Հայաստան - ԱրցախՄշակութային

Հայաստանի՝ առ այսօր յայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը՝ Արտաշատ մայրաքաղաքում

«ԱԼԻՔ» – Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի եւ Գերմանիայի Միւնստերի համալսարանի հնագետների արշաւախումբը Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաք Արտաշատում բացայայտել է Հայաստանի՝ առ այսօր յայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը: Այս մասին ըստ News.am-ի՝ տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ-ն։

«Ըստ ստացւած ռադիօածխածնային տւեալների՝ այս կառոյցը վերաբերում է IV դարի առաջին կէսին ու, փաստօրէն, Հայաստանի հնագիտօրէն փաստագրւած վաղագոյն եկեղեցին է»,- ասել է արշաւախմբի ղեկավար, Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտութեան բաժնի վարիչ, պատմական գիտութիւնների թեկնածու Մկրտիչ Զարդարեանը:

«Յայտնագործութեան հիմնարար նշանակութիւնը նրանում է, որ էապէս լրացնում է Հայաստանում քրիստոնէութեան տարածման մեխանիզմների եւ վաղագոյն հոգեւոր կառոյցների ճարտարապետութեան մասին մեր պատկերացումները»,- նշել է Մկրտիչ Զարդարեանը:

Սա առաջին ութանկիւն եկեղեցին է, որը յայտնաբերւել է Հայաստանում։ «Ութանկիւն, չորս խաչաձեւ ելուստներով եկեղեցիներն այստեղ մինչ այժմ յայտնի չէին, սակայն մենք ծանօթ ենք դրանց Արեւելեան Միջերկրականի տարածաշրջանից, որտեղ նման կառոյցներն ի յայտ են գալիս հէնց մ.թ. 4-րդ դարից ի վեր»,- նկատել է Մկրտիչ Զարդարեանը։

Եկեղեցին կառուցւած է եղել կրաշաղախով ամրացւած տեղական քարից եւ, ամենայն հաւանականութեամբ, ունեցել է հարթ, սւաղւած պատեր։ Պատերը տարբեր բարձրութեամբ են պահպանւել, որոշ հատւածներում հասնում են 2.6 մետրի, որոշ տեղերում՝ մօտ կէս մետրի։ Գտածօների տեսականին ու որակն ուսումնասիրելով՝ հնագէտները եզրակացրել են, որ եկեղեցին կղմինդրածածկ է եղել եւ ունեցել է շքեղ ներքին յարդարանք։ Այդ մասին են վկայում այստեղ յայտնաբերւած փոքրասիական մարմարից պատրաստւած պատերի երեսպատման բազմաքանակ սալերը եւ տարատեսակ քանդակազարդ բեկորները»,- նշւած է հաղորդագրութիւնում։

Related Articles

Back to top button