
Անհատներ կան երբ մահանում են, միայն իրենց ֆիզիկական գոյութիւնն է որ դադարում է ներկայութիւնից, սակայն նրանց թարմ յիշատակը շարունակում է ապրել մեզ հետ իրենց կատարած գործերով եւ աշխատանքներով:
Ահա, այսպիսի նւիւած անձնաւորութիւն էր մեր սիրելի Արփինէն։
Ծնւել էր 1935 թւականին Երուսաղէմում, Հայոց Ցեղասպանութիւնից հրաշքով փրկւած ծնողներից: Հայրն ու մայրը որպէս որբեր տեղաւորւած են եղել որբանոցում, այնտեղ ծանօթացել եւ ապագայում ամուսանցել ու կազմել են իրենց ջերմ ընտանիքը: Ծնողների դաստիրակութիւնը խթան է հանդիսանում եւ ձեւաւորւում Արփինէի մէջ հայրենասիրութեան եւ Աստւածապաշտութեան ոգին, նա իր ողջ կեանքում միշտ ազգային շահերը վեր է դասել անձնական կեանքից, օժտւած էր գթասրտութեան ոգով, ազնիւ բարոյական նկարագրով եւ սիրալիր վերաբերմունքով, սիրում էր կեանքը, բնութիւնը, եւ նրա ապրելակերպը պատգամ էր յոյսի, հաստատակամութեան եւ տոկունութեան:
Տարրական կրթութիւնը ստացել էր Երուսաղէմում, ապա ընտանիքով տեղափոխւում է Յորդանան եւ բարձրագոյն կրթութիւն ստանալու նպատակով գնում է Ամման:
Ամուսնացել է 1953 թ.-ին եւ տեղափոխւում Լիբանան, բախտաւորւելով չորս դուստրերով, զոհաբերութեամբ մեծացրել եւ դաստիրակել է ու մեծ նւիրումով նրանց մէջ սերմանել հայրենասիրութեան ոգին:
Կեանքի պայմաններից ելնելով յանուն իր զաւակների ապահովման, աշխատանքի է անցել անտրտունջ, դրսեւորելով բարձր պատասխանատւութիւն եւ հետեւողականութիւն: Կեանքի պայմանները թելադրում են, որ երեխաներին յանձնել Այնճարի գիշերօթիկ հաստատութեան, որտեղից բոլորն էլ աւարտում են գերազանց եւ լաւագոյն արդիւնքներով:
Արփինէն որպէս թարգմանիչ Այնճարում օգնում էր մայրապետին եւ շուտով նոր պաշտօն է ստանձնում, եւ իր մասնագիտացած գործի բերումով տեղափոխւում է Վիեննա աշխատելով ՄԱԿ-ի գրասենեակում, որպէս որբերի բաժնի պատասխանատու եւ իր անկեղծ ու անխոնջ աշխատանքի համար, անգամներ արժանացել է բարձր գնահատանքի եւ պատւոգրերի:
20 տարի պարտաճանաչութեամբ Վիեննայում աշխատելուց յետոյ զաւակների կողքին լինելու համար վերադառնում է Լիբանան:
Արփինէն համբերութեան ծով, համեստութեան տիպար, աշխատասիրութեան մարմնացում, անձնազոհ եւ նւիրեալ մայր էր:
Արփինէի երազանքը իր սիրելի կրտսեր դստեր Շողիկի հետ Իրանում ապրելու համար, իրականութիւն է դառնում եւ 2012 թւականին հաստատւում է Իրանում, Շողիկի եւ նրա ընտանիքի մօտ վայելելով նրանց սէրը, խնամքն ու գուրգուրանքը մինչեւ իր հոգու աւանդելը:
Յարգանքով, բծախնդիր, պարկեշտ, պարտաճանաչ Աստւածավախ եւ խոնարհ, այս բոլոր յատկանիշների կողքին պէտք է աւելացնել իր անյագ սէրը դէպի նոր գիտութիւն եւ նորարարութիւն, նա համակագիչով հետեւում էր հայ աշխարհի իրադարձութիւններին:
Թող այս հակիրճ տողերը մի ծաղկեփունջ լինի նրա թարմ շիրիմին, եւ նրա հոգուն խաղաղութիւն, աճիւններին հանգստութիւն եւ հարազատներին յատկապէս սիրելի Շողիկին եւ Էդոյին համբերութիւն եմ ցանկանկանում:
ՎԱՐՍԻԿ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ



