Իրանը ՄԱԿ-ին նամակ է ուղղել Թրամփի միջուկային սպառնալիքների կապակցութեամբ

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլ. Հանրապետութեան մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Սաիդ Իրաւանին, նամակ է յղել ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշին եւ Անվտանգութեան խորհրդի նախագահին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային սպառնալիքներին։
Իրաւանին Թրամփի յայտարարութիւնները «ծայրայեղ մտահոգիչ» է գնահատել եւ նշել, որ դրանք «լուրջ սպառնալիք են միջազգային խաղաղութեանն ու անվտանգութեանն ուղղւած»։ Այս մասին է տեղեկացրել ԻՌՆԱ-ն:
Նրա խօսքով՝ միջուկային զէնքի նոր փորձարկումների մասին խօսքը «կոպտօրէն խախտում է» ԱՄՆ-ի պարտաւորութիւնները՝ Միջուկային զէնքի չտարածման պայմանագրի եւ Միջուկային փորձարկումներն արգելող համաձայնագրի շրջանակներում։
Իրանի մշտական ներկայացուցիչը յիշեցրել է, որ ԱՄՆ-ն՝ որպէս «Չտարածման համաձայնագրի» երեք վստահւած պետութիւններից մէկը, յատուկ պատասխանատւութիւն ունի այդ պայմանագրի ամբողջականութիւնը պաշտպանելու հարցում, սակայն դրա փոխարէն սպառնում է համաշխարհային կործանմամբ եւ վտանգում՝ զինաթափման գործընթացը։
Նա նաեւ անդրադարձել է ԱՄՆ-ի՝ 2025 թ. յունիսի 24-ին Իրանի խաղաղ միջուկային օբիեկտների դէմ իրականացրած աւիայարձակմանը՝ այն որակելով որպէս միջազգային իրաւունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան կոպիտ խախտում։
Իրաւանին յիշեցրել է նաեւ Թրամփի յայտարարութիւնը կապւած՝ ԱՄՆ-ի կողմից Երկիր մոլորակը շուրջ 150 անգամ ոչնչացնելու միջուկային կարողութեան մասին:
Իրանի Իսլ. Հանրապետութիւնը Գլխաւոր քարտուղարից պահանջել է, որ այս հարցը անյապաղ ներկայացւի Անվտանգութեան խորհրդի քննարկմանը՝ գնահատելու դրա հետեւանքները համաշխարհային զինաթափման եւ չտարածման համակարգի վրայ։



