ՄիջազգայինՔաղաքական

Զելենսկին չի մասնակցի, իսկ Թրամփն ու Պուտինը Ալեասկայում կը հանդիպեն դէմ առ դէմ

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում, Ալեասկա նահանգում կը հանդիպի դէմ առ դէմ: Ինչպէս հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները՝ այս մասին, օգոստոսի 12-ին, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը։

«Այո, դա ծրագրի մի մասն է»,- պատասխանել է նա, երբ հարցրել են՝արդեօք դա դէմ առ դէմ հանդիպում կը լինի՞։

Նա միաժամանակ յայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի հրաւիրւել ուրբաթ Ալեասկայում անցկացւելիք Թրամփ-Պուտին գագաթնաժողովին, քանի որ Պուտինն էր խնդրել հանդիպումը։ Հարցին, թէ ինչու Զելենսկին չի հրաւիրւել, Սպիտակ տան մամուլի քարտուղարը պատասխանել է, որ «հանդիպումը կը կայանայ», քանի որ Պուտինը խնդրել էր դա Թրամփի յատուկ բանագնաց Սթիւ Ուիթքոֆի միջոցով։

«Այսպիսով, նախագահը համաձայնում է այս հանդիպմանը նախագահ Պուտինի խնդրանքով: Այս հանդիպման նպատակն է, որ նախագահը հեռանայ աւելի լաւ ընկալումով, թէ ինչպէս կարող ենք վերջ դնել այս պատերազմին»,- ասել է նա:

Լեւիթը յաւելել է, որ Թրամփը յոյս ունի, որ ապագայում կարող է տեղի ունենալ Զելենսկու հետ եռակողմ հանդիպում՝ հակամարտութեանը վերջ տալու համար։

«Կարծում եմ, որ նախագահ Թրամթի՝ Ռուսաստանի նախագահի հետ նոյն սենեակում գտնւելը, դէմ առ դէմ նստելը, այլ ոչ թէ հեռախօսով խօսելը, նախագահին կը տայ հնարաւորութիւն լաւագոյնս հասկանալու, թէ ինչպէս վերջ դնել այս պատերազմին»,- ասել է նա։

Related Articles

Back to top button