Մշակութային

Մահացել է արւեստի վաստակաւոր գործիչ Արեգ Լուսինեանը

«ԱԼԻՔ» – Ցաւով տեղեկացանք, որ վերջերս 89 տարեկնում մահացել է ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ, կոմպոզիտոր Արեգ Լուսինեանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կոմպոզիտորների միութիւնը։

Արեգ Լուսինեանը ծնւել է 1935 թւականին Ախալցխայում։  1952-1956 թւականներին սովորել է Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անւան երաժշտական ուսումնարանում՝ Էդւարդ Միրզոյեանի կոմպոզիցիայի դասարանում, 1956-1961 թւականներին՝ Երեւանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայում՝ Գրիգոր Եղիազարեանի, Ղազարոս Սարեանի կոմպոզիցիայի դասարաններում։

Լուսինեանը հեղինակել եւ տպագրել է երաժշտութեանը վերաբերող մի շարք գործեր՝ «Երաժշտութիւնը մանկապարտէզում» ձեռնարկ, «Լարային կւարտետ թիւ 1», «Լոյսը յաղթութեան», «Հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ», 5-րդ, 6-րդ եւ 7-րդ դասարանների Երաժշտութիւն առարկայի դասագրքեր եւ դրանց ձեռնարկը, «Աֆորիզմներ եւ փիլիսոփայական մտորումներ» եւ այլն։

Արեգ Լուսինեանը մեծակտաւ, կամերային-գործիքային, վոկալ երկերի, ինչպէս նաեւ մանուկների ու պատանիների համար գրւած բազմաթիւ ստեղծագործութիւնների հեղինակ է։ Հրատարակւած 76 հեղինակային եւ շուրջ 200 (Երեւանում, Մոսկւայում, Բէյրութում, Կիեւում, ԱՄՆ-ում, Թեհրանում) ժողովածուներում հազարի հասնող ստեղծագործութիւնների հեղինակ է։

Հայաստանի հանրային ռադիոյի ոսկէ ֆոնդում ներառւած են նրա 300 ստեղծագործութիւնների ձայնագրութիւնները։ Կան ձայնագրութիւններ նաեւ այլ երկրների ռադիոֆոնդերում։ Կոմպոզիտորի ստեղծագործութիւններից մի քանիսը զետեղւած են նաեւ խորհրդային «Մելոդիա» ֆիրմայի թողարկած ձայներիզներում։

Կոմպոզիտորի բազմաթիւ ստեղծագործութիւններ արժանացել են համամիութենական եւ հանրապետական տարբեր մրցանակների ու խրախուսական պարգեւների։

NEWS.am-ը Telegram-ում

Յատկանշական է, որ Արեգ Լուսինեանը ժամանակին այցելել է Թեհրան եւ համայնքի մանկապատանեկան երգչախմբերը բազմիցս են կատարել ստեղծագործութիւնները:

Related Articles

Back to top button