Մարզական

Ես ազգանունս երբեք չեմ փոխել

Խորհրդային Միութեան ֆուտբոլի լեգենդ, «Արարատ-73»-ի փառահեղ ու չմոռացւող յաղթանակների ճարտարապետ Նիկիտա Սիմոնեանի ծննդեան 98-ամեակի առիթով, Ռուսաստանի հայերի միութեան Երիտասարդական կենտրոնում առցանց հանդիպում է անց կացրել լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միութեան առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնեանի հետ: Լեգենդար մարզիկին խնդրել են մեկնաբանել այն դրւագը, երբ Թբիլիսիի Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում նրան «խորհուրդ էին տւել» փոխել ազգանունը Սիմոնիշւիլիովի:

«Ես ազգանունս երբեք չեմ փոխել։ Հայրս Պօղոս Սիմոնեանն է, մայրս՝ Վարսենիկ Սիմոնեանը։ Հայրս երբեք Հայաստանում չէր ապրել, բայց շատ էր սիրում այն եւ կարծում էր, որ պէտք է հայերէն իմանալ։ Երբ ես աշխատում էի Հայաստանում, յաճախ յաղթանակի ժամանակ, մտքումս դիմում էի հօրս»,- նշել է Սիմոնեանը։

Լեգենդար մարզիկն ասել է, որ իր համար ամենակարեւորն է՝ լինել եւ մնալ ազնիւ ու պարկեշտ:

«Չեմ ուզում, որ դա դիտւի պարծենկոտութիւն, բայց այսպէս եմ ես միշտ ապրել»,- ընդգծել է նա:

Որպէս «Արարատ-73»-ի մարզիչ Նիկիտա Սիմոնեանը ցոյց է տւել, որ եթէ նոյնիսկ ֆուտբոլիստները հրաշալի են, բայց առանց նրանց միաւորելու ունակ ղեկավարի եւ մարզչի, նրանց խաղն արդիւնաւէտ չի լինի, ինչն արդիական է նաեւ այսօր:

Առցանց հանդիպման հիւրերի թւում էր նաեւ Սերգէյ Բելիաեւը՝ բարձրագոյն կարգի մրցավարը, ով 20 տարի շարունակ ֆուտբոլային խաղադաշտերում խաչւել է Նիկիտա Սիմոնեանի հետ։ Սերգէյ Ալեքսանդրովիչը Սիմոնեանի հասակակիցն է, նա 95 տարեկան է եւ հիանալի մարզավիճակում է։

Ներկաները դիտել են կենդանի լեգենդի մասին պատմող «Նորին Մեծութիւն ֆուտբոլ» ֆիլմը: Ինքը՝ Նիկիտա Սիմոնեանը նշել է, որ կան կարեւոր դրւագներ, որոնք, ցաւօք, չեն յայտնւել ֆիլմում:

Նիկիտա Սիմոնեանի կենսագրական գծեր

Նիկիտա Պօղոսի Սիմոնեանը ծնւել է 1926 թւականին, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիւ Հանրապետութեան Արմաւիրի երկրամասում:

1944-45 թթ. հանդէս է եկել Սուխումիի «Դինամօ»-ի, 1946-48 թթ. Սամարայի «Կռիլիա Սովետով»-ի, 1949-1959 թթ. Մոսկւայի «Սպարտակ»-ի կազմում: Ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնութիւնների ընթացքում անցկացրել է 285 հանդիպում, դարձել 145 գոլի հեղինակ:

ԽՍՀՄ հաւաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 10 գոլի հեղինակ:

Մարզչական Կարիերան սկսել է 1960 թւակնին: Որպէս գլխաւոր մարզիչ աշխատել է Մոսկւայի «Սպարտակ»-ում, Երեւանի «Արարատ»-ում եւ Օդեսայի «Չեռնոմորեց»-ում: Պարբերաբար ներառւել է նաեւ ԽՍՀՄ ազգային հաւաքականի մարզչական շտաբի կազմում:

Որպէս ֆուտբոլիստ 1952, 1953, 1956 եւ 1958 թթ. նւաճել է Խորհրդային Միութեան ֆուտբոլի Բարձրագոյն լիգայի չեմպիոնի կոչումը, իսկ 1950 եւ 1958 թւականներին նւաճել է Սովետական Միութեան գաւաթը:

1940, 1950 եւ 1953 թթ. դարձել է Խորհրդային միութեան բարձրագոյն լիգայի լաւագոյն ռմբարկուն:

1956 թւականին Խորհրդային Մութեան հաւաքականի կազմում դարձել է Օլիմիպիական խաղերի չեմպիոն: Մասնակցել է 1958 թ. Աշխարհի առաջնութեանը:

Որպէս գլխաւոր մարզչի, Մոսկւայի «Սպարտակ»-ի կազմում 1962 եւ 1963 թւականներին նւաճել է Խորհրդային Միութեան Բարձրագոյն լիգայի չեմպիոնի կոչումը, իսկ 1963, 1965 եւ 1971 թթ.-ին՝ Խորհրդային Միութեան գաւաթը:

Մարզչական կարիերայի նրա բարձրակէտը, եղել է 1973 թւականը, երբ նրա գլխաւորութեամբ Երեւանի «Արարատ»-ը դարձել է դուբլի հեղինակ՝ նւաճելով Խորհրդային Միութեան Բարձրագոյն լիգայի եւ գաւաթի չեմպիոնի կոչումները:

Alphanews.am

Related Articles

Back to top button