ԻրանՄշակութային

Ապագան նայող քարացած ներկան ու անցեալը

ՀԱՏԻՍ

 

Քանդակագործութեան ոլորտի զարգացմամբ է չափւում նաեւ քաղաքային խորհրդանիշների որակն ու գեղեցկութիւնը: Բան, որը պակասում է մայրաքաղաք Թեհրանում: Աւելի ճիշտ՝ արձանների պակասը մայրաքաղաքում չի զգացւում, սակայն արւեստով ու նորարար մօտեցման պակասը՝ հաստատ:

Սա առիթ էր հանդիպելու իրանահայ քանդակագործ Արփինէ Մարկոսեանի հետ, ում մասին վերջերս թերթով արած հրապարակումնրը խօսում են իր ակտիւութեան մասին նաեւ:

Արփինէ Մարկոսեանի հետ հանդիպումը՝ նրան ատոլիէյում լուսանկարելու խնդրանքով էր տեղի ունենում, ինչի ընթացքում հանդիպեցինք նաեւ Արփինէի դասախօսին Մորթեզա Մոթաղիին, հէնց իր արհեստանոցում: Հանդիպումը վերածւեց արւեստի թեմայով բուռն զրոյցի, որտեղ սառչող սուրճով գաւաթները ջերմացող այդ զրոյցի իրական նշաններից էին:

Հանդիպման ընթացքում տարբեր արւեստագէտներ ու արւեստի գործիչներ այցելեցին ատոլիէ, որոնց ներկայութեամբ կտրւում էր նախորդ զրոյցի թելը, հիւսելով մէկ այլ թեմայի ուղղութիւն:

 

Մորթեզա Մոթաղի

Ծնւած 80-ականներին, կինոյի եւ հեռուստատեսութեան վիզաժիստ է, նկարիչ եւ քանդակագործ։

Մորթեզան արւեստի հետ առաջին անգամ առնչւել է հինգ տարեկանում՝ Երեխաների եւ դեռահասների մտաւոր զարգացման կենտրոնի միջոցով։ Նա սկսել է նկարչութիւն եւ քանդակագործութիւն սովորել կենտրոնում եւ շարունակել է այն նաեւ պատանեկութան շրջանում:

Կինոյում եւ հեռուստատեսութիւնում վիզաժի ոլորտում տարիներ շարունակ լուրջ աշխատանքից յետոյ նա վերադարձել է իր սիրելի ոլորտին՝ նկարչութեանը եւ քանդակագործութեանը: Նրա առաջին աշխատանքներից էր Բիթա Ֆաէազիի հետ համագործակցութեամբ՝ կոնցեպտուալ աշխատանքի ստեղծումը, որը ցուցադրւել է Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի Ժամանակակից արւեստի թանգարանում։ Մորթեզան շի քանի տարի քանդակագործութիւն է դասաւանդել Կիրառական գիտութիւնների համալսարանում: Նրա առաջին անհատական ​​ցուցահանդէսը տեղի է ունեցել «Էլահէ» պատկերասրահում 2014 թւականին։ Ցուցահանդէսում ներառւած են եղել «մազ» նիւթով ստեղծւած աշխատանքներ։

 

Արփինէ Մարկոսեան

Ծնւած Ահւազում 1980-ականներին, ներկայանում է, որպէս ժամանակակից հայ նկարիչ եւ քանդակագործ, որի ստեղծագործութիւններում առանձնանում են կանացիութեան, պատմութեան եւ առասպելի միահիւսումները։

Դիմայարդարման եւ դիմակների բակալաւրի աստիճան ունեցող Մարկոսեանը 2020-ից ակտիւօրէն գործում է կերպարւեստի ոլորտում։ Նա ղեկավարել է «Հիրքանիայի կարմիր եղջերու» նախագիծը եւ մասնակցել մի շարք ցուցահանդէսների՝ «Կարմիր վարդի գաղտնիքը» ստեղծագործութեամբ՝ «Տեսանելի վարագոյրներ, անտեսանելի վարագոյրներ»-ին (պատկերասրահ O), «Եաֆթէ գալերիայի» «Թիք-Թաք»-ին, ինչպէս նաեւ «ՓԻՇԻՄԻՇԻ» խմբակային ցուցահանդէսին՝ «Իւզ Բանու» ստեղծագործութեամբ:

Նրա «Իւզ Բանու» քանդակը՝ նւիրւած է եղել ընտանեկան բռնութիւնների արդիւնքում կամ այլ վայրերում կատարւած թթւային խոշտանգումների զոհերին, ինչը լայն արձագանք է գտել արւեստասէրների շրջանում։

Մորթեզա Մոթաղին նկարիչ եւ քանդակագործ է: Նրա ստեղծագործութիւնները գոյաբանական խորը իմաստ են ներկայացնում: Նոյն մօտեցմամբ է նա իր կտաւների ու քանդակների համար օգտագործում տարբեր մեդիոմներին համապատասխանեցւած ներկանիւթեր:

Մորթեզա Մոթաղին աշխատասէր է, մոդեռնիստ եւ վիզուալ արւեստի բնագաւառում հմուտ նկարիչ: Յայտնի է իր օրիգինալ գաղափարներով եւ ուրոյն ձեռագիրն ունեցող նախագծերով:

Արւեստաբանների կարծիքով նրա «Տրաւմա» խորագրով ցուցահանդէսը կարողացաւ զարմացնել բոլորին՝ ի ցոյց դնելով Մորթեզա Մոթաղիի գեղարւեստական հասունութեան նոր մակարդակ, յատկապէս եռաչափ (վոլիւմային) ոլորտում։ Կերպարւեստում եռաչափ տարածութեան ներկայացումը կոչւում է ծաւալ, այն իրականացւում է երկչափ մակերեսի վրայ, որը ստեղծում է այն պատրանքը, որ առարկան ունի խորութիւն եւ զանգւած։

Նա իր այդ ցուցահանդէսի մասին նշում է. ««Տրաւմա՝ անհետ կորած անձի որոնումներում»-ը հիմնւած է նկարչի ապրումների ու փորձութիւնների վրայ, ով իր մանկութիւնն անց է կացրել պատերազմական օրերին եւ, հազարաւոր այլ մարդկանց պէս, անցել է բազմաթիւ տրաւմատիկ փորձութիւնների միջով ու վերջապէս հասել համապատասխան գիտակցութեան… Նկարչի հիմնական ուշադրութիւնը տրաւման լրացնող շղթայի եւ երկարաժամկէտ հետեւանքների վրայ է, որոնք արմատաւորւել են բոլոր տեսակի բռնութիւնների արդիւնքում։

Նա յաւելեում է, որ այդ շարքը ներկայացնում է ժամանակակից մարդու տրաւմատիկ իրավիճակը, ով բաց է թողել անցեալի մասին ներկայում ունեցած տպաւորութիւնները, կամ յուսահատւած է ապագայի մասին ունեցած ներկայ պատկերացումները: Սրանք նրա առօրեան կազմող իրականութեան վէրքերն են:

Նրան արհեստանոցում, որտեղ նա ուսանողների հետ պարապում է դիմանկարներ նկարելու եւ քանդակելու դասերը, մեր հանդիպումը Մարկոսեանի հետ փոխւեց արւեստի, ցուցասրահների շուկայական մօտեցումների եւ հասրակութեան վերաբերմունքն արւեստի վերաբերեալ զրոյցի:

Հանդիպման մասին տեքստը շարադրելիս յիշեցի, որ Ռոլանդ Շառոյեանն իր վիպակներից մէկում նշել է, որ երբ այցի էր գնում անծանօթ կամ նրա ծանօթ մարդու, առաջինը նրա պատերից կախւած կտաւներն էր նայում: Դրանք շատ բան կարող են ասել տանտիրոջ անհատականութեան մասին:

Սա որքան էլ, որ հետաքրքրի լինի, այնուամենայնիւ, աշխարահագրական իր թելադրանքն է կրում: Շատերը կը հաստատեն, որ մեզ մօտ ընտանիքների զամբիւղում արւեստը տեղ չունի: Սա նաեւ այն մասին է, որ պատից կախւածով՝ ինչ որ բան պարզել հնարաւոր չէ մեր դէպքում:

Մորթեզա Մոթաղին նշում է, որ ի հեճուկս բոլոր դժւարութիւնների, շարունակւող կեանքի պատկերներն իրենց շարունակութիւնն են տեսնում նաեւ «արհւեստանոց» (բառը կիրառւում է Հայաստանի նկարիչ-քանադակագործների շրջանակում) այցելած մարդկանց իրականութիւններում, արթնացնում վաղուց մոռացւած զգայութիւններ ու ապրումներ։ «Արւեստն ապրեցնում է, նաեւ յիշեցնում, որ կան անանց արժէքներ, անցեալի վարպետների թողած աւանդոյթներ, որոնք արձագանքւում են նոր արւեստագէտների գործերում»,- նշում է նա։

Կեանքի շարունակականութեան ուղերձը Մոթաղիի աշխատանքներում ընթերցւում է մարդկանց չթարգմանւող զգայական ու փնթիօրէն կենդանի թւացող պատկերներում։

Ժամանակակից արւեստի գործիչների գործերում նկատելի է այն համարձակ հայեացքը, որով առաջին հայեացքից փոխանցւում են քաղաքային միջավայրում թաքնւած գեղեցկութեան, կանանց ինքնատիպ դիմանկարների, երբեմն զգայական բաց տեսարանների, կենցաղի ու առարկայական աշխարհի ինքնատիպ պատկերների մասին ակնարկային պատումներ։

Արփինէ Մարկոսեանի աշխատանքներում մեծ քաղաքի պողպատն ու ցեմենտը կարծես կենդանանում են, գետինը պատռւում է, եւ այդ բոլորից նուրբ ու զգայական պատկերներ են երեւակւում։ Նկարիչը կարծես մարդկանց առաջնորդում է երկաթի ու ժանգոտւած կերպարների քաոսի մէջ տեսնել կեանքը, այս դէպքում շօշափել, վերականգնել զգայունութիւնն ու հասկանալ, որ կեանքը շարունակւում է այնտեղ եւ այն կերպ, ինչքան քո մտահորիզոնում է այն բացւած:

Իմ այս գնահատականին արձագանքելով Մոթաղին, Արփինէի ուսուցիչը, այլ կերպ է պատասխանում. «Զգացմունքների սրութիւնը չի կարող պահպանւել մեկուսացւած կեանքի լռութեան մէջ։ Դա մարմնիդ մի անկիւնից վերջապէս դուրս կը ժայթքի: Կամ մատներովդ ես տրւելու կաւին, կամ գրչի ծայրից է այն ծորալու: Բայց միանշանակ է, որ հնարաւոր է ուժեղացնել զգայականութիւնը՝ անդրադառնալով արւեստագէտի աշխատանքներին։ Եւ երբեմն դա նոյնիսկ անհրաժեշտ է: Պէտք է տարին մի քանի անգամ, ինչպէս բժշկի ես այցելում, գնալ պատկերասրահ, որպէսզի քո զգայունութիւնը հետազօտւի։ Պարզապէս համոզւելու համար, որ որեւէ բան յուզում է Ձեզ, որ դուք դեռ, «ամենայն հաւանականութեամբ ողջ էք» եւ չէք դարձել ինքներդ ձեր յիշողութիւնը»: 

Նա մատնացոյց անելով պատից կախւած «Ձեռք» կտաւը, բացատրեց, որ այն «Հեզարդասթան»-ի շարքից է, որոնք պատրաստւած են մարդու բնական մազից՝ ներկի ու գրաֆիտի փոխարէն: «Մի քանիսն էլ յայտնի են դարձել արեւմուտքի աճուրդներին ներկայացւած լինելու բերումով: Այդտեղից էլ պարզւեց, որ որպէս այդպիսին, աշխարհում եզակի են: Իհարկէ մազերն ու կտաւը, որպէս մեդիոմ, օգտագործւել են շատ արւեստագէտների կողմից: Բայց այն, որպէս հիմնական թեմա եւ նիւթ,այդ էլ ստեղծագործական շարքով, նախագծին հաղորդել է եզակիութեան շունչ: 

Հենրիկ Էդոյեանը «Պոէզիայի երկակի տեսողութիւնը» գրքում ասում է. «…ինչպէս վաղուց արդէն ասւած է, իւրաքանչիւր հեղինակ (ոչ միայն պոէզիայում, այլ՝ ողջ արւեստում), ըստ էութեան, կամ Պլատոնական է (այս կոնտեքստի մէջ՝ ռոմանտիկական–էքստազային), կամ Արիստոտելական (կլասիցիստական–մեդիտատիւ–ինտելեկտուալ)»:

Ժամանակ առ ժամանակ, երբ աշխարհը մտնում է բռնութեան, պատերազմների, անորոշութեան ու տագնապների շրջափուլերի մէջ, արւեստը միայն իրեն յատուկ միջոցներով ձգտում է այս ամենին հակադրել սէրը, յոյսը, հաւատը վաղւայ օրւայ նկատմամբ, ներշնչել լաւատեսութիւն ու մարդկանց հայեացքը կենտրոնացնել մեզ շրջապատող աշխարհի փոքրիկ գեղեցկութիւնների վրայ։ Մի այդպիսի կենսահաստատ ու լաւատեսական ստեղծագործութիւն է Արփիի Սուդաբէն, ինչը մեզ այս սեղանի շուրջ հաւաքեց այսօր:

Արփինէ Մարկոսեանի «Սուդաբէ»-ն դիտողին պահում է անհանգստութեան ու գեղագիտական հաճոյքի սահմանագծին։ Մետաղալարերից հիւսւած կերպարը, որ զրահի պէս նստել է անէացած մարմնին, միաժամանակ ներշնչում է դիմադրութիւն եւ փխրունութիւն։

Նկարիչը, միաւորելով մետաղի սառնութիւնն ու մարմնի (իմաստի) ջերմութիւնը, հրաւիրում է դիտողին ներքին երկխօսութեան՝ մեկնաբանելու եւ պարզապէս զգալու միջեւ։ Սկզբում իմաստը կարծես թակարդ է, որ միտքը ձգում է իր մէջ, սակայն ընթացքում գեղեցկութիւնը երեւակւում է հէնց այդ հակասութեան միջից։

Այս գործը մետաղի քանդակ չէ միայն․ այն տեսողական երկխօսութիւն է դատողութեան, ազատագրման եւ մարդու՝ ինքն իր հետ հանդիպման մասին: Զրահ, որ ե՛ւ թաքցնում է, ե՛ւ բացայայտում։

Արփինէ Մարկոսեանը պատմեց, որ «Սուդաբէ»-ն շուրջ չորս տարի է տեւել մինչեւ դարձել է այսպիսին: Սկզբից այն մէկ այլ նախագծի համար էր, ինչի մասին խօսելը մեր այս զրոյցի ուղղութիւնը այսեստից կը փոխի լուսանցքներում անցնող դարձողի ու շուկայական ստւերների մասին սիրտ թեթեւանող բամբասանքի:

Արփինէն նշեց, որ երբ իմացել է «Շահնամէի կանայնք» նախագծի մասին իր ուսուցչի հետ խորհրդակցելուց յետոյ անցել է գործի եւ «Սուդաբէ»-ն «Եաֆթէ» գալերիայի այս անչափ կարեւոր նախագծի մաս է կազմել:

Նա նշում է, որ Սուդաբէն այն կերպարն է, որի մասին Շահնամէում նոյնիսկ շատ չի խօսւել: «Մարդիկ ինքնաբերեաբար խուսափում են այս կերպարից: Այն բարդ է, յատկապէս, իր ինքնուրոյնութեան ու համառութեան համար: Հէնց սա էլ ինձ գրաւեց: Սկսեցի ուսումնասիրել Սուդաբէի կերպարը: Նա ինձ ուղղորդեց, որ Շահնամէն մի քանի անգամ ընթերցեմ ու վերընթերցեմ: Այնտեղ՝ Սուդաբէի բաժնում տեսայ այն կնոջ կերպարը, ինչին այսօր իւրաքանչիւրը պիտի ձգտի հասնել: Կանացիութեան նուրբ զգացմունքների շերտերում բռնկւող ու իր խօսքն ասող կնոջ կերպարի, ով, նոյնիսկ, թարագաւորի հետ ամուսնացած լինելու բերումով չթագցրեց իր սէրն ու ցանկութիւնները, միեւնոյն ժամանակ հաւատարիմ մնալով իր ամուսնուն ու ժողովուրդներին, որոնց խաղաղութեան համար ընդունել էր ամուսնական կապը…»:

Արփինէն նշեց նաեւ, որ իրանահայ համայնքն ունի այն բոլոր հնարաւորութիւնները, որոնք կանանց անհրաժեշտ են զարգանալու եւ հասարակութեանն իրենց հետ առաջ մղելու համար: «Սակայն ցաւօք այդ ցանկութիւնը չկայ մեր կանանց մօտ: Լճացած կեանք են վարում: Կարծես նախորդ սերունդների շարունակութիւնը լինել, նոյնութեամբ բայց այսօրւայ հագուկապով: Դա պէտք է փոխել: Ամէն մէկը թող սկսի իրենից: Դա իր հետ կը տայ նաեւ աւելի առողջ սերունդ դաստիարակելու ուժ, որպէսզի իր լուսաւոր անցեալի պէս ապագայում եւս ասելիք ունենայ իրանահայը»: 

Արփինէն յիշեցրեց կնոջ դէմ եղած այն խնդիրների մասին, այդ թւում աշխատանքի բերումով քաղաքից, կամ նոյնիսկ տնից ժամեր բացակայելու, կամ ինչքան էլ զարմանալի թւայ յայտնիների ցուցակում տեղ գտնելու հետ կապած խնդիրների մասին եւ յաւելեց. «Օսթադ Մոթաղիի աջակցութեամբ ես կարողացայ իրականացնել Իրանի ժամանակակից շնչով քանդակներից մէկը՝ ծովափնեայ աւաններից մէկում: Դա «Հիրքանեան»-ն էր, որը վոլիւմային (եռաչափ գործ՝ երկչափ հարթակում) աշխատանք է, կատարւած 12 մետր բարձրութեամբ պատի վրայ: Այն կարմիր ցուցակում յայտնւած այդ կենդանատեսակը պահպանելու կարեւորութիւնն է յիշեցնում նաեւ:

Դիտարկմանը, որ անտառին նահանջ պարտադրող աւանաշինութեան շէնքի պատին շրջակայ միջավայրի պահպանման մասին ակնարկը՝ յայտնի պարադոկսն է յիշեցնում, Մոթաղին պատասխանեց. «Ճիշտ է, այդ «Հիրքանեան» արձանը կարող էր եւ չլինել: Բայց մէկ է այդ աւանաշինութիւնը շարունակւելու է եւ նոյն այդ շէնքն էլ, որի վրայ «Հիրքանեան եղեւնին» է պատկերւած նոյն տեղում ամուր կանգնած էր լինելու: Խօսքն այն է, որ իրադարձութիւնը բողոքի ակցիայի դերում է նոյն «արատաւորողի» ճակատին»:

Ընթացքում խօսւեց նաեւ ցուցասրահների կողմից մոգոնւած արհեստական արգելքների, շուկայականացւած ճաշակի տարածման, ռանթային կապերով բարձրացող ստեղծագործութիւնների, ԲՈՒՀ-ական համակարգի անզօրութեան, եւ անստորագիր ստեղծագործութիւնների էութեան, որոնք յանուն հացիւ՝ այլոց են փոխանցւում բարձրակարգ արւեստագէտների կողմից:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button