Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մամուլի ասուլիս՝ «Վենետիկի յանձնաժողովը արձանագրել է մի շարք քրէական գործերի ապօրինի լինելը» թեմայով

Հոկտեմբերի 24-ին ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի ունեցաւ մամուլի ասուլիս՝ «Վենետիկի յանձնաժողովը արձանագրել է մի շարք քրէական գործերի ապօրինի լինելը» թեմայով։

Ասուլիսը վարել են ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը, իրաւապաշտպաններ Վահէ Գրիգորեանը եւ Վարազդատ Յարութիւնեանը։

Վենետիկի յանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ-ում կիրառւող մի շարք քրէական գործեր ապօրինի են. յայտարարեց Արծւիկ Մինասեանը։

Նա պարզաբանեց, որ դա յատկապէս վերաբերում է ՀՀ քրէական օրէնսգրքի 236-րդ յօդւածի 2-րդ մասին («հաւաքին մասնակցելու նպատակով նիւթապէս շահագրգռելը»)։

«Վենետիկի յանձնաժողովը հաստատել է թէ՛ դիմումատուների, թէ՛ իրաւապաշտպանների տեսակէտը, որտեղ յստակ ձեւակերպում է, որ հաւաքների կազմակերպման կամ անցկացման նիւթական շահագրգռւածութեան վերաբերեալ ձեւակերպումը Քրէական օրէնսգրքում չի կարող լինել իրաւաչափ։ Աւելին՝ այն իր իրաւական որոշակիութեան տեսակէտից ունի անհստակութեան բարձր աստիճան եւ օգտագործւել է քաղաքական իշխանութեան կողմից պատւէր իջեցնելու համար, որպէսզի յարուցւեն բազմաթիւ քրէական գործեր։ Դրանց թիրախում են յայտնւել թէ՛ կուսակցութիւններ, ինչպէս ՀՅԴ-ն, թէ՛ շարժումներ, եւ թէ՛ առանձին անձինք»,- ասաց Մինասեանը։

Նրա խօսքով՝ այս յօդւածով ոչ միայն գործեր են յարուցւել, այլեւ բազմաթիւ դէպքերում կիրառւել է կալանք եւ արձակւել են դատական ակտեր։ «Այսինքն՝ ըստ էութեան, հակասահմանադրական եւ հակամիջազգային իրաւունքի տեսանկիւնից մեկնաբանութիւն է կիրառւել»,– նշեց նա։

Մինասեանի տեղեկացմամբ՝ յատկապէս այս յօդւածն է կիրառւել Աւետիք Չալաբեանի նկատմամբ, իսկ կալանքների մասով՝ նաեւ ՀՅԴ Եղեգնաձորի, Վայքի, Արմաւիրի եւ Արարատի գրասենեակների նկատմամբ։ Նրա խօսքով՝ այսօր էլ նոր քրէական վարույթներ են նախաձեռնւել նոյն յօդւածի շրջանակներում։

Փաստաբան Վարազդատ Յարութիւնեանը նշեց, որ 2019-2020 թթ․ ՔՕ-ում եղել է այդ յանցակազմը, իսկ 2021 թւականին ընդունւած ՔՕ-ում այս յանցակազմը բացակայում էր։ Փաստաբանը յիշեցրեց, որ քաղաքական, հասարակական գործիչ Աւետիք Չալաբեանի նկատմամբ քրէական հետապնդման պահից (2022 թւականի մայիսին) Հայաստանի Հելսինկեան կոմիտէի կողմից զեկոյց էր կազմւել, որում կազմակերպութիւնը բացայայտել էր, որ «նիւթապէս շահագրգռելու» յանցակազմն առեղծւածային կերպով ներմուծւել է ՔՕ։ Այդ ժամանակ պարզւել էր, որ Վենետիկի յանձնաժողով այս յանցակազմի վերաբերեալ դիմում ուղարկելու պահին անգլերէն թարգմանութիւնը չի համապատասխանել յանցակազմի նորմատիւ տեքստին։

«Թարգմանութեան մէջ աւելացւել էր «հարկադրել» տերմինը, ու ստացւել էր այսպէս՝ «նիւթապէս շահագրգռելը՝ անձին հարկադրելու հաւաքին մասնակցելու համար»։ Բնականաբար, այդ ժամանակ Վենետիկի յանձնաժողովը կարծիք էր տւել, որ ՔՕ-ում նման յանցակազմ ներմուծելը միջազգային չափանիշներին համապատասխանում է։ Չալաբեանի նկատմամբ քրէական հետապնդումը սկսելուց ու 2 ամսով կալանք նշանակելուց ընդամէնը 1 ամիս անց նոր քրէական օրէնսգիրքը պէտք է ուժի մէջ մտնէր, որտեղ տւեալ յանցակազմը չկար։ Մենք էլ դատարանին յայտնեցինք՝ 1 ամսից յօդւածն ապաքրէական է լինելու, հնարաւոր չէ 2 ամսով կալանք տալ։ Ընդամէնը 1 շաբաթ անց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը հրատապ կերպով օրինագիծ բերեց, ու կրկին «նիւթապէս շահագրգռելու» յանցակազմը աւելացւեց»,- ասաց Յարութիւնեանը։

Դրանից յետոյ սկսեցին գաղտնալսել թէ՛ Աւետիք Չալաբեանին, թէ՛ ՀՅԴ, թէ՛ այլ շարժումների անդամներին, ապա այդ գաղտնալսածը մոնտաժել ու պրոիշխանական կայքերում տեղադրել։

Փաստաբան Վահէ Գրիգորեանն էլ ընդգծեց` ՀՀ գործող ղեկավարութիւնը, որը իշխանութեան է եկել հաւաքների միջոցով, ամենաշատն է սահմանափակում հաւաքների սահմանադրական ազատութիւնը։ Նա նշեց, որ «նիւթապէս շահագրգռել» ձեւակերպումը որոշակի չէ, իսկ օրէնքում նորմատիվ իրաւական փոփոխութիւններ անելը պէտք է այնքան յստակ լինի, թէ ինչպիսի գործողութիւններն են իրաւաչափ։

«Հաւաքի կազմակերպիչը ողջամտօրէն պարտաւոր է կամ կարող է հոգալ հաւաքի մասնակիցների սննդի, կեցութեան, գուցէ նաեւ տեխնիկայի հարցերը։ Այժմ այդ ամէնը հաւասարեցւել է յանցագործութեան, սակայն վերը նշւածը որեւէ պարագայում չպէտք է նոյնիսկ դիտարկւէր որպէս իրաւախախտում, առաւել եւս` յանցագործութիւն։ Վենետիկի յանձնաժողովն արդէն իսկ արձանագրել է, որ օրէնքի անորոշութիւնն իշխանութիւններն օգտագործել են քաղաքական ընդդիմախօսներին, թէկուզ ժամանակաւոր, չէզոքացնելու միջոց»,- ասաց Գրիգորեանը։

Նա ասաց, որ անթոյլատրելի է զանգւածային անկարգութիւններ իրականացնելու նպատակով կամ նախընտրական քարոզարշաւի ժամանակ վճարովի հիմունքներով անձանց հաւաքի մասնակից դարձնելը, բայց նրանց ծախսերի փոխհատուցում իրականացնելը՝ ոչ։

Related Articles

Back to top button