձաւ դրա զոհը։ Մենք չպէտք է այդ խաղի մէջ մտնենք, ինչպէս Ադրբեջանը չի մտնում, ինչպէս Վրաստանը չի մտնում։
Կալֆայեան – «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրաւունքների ու միջազգային իրաւունքի խախտումների եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների» վերաբերեալ Եւրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը, իհարկէ, դրական է, բայց դրանք միայն խօսքեր են… Քանի՜ տարի է՝ Ադրբեջանը խոշտանգում է մեր գերիներին… Պէտք է հասկանալ՝ այս բանաձեւի հետեւում ի՞նչ խաղ է իրականում թաքնւած։
Միգուցէ պարզապէս այդպիսով փորձում են Ադրբեջանին ճնշել, որ ստորագրի խաղաղութեան պայմանագիրը։
Ընթերցողին յիշեցնենք, որ օրերս Եւրոպական խորհրդարանն «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրաւունքների ու միջազգային իրաւունքի խախտումների եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների» վերաբերեալ բանաձեւն ընդունեց 453 կողմ, 31 դէմ, 89 ձեռնպահ ձայներով, ձայների գերակշիռ մեծամասնութեամբ։
Բանաձեւում, բացի Ադրբեջանի նկատմամբ բաւական խիստ քննադատութիւնից ու նրա ներքին կեանքին վերաբերող պահանջներից, կան առարկայական պահանջներ՝ կապւած մեզ համար կենսական հարցերի հետ՝ արցախահայերի վերադարձի իրաւունքի ապահովում, Բաքւում գտնւող հայ ռազմագերիների ազատ արձակում, պատմական եւ մշակութային յուշարձանների պահպանութիւն՝ ԻՒՆԵՍԿՕ–ի մուտքի ապահովում, եւ այլն։ Արցախին վերաբերող բաժնում ԵԽ–ն կոչ է անում Ադրբեջանին կատարել այդ քայլերը՝ յղում անելով Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումներին։ Եւ սա՝ այն դէպքում, երբ Ադրբեջանը մէկ տարի շարունակ ոտնահարել է միջազգային ամենահեղինակաւոր դատարանի վճիռները:
Նշենք նաեւ, որ առաջին անգամ չէ, երբ ականատեսն ենք լինում Եւրոպայի խորհրդարանական եւ գործադիր իշխանութեան քաղաքականութիւնների տարբերութիւններին:
Կալֆայեան – Այսօր այլեւս միջազգային իրաւունքը չի գործում. այն միայն թղթի վրայ գոյութիւն ունի, որեւէ արժէք, ցաւօք, չունի միջազգային իրաւունքը: Բոլոր դիկտատոր ռեժիմներն օգտագործում են այդ հանգամանքը։
Կալֆայեան – Երբ COP-29-ը աւարտւի, շատ բարդ ժամանակ է գալու։ Իսրայէլը կարող է յարձակւել Իրանի վրայ։ Հայաստանի համար եւս շատ դժւար իրավիճակ է լինելու:
Խաչիկեան – Երբ ԱՄՆ-ը ֆինանսաւորում ու հովանաւորում է պաղեստինցի 50.000 երեխաների սպանութիւնը, հասկանում ես, որ միջազգային իրաւունք գոյութիւն չունի։ Երբ էթնիկ զտման է ենթարկւում Արցախը, մենք դա նոյնպէս տեսնում ենք։ Ցանկացած ՄԱԿ-ի փաստաթղթով էթնիկ զտումն արգելւում է, բայց որոշ դէպքերում միջազգային իրաւունքը, ինչպէս Արցախի դէպքում, չի գործում:
Կալֆայեան – ԵՄ-ն այսօր ինձ համար այլեւս քաղաքական կշիռ չունի։ Ես տեսնում եմ, որ այսօր միայն ռազմական ուժն է հարցեր լուծում։ ՆԱՏՕ-ն է հարց լուծողը, ոչ թէ Եւրամիութիւնը:
Կալֆայեան – Մակրոնն այն խօսքերը, որ շռայլում էր Հայաստանի հասցէին, ասել է նաեւ Լիբանանի համար։ Ընդորում, Ֆրանսիան Լիբանանում աւելի մեծ շահեր ունի։ Եւ ի՞նչ արեց Մակրոնը, երբ Իսրայէլը հարւածեց Լիբանանին։ Ոչի՛նչ։ Ֆրանսիան նախկինում չէզոք արտաքին քաղաքականութիւն էր վարում, այսօր լրիւ ՆԱՏՕ-ական քաղաքականութիւն է վարում:
Խաչիկեան – Շատ վիրաւորական է, որ իր նամակում ԱՄՆ նախագահ Բայդէնը Փաշինեանին ուղղւած ոչինչ չի ասում Ադրբեջանի կողմից ՀՀ օկուպացւած տարածքների, Արցախի էթնիկ զտման, ռազմագերիների մասին…
Խաչիկեան – Խաղաղութիւնը փաստաթուղթը չի երաշխաւորում, պետութիւնն է երաշխաւորում։ Պայմանագիրը գոյութիւն ունի այնքան ժամանակ, քանի դեռ չեն փոխւում շահերը։ Շահերի փոփոխութեան հետ որեւէ պայմանագիր դադարում է գործել: Մեզ ռէալ անվտանգութեան երաշխիքներ չեն տալիս։ ԱՄՆ-ը մեզ այսօր որեւէ ռէալ բան չի առաջարկում։
Կալֆայեան – Բայդէնի, Հարիսի, Թրամփի բոլոր նամակները, հրապարակւած խօսքերը խաղ են, որոնք մեզ չեն օգնելու։ Սրանք ներքին քաղաքական նպատակ ունեն՝ հայերի ձայները ստանալու նպատակ։ Եւ վե՛րջ։
Խաչիկեան – ԱՄՆ գործիչները գիտեն՝ որտեղ ինչ ասեն։ Գնում են Նիւ Եօրք, ասում են, որ հրեաներին են շատ սիրում, որովհետեւ հրեաներն այնտեղ շատ են։ Կալիֆորնիայում հայերին են սիրաշահում, Ֆլորիդայում վատ բաներ են ասում Ֆիդէլ Կաստրոյի մասին, քանի որ Ֆլորիդայում շատ են կուբացի ներգաղթեալները… Սրանք ընդամէնն ընտրողների ձայները ստանալու, կորզելու համար է։ Պէտք է յիշել, որ այսօր ԱՄՆ-ի ընտրութիւնների ճակատագիրը կարող է որոշել 10.000 մարդ։ Հետեւաբար՝ ընտրութիւններում ձայներ ստանալու կռիւ է:
Կալֆայեան – Արցախը Փաշինեանը յանձնեց ոչ մի բանի դիմաց։ Նոյնիսկ Մակրոնն էր զարմացել, որ Փաշինեանն այդքան հեշտութեամբ յանձնեց Արցախը։ Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա ասել էր՝ ես դարձայ Հայաստանի պաշտպանը, բայց ձեր վարչապետը դիւրին կերպով, շատ հանգիստ յանձնեց Արցախը:
Կալֆայեան – Տեսնում ենք՝ Ալէն Սիմոնեանը շատ կոպիտ ու անիմաստ բաներ կարող է ասել կարեւոր խնդիրների վերաբերեալ։ Իրականում Ադրբեջանը ՄԱԿ-ի 4 բանաձեւեր ունէր 5 շրջանների վերաբերեալ։ Դրանք իր համար իրաւական փաստաթղթեր էին։ Բայց այդ բանաձեւերն ամբողջ Ղարաբաղի մասին չէին։ Դրանք չէին վերաբերում ԼՂՀ-ին։ Բացի դրանից, ՄԱԿ-ի Կանոնադրութիւնն արգելում է հակամարտութիւնների ժամանակ ուժի կիրառումը։ Որեւէ երկրում չի կարող լինել պաշտօնեայ, ով կարդարացնի հակառակորդի յարձակումը։
Կալֆայեան – Մեր գերիները Բաքւում Հայաստանի իշխանութեան կողմից լքւած են։ Յիշէք՝ ինչ ասաց Փաշինեանը Ռուբէն Վարդանեանի մասին։ Դա դաւաճանութիւն էր։ Չի կարելի նման կերպ արտայայտւել քո հայրենակիցների մասին։
Խաչիկեան – Մենք ինչպէ՞ս ենք ապահովելու մեր անվտանգութիւնը, երբ ուժերի բալանսն անհաւասար է, ու մենք բուտերբրոդի պէս դրւած ենք Ադրբեջանի բերանում։ Առանց դաշնակիցների՝ մենք մեզ ինչպէ՞ս ենք պաշտպանելու:
Խաչիկեան – Համոզւած եմ՝ շուտով մեզ փաստի առաջ են կանգնեցնելու, քանի որ համաձայնութիւն կայ, ենթադրում եմ՝ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ։ Ու մեզ ասելու են՝ մի վախեցէք, մեր ինքնիշխանութեանը ոչինչ չի սպառնում, այնտեղ Արեւմուտքից մասնաւոր պահնորդական կազմակերպութիւն է կանգնած, ու ամէն ինչ նորմալ է:
Կալֆայեան – Ամենավատն այն է, որ կարճ ժամանակ անց մեր ձեռքում իրաւական հիմքեր չեն մնալու մեր իրաւունքները պաշտպանելու համար։ Եթէ դու մասնաւոր ընկերութեան հետ երրորդ երկրի մասնակցութեամբ պայմանագիր ես կնքում, դու չես կարող այդ երկրի կարծիքը հաշւի չառնել:
Խաչիկեան – Կալինինգրադում ոչ մի մասնաւոր ընկերութիւն ու սուվերենութեան զիջում չկայ։ Լիտւա մտնելու ռեժիմը բոլորովին այլ է, բայց միեւնոյն է, վիզա պէտք է։ «Զանգեզուրի միջանցք»-ի պարագայում կարող է կրկնւել Դանցիգի միջանցքի մոդելը:
Կալֆայեան – Ադրբեջանական կողմը յայտարարել է, որ Փաշինեանն այսօր կայ, վաղը՝ ոչ, ու իրենք պայմանագիր են կնքում հայ ժողովրդի եւ ոչ թէ՝ Փաշինեանի հետ, հետեւաբար՝ սահմանադրական հանրաքւէ պէտք է լինի Հայաստանում: Դա նոր ճնշում է Փաշինեանի վրայ։
Յիշեցնենք, որ գերմանական Berliner Zeitung հրատարակութեանը տւած հարցազրոյցում Ադրբեջանի նախագահի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբէգովն օրերս յայտարարել է.
«Հայաստանի Հանրապետութեան տարածքային պահանջներն Ադրբեջանի Հանրապետութեան նկատմամբ եղել են հակամարտութեան հիմնական պատճառը հէնց առաջին իսկ օրւանից, եւ տեւական ու անշրջելի խաղաղութեան հասնելու համար անհրաժեշտ է վերջնականապէս արմատախիլ անել այն։ Իսկ դա անհնար է անել առանց Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան։ Եթէ այս երկրի հիմնական օրէնքը մնայ ներկայիս տեսքով, ապա խաղաղութեան պայմանագիրը կարճատեւ կը լինի, քանի որ Հայաստանի Հանրապետութեան ցանկացած նոր ղեկավարութիւն, ընդդիմանալով Ադրբեջանի հետ խաղաղութեանը, պարզապէս կը պախարակի այն՝ պատճառաբանելով ամենաբարձր իրաւական ուժ ունեցող սահմանադրութեան հետ համաձայնագրի անհամապատասխանութիւնը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղութիւն կնքել ոչ թէ վարչապետ Նիկոլ Փաշինեանի, այլ Հայաստանի հետ»,- ասել է Ամիրբէգովը։
Կալֆայեան – Հայաստանի իշխանութիւնն արդեն սկսել է իր խօսքը փոխել։ Նախորդ շաբաթ Մհեր Գրիգորեանը յայտարարեց, որ նոր քարտէզներ են օգտագործւելու սահմանազատման եւ սահմանագծման համար։ Ի՞նչ նոր քարտէզներ են: Սա շատ վտանգաւոր է։
Խաչիկեան – Վրաստանը շատ կարեւոր երկիր է, Հարաւային Կովկասի կենտրոնն է։ Այնտեղ կարող է իշխանութիւնը բախւել պրոարեւմտեան ուժերի հետ ու լինել նոր Մայդան։ Վրացիները տանը չեն նստի։ Մեզ պէս Ղարաբաղը յանձնելիս փողոցներում, ռեստորաններում նստած սուրճ չեն խմի։ Յանուն իրենց երկրի, պետութեան՝ նրանք դուրս կը գան, ու բախում կը լինի:
Կալֆայեան – Եթէ COP-29-ից յետոյ Բաքւի բանտերում գտնւող հայ գերիներին վերադարձնէին, դա շատ մեծ նւէր կը լինէր Փաշինեանի համար, բայց ես չեմ հաւատում դրան:
Կալֆայեան – Եթէ ես լինէի վարչապետ, ես Բաքու ոտք չէի դնի, քանի դեռ մեր բոլոր գերիները չեն վերադարձւել Ադրբեջանի կողմից:
Խաչիկեան – Հեծանիւ քշելը PR ակցիա է։ Ցոյց են տալիս, որ Ղարաբաղը չկայ, Հայաստանից տարածքներ են յանձնել, հազարաւոր զոհեր են տւել, բայց կեանքը շարունակւում է։ Հայաստանում հազար ու մի փառատօներ են անցկացնում՝ բոզբաշի, գինու, խորովածի, պանրի, հեծանիւ ենք քշում, ամէն ինչ լաւ է… Մարդկանց ուղեղների վրայ են ազդում, ցոյց են տալիս, թէ իբր ամէն ինչ լաւ է…
Կալֆայեան – Հայաստանը պիտի մտնի ԲՐԻԿՍ-ի մէջ, որովհետեւ մեր տնտեսական ապագան այս տարածաշրջանում է, ոչ թէ Եւրամիութիւնում։ Մենք ոչինչ չունենք Եւրոպային վաճառելու։ Մեր ռազմական շահերն էլ են ԲՐԻԿՍ-ի հետ, ոչ թէ ԵՄ-ի։ Մենք այսօր Արեւմուտքի ձեռքին խաղալիք ենք Ռուսաստանի դէմ: