Իշխան Սաղաթէլեան. «Խաղաղութիւնը հնարաւոր է, երբ կայ արժանապատիւ պետութիւն, որը չի վախենում պաշտպանել սեփական հողը եւ իր քաղաքացիներին»

«ԱԼԻՔ»- «Խաղաղութիւնը հնարաւոր է, երբ կայ արժանապատիւ պետութիւն, որը չի վախենում պաշտպանել սեփական հողը եւ իր քաղաքացիներին»։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Իշխան Սաղաթէլեանը։
«Ի՞նչ է նշանակում համաձայնութիւն տալ փաստաթղթի, որտեղ չկայ գէթ մէկ կէտ, որը կը սահմանափակի Ադրբեջանի պահանջները, գործողութիւնները կամ յայտարարութիւնները։
Օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ համաձայնագրի նախաստորագրումից յետոյ իշխող ուժը շտապեց յայտարարել, թէ խաղաղութիւնն արդէն իրականութիւն է։
Մենք բազմիցս հիմնաւոր կերպով ցոյց ենք տւել, որ այդ համաձայնագրով՝
– Ադրբեջանը չի ճանաչել ՀՀ տարածքը յստակ սահմաններով,
– որեւէ կերպ չի զսպւում ադրբեջանական նոր պահանջները Հայաստանի նկատմամբ,
– չամրագրելով արցախահայութեան վերադարձի իրաւունքը՝ Բաքուն չի հրաժարւել ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ծրագրերից։
Փաստաթղթի նախաստորագրումից անմիջապէս յետոյ Ալիեւը Սիւնիքով անցնող ճանապարհը անւնեց «միջանցք», հայ հասարակութեանը՝ «հիւանդ», իսկ այսօր բաց տեքստով խօսում է Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջների մասին։
Միեւնոյն ժամանակ, Հայաստանի իշխանութիւնը ոչ միայն չի արձագանքում, այլեւ իր քայլերով փաստացի ուժեղացնում է Ալիեւի դիրքերը՝
հասարակութեանը ճշմարտութիւնը ներկայացնողներին պիտակաւորելով «ռեւանշիստ»,
յայտարարելով, թէ Հայաստանի վերահսկողութեան տակ ադրբեջանական տարածքներ կան,
ակտիւացնելով Սահմանադրութեան փոփոխութեան գործընթացը, կրճատելով
զինւած ուժերի ֆինանսաւորումը եւ զինւորական ծառայութեան ժամկէտը։
Այսպիսով, շատ կարճ ժամանակ պահանջւեց, որպէսզի Փաշինեանն ու Ալիեւը սեփական ձեռքով պայթեցնեն այն մեծ փուչիկը, որը ամիսներ շարունակ միասին փչում էին՝ ժողովրդին համոզելու, թէ խաղաղութիւն է հաստատւել։
Ալիեւի այսօրւայ յայտարարութիւնը դարձել է ամենաառարկայական ապացոյց ընդդիմութեան նախազգուշացումների ճշմարտացիութեան։
Ինչ վերաբերում է օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումը ողջունած պետութիւններին, ակնկալում ենք բոլորից՝ անյապաղ եւ հրապարակային ձեւով դատապարտել Իլհամ Ալիեւի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները։
Հակառակ դէպքում ձեր ողջոյնները դառնում են ոչ թէ խաղաղութեան, այլ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստումը ողջունելու գործողութիւն։
Խաղաղութիւնը հնարաւոր է միայն այն ժամանակ, երբ կայ արժանապատիւ պետութիւն, որը չի վախենում պաշտպանել սեփական հողը եւ իր քաղաքացիներին»,- գրել է նա։



