Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Սրբալոյս Միւռոնի օրհնութիւնը
Վեհափառը կոչ է արել միջազգային հանրութեանն ու քոյր եկեղեցիներին քայլեր ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանին
«ԱԼԻՔ» – Երէկ՝ սեպտեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղի ունեցաւ Սրբալոյս Միւռոնի օրհնութիւնը:
Միւռոնի օրհնութիւնը կատարւում է 7 տարին մէկ անգամ: Սրբալոյս Միւռոնն օրհնւում է Եկեղեցու նւիրական երեք սրբութիւններով` Ս. Գրիգոր Լուսաւորչի աջով, Աստւածամուխ Ս. Գեղարդով եւ Կենաց Խաչով:
Նշենք, որ միւռոնօրհնէքի արարողութեան ժամանակ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կոչ է արել միջազգային հանրութեանն ու ներկաներին քայլեր ձեռնարկել զսպելու Ադրբեջանին եւ վերադարձնելու Արցախի գերեվարւած ռազմաքաղաքական ղեկավարութեանը:
«Դիմում ենք միջազգային հանրութեանը, մեր քոյր եկեղեցիներին, եկեղեցական եւ դիւանագիտական ներկայացուցիչներին, որպէսզի ազդու միջոցներ ձեռնարկեն՝ զսպելու Ադրբեջանի ծաւալապաշտական նկրտումներն ու ուժի դիրքերից ներկայացւող նորանոր պահանջները, ինչպէս եւ վերադարձնելու Հայաստանից զաւթւած սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանւած արցախահայութեան ոտնահարւած իրաւունքները, ազատ արձակելու գերեվարւած հայորդիներին»,- յայտարարել է Վեհափառ Հայրապետը: