ԹեհրանՀամայնք

Հ. Մ. «Սիփան» միութեան «Կոմիտաս» երգչախմբի 45-ամեակի տօնակատարութիւնը

Ի՞նչն է աւելի վեհ ու բարձր, քան ծառայել մեր ոսկեղնիկ մշակոյթին եւ դա էլ կենդանի ձեւով

Ձօն

Հ. Մ. «Սիփան» միութեան «Կոմիտաս» երգչախմբի 45ամեակին

 

Հայ երգը

Սիրուց ծնւած մեր երգերը

Հոգիներ են զմայլում

Ոգեշնչում, գոտեպնդում,

Միակամ են մեզ դարձնում։

 

Հայ երգը մեզ

Թռիչքի թեւ պարգեւում։

Այդ թեւերով

Սլանում ենք ուր կուզենք։

Մերթ ճախրում ենք

Դէպի խորքը պատմութեան,

Մերթ սաւառնում ու երազում

Լոյս օրերը մեր գալիք։

Սիրուց ծնւած մեր երգերը,

Սէր են սփռում ու բարիք

Եւ մաքրում են ու սփոփում

Սրտերը մեր թախծապատ։

 

ԱՐՓԻ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ

Հ. Մ. «Սիփան» միութիւնը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 23-ին միութեան «Նայիրի» սրահում նշեց միութեան «Կոմիտաս» երգչախմբի 45-ամեակը «Կոմիտաս» երգչախմբի ընտանիք հետ միասին:

Միջոցառմանը ներկայ էին Թեհրանում բնակւող երգչախմբի անցեալ 45 տարիների անդամները, խմբավարները եւ դաշնակահարները:

Ընտանեկան ջերմ մթնոլորտում, միութեան վարչութեան եւ Արւեստից մարմնի ներկայացուցիչների ներկայութեամբ տօնակատարութիւնը մեկնարկեց երգչախմբի ներկայ խմբավար Լուսինէ Միքայէլեանի Կոմիտաս վարդապետի «Հով արէք» երգի մենակատարումով:

Ծրագրի բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Ժիզէթ Տէր Օհանեանը, հաղորդավարելով ծրագրի բեմային հատւածը։ Բացման խօսքում նա ասաց. «…  Հայ երգը դարերի սլացքի հետ ամենուր զուգորդել է մեր ժողովրդին։ Խաղաղ օրերին այն արտացոլել է հայութեան ե՛ւ ուրախութիւնը, ե՛ւ տխրութիւնը, ե՛ւ աշխատանքը։ Երգով է մեր ժողովուրդը մրմնջացել իր աղօթքը։ Իսկ մեր պատմութեան դժնդակ օրերին երգով է նա իջել պայքարի դաշտ…»։ Ապա ներկայացրեց երգչախմբի հիմնադրման եւ անցնող երկարաձիգ տարիների ընթացքը 1979 թւականից մինչ օրերս։

Բացման խօսքի ընթացքում նաեւ յիշատակւեց, որ «…«Կոմիտաս» երգչախումբը իր եւ յատկապէս միութեան առաքելութեան համաձայն կատարած ելոյթների ընթացքում նոյնիսկ խմբի հիմնադիր խմբավար Տիգրան Սուքիասեանի հեղինակային երգերով է մասնակից եղել համայնքին յուզող հարցերի ու մարտահրաւէրների դիմագրաւման գործընթացին։ Նշեմ իրանահայ բանաստեղծներ Գրիշ Դաւթեանի եւ Ալմինի գրիչներին պատկանող եւ Տիգրան Սուքիասեանի երաժշտութեան ստեղծագործութեամբ բեմերից հնչւած «Յանուն հայ դպրոցին» եւ «Հաւատքով ու Զօրութեամբ» երգերը:

«Յանուն հայ դպրոցին» երգը՝ թեհրանահայութեան հայոց դպրոցների համար առաջացած դժւարութիւնների օրերին, ըստ հանրութեան՝ դպրոցները մենք չենք զիջի երգը, դարձել էր մի տեսակ պարտաւորեցնող քայլերգ եւ դաջւել բոլորիս սրտերում։

«Հաւատքով ու Զօրութեամբ» երգը՝ Հայ Դատի արդար պահանջատիրութեան համար Լիսբոնում Թուրքիայի դեսպանատան գրաւման ժամանակ ողջակիզւած 5 անձնազոհ մարտիկների յիշատակին երգն էր»:

Նշւեց նաեւ միութեան հիմներգի եւ Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ երջանկայիշատակ Արտակ արք. Մանուկեանի առաջնորդական գործունէութեան 25-ամեակի առիթով, Սրբազան Հօր գրչին պատկանող եւ Տիգրան Սուքիասեանի երաժշտութեան ստեղծագործութեամբ «Հող եւ արիւն» եւ «Լեռ» խորագրերով երգերի մշակմանը:

Ծրագիրը շարունակւեց «Կոմիտաս» երգչախմբի «Քնարական», «Մարտիկի երգ» եւ «Հայ եմ, հայ» երգերի կատարումով։ Ելոյթից յետոյ ցուցադրւեց երգչախմբի 45 տարիների բազմաթիւ ազգային կրօնական տօների ելոյթների, տարեկան համերգների ու զանազան աշխատանքների նկարները, ներկաների անցեալի յուշերը թարմացնելով։

Նկարների ցուցադրումից յետոյ բեմ հրաւիրւեց Միութեան Արւեստից բաժանմունքի ղեկավար մարմնի նախագահ Արփի Ալավերդեանը բարձր գնահատելով երգչախմբի կատարած աշխատանքը եւ հայ երգի ու երաժշտութեան անմնացորդ դերը հայ ժողովրդի կեանքում: Նա ասմունքեց իր գրչին պատկանող եւ Հ. Մ. «Սիփան» միութեան «Կոմիտաս» երգչախմբի 45-ամեակին ձօնած ասմունքը:

Շնորհաւորական եւ բարեմաղթանքի խօսքերով բեմ հրաւիրւեց միութեան վարչութեան նախագահ Հայկազ Շիրւանեանը: Նա դրւատանքով արտայայտւեց միութեան «Սիփան» երգչախմբի անցած 45-ամեայ վերիվայրումներով լի անցեալի մասին եւ կարեւորեց միութիւնների անժխտելի դերը սփիւռքում հայ ժողովրդի գոյապայքարի եւ մարտահրաւէրներին դիմագրաւելու գործում:

Ապա միութեան վարչութեան նախագահ Հայկազ Շիրւանեանի եւ Արւեստից բաժանմունքի նախագահ Արփի Ալավերդեանի ձեռամբ յուշանւէրներ յանձնւեցին երգչախմբի հիմնադիր խմբավար Տիգրան Սուքիասեանին, ներկայ խմբավար Լուսինէ Միքայէլեանին, հիմնադիր դաշնակահար լուսահոգի Սերոժ Գէւորգեանին փոխարինող Ռուբէն Արզումանեանին, ներկայ դաշնակահար Էնջելինա Ղարիբեանին եւ երկար տարիներ երգչախմբի կողքին կանգնած ձայնավարժութիւն ուսուցանող եւ երգչուհի Ժենիկ Պետրոսեան-Սուքիասեանին։ Շնորհակալական խօսքերով եւ գնահատումներով յիշատակւեց երգչախմբի հետ համագործակցութիւն ունեցած խմբավարներ՝ Էլպիս Մասեհեանի, Վրէժ Մելիքեանի, դաշնակահարներ՝ Սաքօ Ղարիբեանի, Ռեբեկա Աշուղեանի, Կարէն Մեհրաբեանի, Լուիզա Աւետիսեանի, Արգամ Վարդանեանի, Միգանուշ Գալստեանի եւ Անի Ղարիբեանի անունները,որոնցից ոմանք գտնւում են Հայաստանում կամ արտերկրում։

Գնահատման արժանացան նաեւ  Երգչախմբի երգիչ­-երգչուհիները, յուշանւէր յանձնելով 1979 թւականի նոյեմբերի առաջին ելոյթից մինչ 2024­ թ. հոկտեմբերի 12-ի ելոյթում ամբողջ 45 տարիների երգչախմբին անդամակցած օրդ. Լիլիկ Փանոսեանին։

Բեմ հրաւիրւեցին նաեւ օրւայ ծրագրի կազմակերպիչ յանձնախմբի անդամներ՝ Ժիզէթ Տէր Օհանեանը, Ռուբինա Մարկոսեանը, Լիլիկ Փանոսեանը, Օֆիկ Մեհրաբեանը, Գեւիկ Ֆաթահը, խմբավար՝ Լուսինէ Միքայէլեանը՝ եւ Արւեստիցի կապ՝ Սաթօ Մնացականեանը, որոնց ծաղկեփնջեր նւիրւելով գնահատւեց երկու ամսւայ ընթացքում յագեցւած ծրագիրը կազմակերպելու համար։

Երգչախմբի ամեակը խորհրդանշող կարկանդակի շուրջ, սրահում ներկայ աւագ եւ այսօրւայ երգիչ-ուհիները հաւաքւելով կատարեցին «Սիփան» միութեան հիմներգը:

Ընթացքում երգերի կատարմամբ ելոյթ ունեցան երգչախմբի անցեալի անդամներից Հարմիկ Տէր-Մովսիսեանը, Էդիկ Վարդանեանը, Ռոզիկ Տէր Յովհաննիսեանը եւ Նորիկ Աբրահամեանը։

Նիւթը տրամադրել է՝ յանձնախումբը

Related Articles

Back to top button