Բագրատ Սրբազան. «ՔՊ, մի՛ արէք, հրաժարւէ՛ք, այս կանոնակարգով յանցակից էք դառնում, բացեք ձեր աչքերը»
«ԱԼԻՔ» – Այսօր հիմք է դրւում հաւաքական մեղաւորութեան։ Մինչ օրս բոլոր համաձայնագրերն ու պայմանագրերը ստորագրել է մէկ մարդ: Այս մասին այսօրւայ իր ուղերձում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին կանոնակարգը ԱԺ-ում վաւերացնելու գործընթացին։
«Այս ընթացակարգով ու քննարկմամբ վերահաստատւում է հակապետական ընթացքը, որի պատճառով դուրս ենք եկել պայքարի դեռեւս մայիս ամսից։ Տեղի ունեցածը Ադրբեջանի պահանջով, պարտադրանքով է եղել, յանձնւել են տարածքներ՝ ՀՀ-ից, Տաւուշի շրջանից, առանց որեւէ հիմք ունենալով դրա համար»,- նշել է Սրբազանն ու աւելացրել, որ կանոնակարգը հաստատւում է միայն այդ տարածքները յանձնելուց յետոյ։ Դա, ըստ նրա, եւս մէկ անգամ վկայում է, որ Տաւուշում տեղի ունեցածը անօրինական, հակասահմանադրական, հակապետական ու հայկաազգային գործընթաց էր։
«Մինչեւ այսօր որեւէ փաստաթուղթ՝ ներառեալ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ստորագրւել են մէկ անձի կողմից։ Այսօր հիմք է դրւում հաւաքական մեղաւորութիւն։ Այս անօրինական աշխատանքային կանոնակարգն անցել է Սահմանադրական դատարանով, անցնում է ԱԺ-ով եւ այսպիսի ընթացակարգով մեղքի չափաբաժինը տեղափոխւում է բոլորի վրայ՝ ՍԴ դատաւորների, ԱԺ « ՔՊ» խմբակցութեան եւ այն հայ մարդկանց վրայ, ովքեր քւէարկել են այս խմբակցութեան օգտին»,- յայտարարել է Բագրատ Սրբազանը։
Նա յորդորել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան անդամներին բացել աչքերը, տեսնել իրականութիւնը, ինքնաքննութեամբ զբաղւել։ «Բոլորդ դառնում էք յանցագործութեան մեղսակից։ Մտնում էք մեղքի տակ, մի՛ արէք դա, հրաժարւէ՛ք»,- ասել է Սրբազանը։