ԻրանՀայաստան - ԱրցախՄշակութային

Երբ թատրոնի լոյսը մարում է

Ալբերտ Բեգջանեանը՝ պատերազմի լուռ հետեւանքների մասին

ՀԱՏԻՍ – Պատերազմի ազդեցութիւնը մշակոյթի ոլորտում յաճախ խորն է լինում ու լուռ։ Այդ լռութեան մէջ են այսօր յայտնւել նաեւ թատրոնի եւ տիկնիկային արւեստի գործիչները։

Թատերական եւ տիկնիկային ոլորտում ակտիւիստ, միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր Ալբերտ Բեգջանեանը «Ալիք»-ի հետ զրոյցում պատմում է, որ այս օրերին իր ներկայացմամբ՝ «Ճամբրուկը եւ շնիկը», պէտք է հանդէս գար Սանկտ Պետերբուրգում։ Սակայն այցը չեղարկւեց՝ թռիչքների դադարեցման եւ պատերազմով պայմանաւորւած խնդիրների բերումով։

Բեգջանեանը նշում է, որ արտերկրեայ փառատօններին մասնակցութիւնն իր մասնագիտական գործունէութեան առանցքային ուղղութիւններից է: Տարիներ շարունակ նա զբաղւում է միջազգային խմբերի Իրան հրաւիրելով, ինչպէս նաեւ իրանական արւեստագէտներին տարբեր երկրների բեմեր տանելով։ «Ես ապրում եմ դրանով, եւ իմ ճանաչած բազմաթիւ դերասաններ նոյնպէս։ Սա պատերազմի լուռ հետեւանքներից էր, որի սպին մնաց յատկապէս այս օրերի անջատւած լոյսով թատրոնի վրայ»,- ասում է նա։

Ռեժիսորի խօսքով՝ իւրաքանչիւր միջազգային փառատօն առնւազն հինգ ամիս պահանջող կազմակերպչական գործընթաց ունի՝ նամակագրութիւնից մինչեւ վարչական ու տեխնիկական պայմանաւորւածութիւններ։

Ինտերնետային խափանումներն ստեղծում են անորոշութիւն ոչ միայն մասնագիտական գործունէութեան, այլեւ մշակոյթի «կենդանի բեմի» համար, որը, ինչպէս նշում է ռեժիսորը, այսօր իր լուռ երգն է երգում՝ մաշկի վրայ զգացած պատերազմի ցաւի։

Ալբերտ Բեգջանեանը նշեց նաեւ, որ եթէ ամէն բան գնայ խաղաղութեան ճանապարհով, ապա ամռանը պատրաստ կը լինի իրանական խմբերից քանիսին ներկայացնել Հայաստանի ՀԱՅՖԵՍՏ-ին, ինչը տեսակով ու հեղինակութեամբ վայելում է տարածաշրջանի թատերական գործիչների համակրանքը:

Related Articles

Back to top button