Մայր Աթոռ. «Հայրենի երկրում արդարադատութիւնը կամայական որոշումներով ծառայեցւում է քաղաքական քինախնդրութեանը»

«ԱԼԻՔ» – Դատարանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, քաղբանտարկեալ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանին մեղաւոր ճանաչելու առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յայտարարութիւն է տարածել:
Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է.
«Տ․ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանին ակնյայտ շինծու մեղադրանքներով մեղաւոր ճանաչելու դատարանի այսօրւայ վերդիկտը լրջագոյն հարւած հասցրեց Հայաստանում արդարադատութեանը եւ արդարադատութեան մարմինների հեղինակութեանը:
Երկրում շարունակ սերմանւող ատելութեան եւ բռնաճնշումների պայմաններում կայացւած ամօթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀ-ում դատաիրաւական համակարգն ամբողջութեամբ կախւածութեան մէջ է քաղաքական իշխանութեան կամքից։
Ցաւալի է արձանագրել, որ հայրենի մեր երկրում արդարադատութիւնն ընտրողական է եւ կամայական որոշումներով անթաքոյց ծառայեցւում է քաղաքական քինախնդրութեանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստօրէն դատապարտում է ապօրինի այս գործընթացը եւ օրէնքով սահմանւած բոլոր հնարաւորութիւններն օգտագործելու է՝ հասնելու Միքայէլ արքեպիսկոպոսի հանդէպ արդարութեան վերականգնմանը:
Աղօթում ենք, որ Տէրը զօրացնի, ամուր ու անկոտրում պահի Միքայէլ եւ Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային մեծանուն բարերար տիար Սամուէլ Կարապետեանին եւ ազատութիւնից ապօրինաբար զրկւած բոլոր անձանց։ «Արդար է Տէրը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը Նրա» (Սաղմ.10․8)»:
Նշենք, որ երէկ՝ սեպտեմբերի 24-ին, դատարանը Միքայէլ Սրբազանին մեղաւոր է ճանաչել՝ խափանման միջոցը թողնելով անփոփոխ՝ իր սահմանափակումներով։
Լրացուցիչ դատալսումներ նշանակւում է սեպտեմբերի 29-ին 15։30-ին: